Երգչուհի Նառան երկրպագուների համար նոր տեսահոլովակ է պատրաստում, որը խոստանում է ներկայացնել այս տարի: Նա հաճախ է շրջագայություններ ունենում սփյուռքում, եւ արտերկրի հայերի շրջանում մի ընդհանուր միտում է նկատել. նրանք, կարծես, պարտադրում են երգիչներին հանդես գալ ռաբիս ժանրում: Նառան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է շոու-բիզնեսյան անցուդարձին, իրեն նախանձողներին եւ այլ թեմաների:
-Նառա՛, Դուք այն երգչուհիներից եք, ով ամեն նոր երգ պարտադիր ներկայացնում է տեսահոլովակի տեսքով: Վերջին շրջանում, սակայն, Ձեր երկրպագուներին նոր գործ չեք մատուցում, ինչո՞ւ:
-Ժամանակի խնդիր է: Քանի որ համերգներով հյուրախաղերի մեկնեցի տարբեր երկրներ, նոր տեսահոլովակիս պատրաստությունն էլ ձգձգվեց: Այս տարի անպայման անակնկալ կմատուցեմ հանդիսատեսին:
-Դուք աշխատել եք Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում որպես մեներգչուհի: Գործելով այսօրվա հայկական շոու-բիզնեսի թելադրած կանոններով՝ պետք է որ շատ կարոտած լինեք կենդանի համերգները:
-Դրա պակասը միշտ եղել է Հայաստանում, այստեղ շոու-բիզնես, առհասարակ, գոյություն չունի, շատ քիչ համերգներ են կազմակերպվում: Իսկ խորհրդային տարիներին սովետական երկրների մեր շուկան մեծ էր, երգիչները հնարավորություն ունեին շրջագայելու մարզերով, անգամ գյուղերով, որոնք բարվոք վիճակում էին: Ի դեպ, այն ժամանակ գյուղերում կար «կլուբ» հասկացությունը: Հիմա այդ նույն գյուղերն անտեսվել են, մարդ չի մնացել, եւ այս բոլոր հանգամանքներն ուղղակի կապ ունեն Ձեր մատնանշած խնդրի հետ:
-Մեր էստրադայի, փոփի ներկայացուցիչները հաճախ սփյուռքի հանդիսատեսին գոհացնելու նպատակով փոխում են իրենց երգացանկը, ներկայանում են ռաբիս կատարումներով: Դուք, սակայն, կարծես այդ «պարտադրանքին» չեք ենթարկվել:
-Ես հաճախ եմ շփվում սփյուռքահայության հետ: Աշնանն, օրինակ, հյուրախաղերով Ֆրանսիայում էի, մարտին մեկնելու եմ ԱՄՆ, եւ մի ընդհանուր տենդենց եմ նկատել. այստեղի ու այնտեղի արժեքները տարբեր են: Մենք Հայաստանում ներկայացնում ենք, օրինակ, էստրադա, փոփ, իսկ սփյուռքահայերը, կարծես պարտադրող լինեն, ուզում են շուկա փոխել, չեն ուզում այսօրվա Հայաստանով ապրել. ահա, այս խնդիրն եմ տեսնում: Ու թեեւ սփյուռքում հանդես գալու դեպքում ես իմ երգացանկը չեմ փոխում, ամեն դեպքում զգում եմ, որ այնտեղի մարդկանց հետաքրքրում է 6/8-ը, կարծես այսօրվա պահանջներն ու պայմանները չեն ուզում ընդունել: Իսկ ես այն կարծիքին եմ, որ հենց արվեստագետը պետք է պահանջարկ ձեւավորի: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ սփյուռքի երիտասարդությունը նորը ընկալելու առումով շատ ավելի ճկուն է, քան հին սերունդը:
-Դուք «բիզնես-վումանի» հաջողված օրինակ եք, եւ, եթե հաշվի առնենք, որ երգարվեստի միջոցով Ձեր առջեւ փող աշխատելու խնդիր չեք դրել, գուցե բիզնեսի միջոցո՞վ եք լրացնում բացը:
-Կա տարածված կարծրատիպ, ըստ որի՝ փող վաստակողն ընտանիքում պետք է տղամարդը լինի, բայց պետք է գիտակցել, որ գումար վաստակելով՝ կինը չի դառնում տղամարդ… Երգարվեստի միջոցով, իսկապես, երբեւէ չեմ ձգտել փող աշխատել: Եթե ես իմ առջեւ այդպիսի նպատակ դնեի, չէի կարողանա հանդիսատեսին մատուցել այն,ինչ ինքս եմ ուզում:
-Նառա՛, Դուք ունեք ժպիտ, որն անպակաս է Ձեր դեմքից, գուցե այդ կերպ պաշտպանվո՞ւմ եք Ձեզ նախանձողներից, ովքեր, ի դեպ, քիչ չեն մեր շոու-բիզնեսում:
-Յուրաքանչյուր մարդ ունի իրեն նախանձողներ, սիրողներ եւ չսիրողներ, դրան պետք է կարողանալ սովորել, ես դա նորմալ եմ ընդունում, իսկ չարախոսներին վերաբերվում եմ հումորով: Առհասարակ, այսօր մարդկային հարաբերություններում միայն սերն է, որ չունենք… Երբեմն մենք ինքներս մեզ պարուրում ենք բացասական աուրայով, դառնում ենք մոխրագույն, այնինչ, պետք է ամեն վայրկյան կարողանալ հիանալ կյանքով:
-Շուտով երկրորդ թոռնիկը կունենաք, սակայն, տարիները Ձեր կողքով են անցնում, ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:
-Թեեւ զգում եմ, որ մեծացել եմ, տատիկ եմ դարձել, բայց չէ՞ որ կյանքն այստեղ չի ավարտվում: Ինձ համար էական է հոգու երիտասարդությունը, շատ կարեւոր է՝ հոգիդ տխուր է, թե՞ ուրախ: Ինքս անչախ ուրախ մարդ եմ, գոհ եմ այն ամենից, ինչին հասել եմ, երջանիկ եմ երեխաներիս, թոռանս համար, բայց, այնուամենայնիվ, ապրում եմ իմ կյանքով. իրենք ունեն իրենց կյանքը, ես էլ ունեմ իմ կյանքը…
ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԻՐ ԵՐԳԻ ՆՄԱՆ ՔՆՔՈՒՇ ՈՒ ԽՈՐՆ ԷՐ
«Իմ հասակը տարիների փորձ ունի, ամեն տարի իր պատմությունն ունի»,-երգում էր Ֆլորա Մարտիրոսյանը, ով տարիքի հետ միայն իմաստնացել էր՝ երբեք չկորցնելով կենսասիրությունը: Այդ մասին է վկայում կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը: Նա այն քչերից է, ով երգչուհու հետ շփվել է բոլորովին այլ, առավել մտերմիկ հարթության մեջ: «Ֆլորան ոչ միայն իմ ուսանողուհին էր, ով իր թավշյա ձայնով առաձնանում էր բոլորից, այլեւ իմ ընկերն էր, նա կարող էր իրեն թույլ տար, ինձ ասեր՝ տիպդ կտրի, տղամարդ-կին էր՝ լավ իմաստով, նաեւ գյումրեցուն բնորոշ յուրահատուկ հումոր ուներ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց կոմպոզիտորը:
Նա հիշում է նաեւ Ֆլորա Մարտիրոսյանի «թուլությունների» մասին. «Մի քիչ ծույլիկ էր, շատ էր սիրում քնել, բայց երբ արթնանում էր, կարող էր մեկ շաբաթվա մեջ մեկ տարվա աշխատանք կատարել»:
Կոմպոզիտորը նշեց մի հանգամանք, որի մասին այսօր քչերը գիտեն: Բանն այն է, որ Ֆլորա Մարտիրոսյանը հրաշալի Կոմիտաս էր երգում, կոմպոզիտորն անգամ պահել է այդ եզակի կոմիտասյան ձայնագրությունները եւ դրանք տիրաժավորելու ցանկություն ունի:
Երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը եւս մտերիմ է եղել երգչուհու հետ: Նա նկատում է՝ ամեն մարդ նման է իր երգին. Ֆլորան էլ իր երգի պես քնուշ էր ու նուրբ. «Նա կարող էր թվալ ինքնամփոփ եւ մելամաղձոտ, սակայն կյանքում ճիշտ հակառակն էր՝ մտերմիկ, հաղորդակցվող, հումորի բացառիկ զգացումով»,-մեզ հետ զրույցում նշեց Թ. Պողոսյանը:
Դե, իսկ Ֆլորա Մարտիրոսյանի երաժշտական տաղանդի մասին խոսելիս հարկ ենք համարում մեջբերել հայ ազգային երգի վարպետ Ռուբեն Մաթեւոսյանի խոսքերը. «Իր սերնդակիցների մեջ, իր ներկայացրած ժանրում նա ամենաներկայանալի եւ կայացած երգչուհին էր: Ֆլորան իր համար ստեղծել էր բարձրակետ եւ հասցրել էր հասնել դրան»,-ընդգծեց երգիչը:
«Չէի ասի, թե իմ բոլոր ծրագրերն իրականացել են, ու չգիտեմ՝ կլինի դա, թե ոչ»,- մի առիթով նշել է Ֆլորա Մարտիրոսյանը: Վստահորեն կարելի է ասել, որ հայ ժողովրդական երգն ապրեցնելու, իր փորձը երիտասարդներին փոխանցելու գործում Ֆլորա Մարտիրոսյանի ծրագրերն իրականացել են: Եվ պատահական չէ, որ օրերս ժողովրդական երգի երիտասարդ, բայց արդեն շատ սիրված ներկայացուցիչ Մավր Մկրտչյանն իր կատարմամբ «Դլե յաման» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նվիրել է հենց Ֆլորա Մարտիրոսյանին:
Հ.Գ. Փետրվարի 5-ին երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 58 տարեկան:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Հակամարտության գոտիներում բնակվող երիտասարդ երաժիշտներին աջակցություն ցուցաբերող «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի անդամներին չեն վախեցրել Ադրբեջանի հոխորտանքները: Երաժիշտները հաստատակամ են. փետրվարի 6-ին համերգով հանդես են գալու Ստեփանակերտում՝ անտեսելով Ադրբեջանի ԱԳՆ-ի արգելքները: Նախագծի հիմնադիր, սաքսաֆոնահար Վիտալի Վատուլյան «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ իրենց նախաձեռնությունը մարդկանց համար է եւ ընդհանրապես քաղաքական չէ: «Ամիսներ առաջ Ադրբեջանին ուղարկել էինք այնտեղ հանդես գալու առաջարկ. ցանկություն ունեինք Ադրբեջանի տարածքում անցկացնել մեր նախագիծը, սակայն մեր առաջարկը մնաց անպատասխան: Ադրբեջանի ԱԳՆ-ի նամակը շփոթմունք է առաջացնում. մենք չենք պատրաստվում ոչ մի բան քարոզել, ինչպես գրված է նամակում»,-նշել է Վատուլյան:
ՆՈՐ ՖԻԼՄ
«Ժաննա», այսպես է կոչվում ռեժիսոր Արա Երնջակյանի` պատմական հիմքի վրա նկարահանված նոր ֆիլմը, որն էկրաններին կհայտնվի փետրվարի 28-ին: Կամերային թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը ESem.am-ի հետ զրույցում նշել է, որ դա ֆրանսիական հայտնի «Ժաննա դ՚Արկ»-ի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմ է, որն ամբողջությամբ հայկականացվել է: Ֆիլմում քննարկվում են այսօրվա համար շատ արդիական հարցեր: Նկարահանման աշխատանքները տեւել են մոտ 1,5 ամիս: Դրանք ընթացել են թատրոնում ու քաղաքի մի շարք այլ վայրերում: Փորձ է արվել երկու դար առաջվա տեսարաններ ստանալ: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Անի Լուպեն, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանն ու Մխիթար Ավետիսյանը: Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի նաեւ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում:
ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼԸ ԴՈՐՆԱՆՆ Է
Ջեյմի Դորնանը, ով «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում խաղացել է Քրիստիան Գրեյի դերը, գլխավորել է Glamour ամսագրի ամենասեքսուալ տղամարդկանց թոփ 50 վարկանիշային աղյուսակը: Մարտին թողարկվող համարում կարելի է ծանոթանալ տարվա ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակին: Այն կազմվել է շուրջ 80 հազար ընթերցողների քվեարկության արդյունքում: Նշենք, որ ցուցակի երկրորդ հորիզոնականում դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն է, իսկ երրորդում՝ Թոմ Հիդլսթոնը: