«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հրավիրած ասուլիսին չներկայացավ: Նրան փոխարինեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով ասաց, թե ղեկավարի բացակայության պատճառը «Ժառանգության» ներկուսակցական քննարկումներն են: Փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կտա ասուլիս և կպատասխանի լրագրողների հարցերին:
Իսկ հարցին` արդյոք «Ժառանգությունը» հանդես կգա՞ համատեղ հայտարարությամբ, Ա. Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց:
Ապա Ա. Մարտիրոսյանը «Ժառանգության» անունից հայտարարություն արեց. «Երեկ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին վայել ելույթ չէր: Եռյակը քննարկում է անցկացնում: Քաղաքական պրոցեսներ են փոխվել, արագանում են, կարող է իշխանափոխությունն արագանա, կարող է ՀՀ-ի՝ Հյուսիսային Կորեացումն արագանա»: Հարցին՝ Եռյակը հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ քննարկումները ցույց կտան.
«Ելույթը գնահատում եմ որպես իրական միակուսակցական պետություն դառնալու քայլ: Այնուամենայնիվ, կարծում եմ այդ քննարկումները կլինեն: Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, որոնք ունեն ժողովրդի որոշակի վստահությունը»: Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ունի՞ այդ վստահությունը՝ նա պատասխանեց. «Ես ժողովրդավարության այբուբենը հարգող անձնավորություն եմ, այս մոտեցումն եմ միշտ ունեցել՝ կարևոր չէ` ով է, այլ կարևորը՝ ինչպես է: Այսինքն, ունի՞ ժողովրդի վստահության քվեն, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ում 35 տարին լրացել է, ով վերջին 10 տարում բնակվել է ՀՀ-ում, ՀՀ քաղաքացի է, ունի ժողովրդի մեծամասնության քվեն, նա կարող է լինել ՀՀ նախագահ: Այն անձը, որը կուսակցության ցուցակով մասնակցել է ԱԺ ընտրություններին, և իր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն որոշակի չափանիշներով, և այդ անձը ցուցակում անցողիկ տեղում է գտնվում, նրա 25 տարին լրացել է, 5 տարի ՀՀ քաղաքացի է, վերջին 5 տարում ՀՀ տարածքում է բնակվում, ուրեմն նա պետք է լինի ԱԺ պատգամավոր»:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգության» նկատմամբ էլ են ճնշումներ եղել, այդ գործիքակազմը վաղուց է կիրառվել:
Ավելի մանրամասն` տեսանյութում: