ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱ՞ՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին եւ 10-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանն ու Մարտուն Գրիգորյանը:

ԲՀԿ-ականները ՌԴ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունն ու նշել դրա արդյունավետությունը: ԲՀԿ-ականները հանդիպում են ունեցել նաեւ Վլադիմիր Ժիրինովսկու հետ, որին Գագիկ Ծառուկյանն ապրիլի 24-ին հրավիրել է Հայաստան: Հանդիպման վերջում Վ. Ժիրինովսին Գ. Ծառուկյանին հուշամեդալ է նվիրել:
Տեղեկացանք նաեւ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավորները խոսել են հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին: ՌԴ պատգամավորները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին իրենց շնորհակալությունն են հայտնել` նշելով, որ նա հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ կանխել է արյունահեղությունը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին:
-Պարո՛ն Գրիգորյան, Դուք տեղյակ էիք, որ Մոսկվայում ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներն անդրադառնալու էին նաեւ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Դա՞ էր պատճառը, որ Դուք եւս ընդգրկվել էիք ԲՀԿ պատվիրակության կազմում:
-Չէ՛, ես չէի կարող տեղյակ լինել, թե իրենք իրենց ելույթների ժամանակ ինչ են ասելու, կամ արդյո՞ք շնորհակալություն հայտնելու են, թե՞ ոչ: Ասեմ, որ ես այնտեղ հարց եմ բարձրացրել Գյումրիի դեպքերի հետ կապված ու ամբողջ հանդիպման ընթացքում նրանք, ովքեր որ ելույթներ են ունեցել առաջնահերթ ցավակցական խոսքեր են հղել Ավետիսյանների ընտանիքին՝ ողբերգական դեպքերի հետ կապված: Այնուհետեւ ես ընդհանուր հարցեր եմ ուղղել նաեւ Պետդումայի պատգամավորներին:
-Խնդրում եմ՝ կոնկրետ նշեք, թե ի՞նչ հարցեր եք ուղղել ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներին եւ ի՞նչ եք բարձրաձայնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի վերաբերյալ:
-Ռազմաբազայում տիրող իրավիճակի, այդ անկարգությունների մասին իրենք ի՞նչ են մտածում, ի՞նչ պետք է լինի… ու նաեւ ոճրագործին հանձնելու պահով է եղել իմ հարցը: Ես փորձել եմ հասկանալ, թե այդ հարցի վերաբերյալ իրենք ի՞նչ դիրքորոշում ունեն:
-Իսկ ինչպե՞ս արձագանքեցին Ձեր հարցերին, ինպիսի՞ն է նրանց դիրքորոշումը Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջի վերաբերյալ:
-Ասացին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի 102-րդ ռազմաբազայում կարգ ու կանոն լինի, բացի դրանից՝ ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ զինվորականների ուղարկելու հարցն էին իրենց մոտ քննարկում: Ոչ միայն Գյումրիում առկա ռազմաբազայի, այլ ընդհանրապես բոլոր ռազմաբազաներում պրոֆեսիոնալների առկայության հարցը քննարկվեց: Այլեւս ժամկետայիններին չեն բերելու ռազմաբազա, հիմնականում նման հարցերի ենք անդրադարձել, ու նման պատասխաններ են եղել:
-Բայց ինչպե՞ս են վերաբերում Վալերի Պերմյակովին Հայաստանի ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ հանձնելու հարցին, արդյո՞ք Պետդումայի անդամները եւս այն տեսակետին են, որ Վ. Պերմյակովը պետք է Հայաստանում դատվի իր կատարած հանցագործության համար:
-Ճիշտն ասած, իմ կարծիքով, այն ինչն ինձ համար նկատելի էր հանձնելու առումով, ես նման բան չտեսա, բայց իրենց վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու: Իրենք ասեցին, որ իրենց մոտ գնդակահարությունը կա, ու ինքն արժանի է այդ պատժին, բայց ուղղակի չի կիրառվում այդ պատիժն իրենց մոտ, սառեցված է: Նույնիսկ այսպիսի արտահայտություն եղավ, որ Եվրոպայի հետ հարաբերությունները վերջնականապես խզելու պարագայում կարող է նաեւ վերանայվի գնդակահարության հարցն, ու այդ սառեցումը դադարեցվի: Այդ պարագայում, բնականաբար, երեւի ոճրագործը կարժանանա այդ պատժին:
-Մոսկովյան այցը ի՞նչ տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցությանը, ինչո՞ւ էր ԲՀԿ-ն որոշել հանդիպել Պետդումայի ներկայացուցիչների հետ:
-Տեսել եք արդեն, որ շատ լավ հանդիպումներ ենք ունեցել, այն ինչքանը, որ պետք էր հանդիպումից ներկայացնել, արդեն ներկայացվել է հանրությանը, իսկ այն հանդիպումները, որոնք եղել են ու չեն բարձրաձայնվել, դրա կարիքը չկա, քանի որ դրանք արդեն հետագայում գործողությունների միջոցով ցույց կտրվի: Ստացված, հաջողված այց էր, շատ լավ հանդիպումներ են եղել, շատ բարձր մակարդակի ընդունելություն է եղել:

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԲԱՆԱՎՈՐ ԼԻՆԻ

Երեկ ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ հաստատվել է ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված պետական աջակցության միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, թե ծրագրի նպատակն է արտահանելի հատվածի ընդլայնմանը, մասնավորապես՝ արտահանման տեսականու եւ շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելը, տեղական արտադրանքի ներկայացվածությունն արտաքին շուկաներում խթանելն ու ՀՀ մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերն ու ներդրումային ակտիվությունը բարձրացնելը:

«Արտահանման քաղաքականության մեջ պետք է հատուկ ուշադրություն դարձնել դիվերսիֆիկացմանը: Այսինքն՝ նոր շուկաների ձեռք բերմանը»,-նշել է նախարարը՝ հավելելով, թե ծրագրին հատկացվելու է 601 մլն դրամ:
Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» որոշումը: Նախարարը նշել է, թե Կառավարությունից որակավորում ստանալու համար կարող են դիմել անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն եւ նախորդած հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարի վարել են որեւէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված աշխատանքներ կամ անցել են ՀՀ սնանկության մասին օրենքի համապատասխան հոդվածով սահմանված ստաժավորումը:
Հ. Աբրահամյանը նախարարին հարց է ուղղել. «Փաստորեն, մենք բանավոր թեստեր ենք ավելացնո՞ւմ»,-որին ի պատասխան՝ Մանուկյանը հայտարարել է, թե գրավոր թեստերի վերաբերյալ անհրաժեշտության դեպքում բանավոր հարցեր են տրվելու: «Եթե որակավորման հանձնաժողովի մոտ թեստավորվողի իմացության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում, այդ հարցադրումների հիման վրա եւս մեկ փուլ է նախատեսվում»,-ներկայացրել է Հ. Մանուկյանը: Սակայն ՀՀ վարչապետին այս պատասխանը չի բավարարել.«Ո՞նց կլինի տենց: Ուղիղ ասենք, որ բանավոր պիտի լինի մասնակցությունը: Ի՞նչ է նշանակում՝ գրավոր հարցերից հետո պետք է հարցեր տանք, եթե կասկածներ առաջանան, դա սուբյեկտիվ է: Միանգամից առաջարկում եմ գրեք ուղիղ, որ գրավորից բացի՝ բանավոր հարցազրույց անցնեն: Ի՞նչ եք տողատակում անում, նպատակն ի՞նչ է, ճիշտը դա է»: Աբրահամյանը հանձնարարել է լրացուցիչ քննարկել այդ հարցը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՋՐԻ ՀԱՏԱԿԸ
Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմինի, ապա նաեւ խորհրդի նիստից հետո, երբ իշխող կուսակցությունը որոշեց պատժել երբեմնի կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդին, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ որեւէ պատգամավորի հնարավոր չէր գտնել: Նրանք խորը ընդհատակում էին: Միայն կուսակցության խոսնակը հիվանդանոցից անձնական տեսակետ հայտնեց. «Հիտլերն էլ էր բավականին զարգացած, ինտելեկտով օժտված, կիրթ անձնավորություն, ով կոտորեց շուրջ 40 միլիոն մարդ երկրագնդի վրա: Իսկ մարդկանց կարեկցելու, ողորմած լինելու պատասխանատվություն ստանձնելու ու պատասխանատվություն կրելու համար անհրաժեշտ է սիրտ ու հոգի ունենալ»:
Այսօր ԲՀԿ-ն խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որտեղ նախատեսվում է, որ կընդունվի հայտարարություն՝ ի պատասխան ՀՀԿ-ի:

 
ՔԻՉ ՄՍԽԵՔ, ԿԲԱՎԱՐԱՐԻ
Պարզվում է՝ Գյումրու ավագանու՝ փետրվարի 6-ի նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես է եկել «սրտաճմլիկ» հայտարարությամբ: Նա նախ ներկայացրել է Գյումրիում առկա սոցիալ տնտեսական վիճակը. «Գյումրիում ներկայումս կա ավելի քան 3520 տնակ… ավելի քան 9 հազ. մեր համաքաղաքացի դեռեւս ապրում է անմարդկային պայմաններում… 88 վթարային շենք… փողոցների մոտ 70 տոկոսը քանդված կամ կիսաքանդ վիճակում է»: Գյումրու առջեւ ծառացած խնդիրները, անհրաժեշտ ֆինանսների հարցը լուծելու համար, ըստ Սամվել Բալասանանի, անհրաժեշտ է. «Մարզային ու քաղաքային իշխանությունների, ԱԺ պատգամավորների, ավագանու անդամների, քաղաքացիական սեկտորի, հայրենակցական միությունների, մտավորականության եվ սփյուռքի մեր հայրենակիցների համախմբված աշխատանքը»: Առաջին հայացքից, թվում է, Սամվել Բալասանյանի առաջարկը նորմալ եւ ընդունելի տարբերակ է: Սակայն բոլորին հայտնի է, որ Հայաստանում պետական միջոցների, այսինքն՝ հարկատուների փողերի մոտ 60 տոկոսը, ծախսվում է բարձրաստիճան պաշտոնյաների ճոխ կենցաղն ապահովելու համար: Բալասանյանի առաջարկը տեղին կլիներ, եթե ինքն ու կուսակից ընկերները ճգնավորի կյանքով ապրեին:

 

ՇԵՆՔԴ ՎԱՐՁՈՎ ԿՏԱ՞Ս
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 9 միլիոն 600 հազար դրամ կվճարի օլիգարխ Սամվել Մայրապետյանին: Վերջինս հայտնի է որպես «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի բիզնես-գործընկեր հիմնականում էլիտար բնակարաններ կառուցելու ոլորտում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերը նշված գումարի դիմաց ԱԳՆ-ն վարձակալել է Աբովյան 8 հասցեում գտնվող էլիտար շենքի 3-րդ հարկի 177 քառակուսի մետր մակերեսով տարածք: Նշված շենքը (Աբովյան եւ Պուշկին փողոցների խաչմերուկի նորակառույց բարձրահարկը), ըստ փաստաթղթերի, պատկանում է Սամվել Մայրապետյանին: Վարձակալված տարածքում տեղակայված կլինի ՀՀ-ում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:




Լրահոս