ԲՈԼՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աղմկահարույց քրեական պատմությունները հատկապես վերջին շրջանում ուղեկցում են ՀՀԿ-ին: Մեկը մյուսի հետեւից իրադարձություններ են լինում, որոնք անվերջ ապացուցում են իրողությունը, որ մեր երկրում ՀՀԿ-ականներն ու նրանց հարազատներն իրենց դրսեւորում են այնպես, ինչպես ցանկանում են՝ հաշվի չնստելով հասարակական կարծիքի հետ: Կարկառուն ՀՀԿ-ականներ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների, Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի քրոջորդու, Նահապետ Գեւորգյանի որդու արարքներն այս անգամ չներվեցին նույնիսկ ոստիկանության կողմից: Օրինապահներն անմիջապես “գործի անցան” ու ձերբակալեցին հանցագործներին, ինչը, համաձայնեք, մեր երկրում ձեւավորված “ավանդույթների խախտում” է: Հայտնի է, որ մինչ այս բոլոր նմանատիպ իրադարձություններն ավարտվել են լավագույն դեպքում Գալուստ Սահակյանի հերքումներով եւ վերջ:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ի՞նչ պիտի անի ՀՀԿ-ն, որպեսզի քրեական պատմությունները չշարունակեն “հետապնդել” իրեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այստեղ կարեւորը քաղաքական ուժերը չեն, այլ հասարակական կարծիքն է: Այսօր տեսնում ենք, որ անպատժելիության եւ ամենաթողության մթնոլորտ չէ մեզ մոտ: “Ավանդույթների խախտում” է նկատվում, պատժվում են բոլորը: Չեմ ուզում տարանջատել քաղաքական ուժերին. այստեղ, կրկնում եմ, կարեւորը քաղաքացին է, եւ անկախ նրանից, թե նա ինչ ուժի է պատկանում, պատասխանատու է օրենքի առաջ: ՀՀԿ-ի հարցը չէ այստեղ. մարդիկ, որոնք ունեն դիրք, պաշտոն, մտածել են, թե անպատժելի են, հիմա այդպես չէ: Եթե ՀՀԿ-ականներ են նման քայլերի գնացել եւ պատժվում են, ապա սա ողջունելի է: Ի վերջո, բոլորն են պատասխանատու օրենքի առաջ:
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ԱԺ “Օրինաց երկիր” խմբակցության 
ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր հոդվածի մեջ դրական առումով նշե՛ք, որ ,ավանդույթները խախտվումե են: Նախ ասեմ, որ ՀՀԿ անդամը կամ, չգիտեմ, քրոջորդին կամ, ո՞նց ասեցիք, տղան կապված են քրեական գործերի հետ, եւ իմացե՛ք, որ Հանրապետականը վեր է կանգնել կուսակցական կամ քաղաքական հարցերից, եւ այդ դեպքերը, ինչպես տեսնում եք, չեն կոծկվում: Մենք փորձում ենք այս գլոբալ աշխարհում նոր որակի, նոր պահանջներին համապատասխան պետություն-երկիր կառուցել: Ես չեմ ուզում որեւէ մեկին արդարացնել, բայց որեւէ մեկը նման դեպքերից ապահովագրված չէ: Ընդամենը պետք է լինեն ավելի զգույշ, ավելի զգոն ու փորձեն քո հույզերն ավելի մեղմ կառավարել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես, տարբեր հանցագործությունների հետ կապված, ունեմ մի ցանկություն, որ դրանք բացահայտվեն՝ անկախ կուսակցության պատկանելությունից: Իսկ ինչ վերաբերում է այս կամ այն կուսակցության անհատների կողմից ուղղորդվող արարքներին, ապա յուրաքանչյուրը թող մտածի իր մասին: 
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս