Լեռնային Ղարաբաղն ազատագրած ազատամարտիկների` մարտական մեդալները վերադարձնողների շարքը համալրվեց ևս մեկով: Երեկ իր 11 մարտական մեդալները վերադարձրեց պատերազմական թոհուբոհի միջով անցած ազատամարտիկ Պավել Մանուկյանը` իր այս քայլը պատճառաբանելով հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպով, ինչը, նրա խոսքով, իշխանությունների կողմից ծրագրված սադրանք էր: Ավելին, ազատամարտիկը ժամանակին իրեն տրված պարգևը մետաղ է անվանել:
«Տեղի ունեցածը հարված էր հայ ժողովրդին: Եթե նույն մետաղը, նույն պարգևը կարող է կրել նույն ազգի և´ ավազակը, և´ զինվորը, արդեն անհամատեղելի է»,- ասել է ազատամարտիկը:
Ավելորդ չենք համարում նշել, որ կռված զինվորի հոգեբանությունն ուսումնասիրող մասնագետները փաստում են, որ նրանց մոտ խիստ ընդգծված է պատվի ու արժանապատվության զգացումը: Իսկ կոչումները շնորհվում են ու կարող են հետ վերցվել, բայց իսկական զինվորականն ունի մի բան` արժանապատվություն, որը հնարավոր չէ խլել նրանից:
Ինչևէ, թարմացնելով շատերի հիշողությունը` փորձենք հասկանալ` ինչով է հայտնի ԼՂ ազատագրմանը մասնակցած Ապարանցի Պավլիկը
Դեռևս 2005 թվականի հունիսի 21-ին`ժամը 12:30-ի սահմաններում, «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծել էին: Պ. Մանուկյանը ջուր էր ուզել, ու նրան բաժակով ջուր էին տվել` մեջը թքած: Այդ ժամանակ ՀՅԴ-ն հանդես եկավ Պավլիկին սատարող հայտարարությամբ: Սակայն դրանից օրեր անց Պավլիկ Մանուկյանը հանդես էր եկել ՀՅԴ-ի հասցեին սուր քննադատությամբ:
Ինչո՞ւ եք դուրս եկել ՀՅԴ-ի դեմ. «Ժողովուրդ»-ի` այդ ժամանակ տված հարցին Մանուկյանը պատասխանել է. «Հայ հեղափոխական դաշնակցությունը լռեց այն ժամանակ, երբ իրենց վճարեցին, այսինքն`ՀՅԴ բյուրոն: Նրանց դրա համար առատորեն վարձատրեցին` ԱԳ նախարարի պորտֆել տվեցին ԼՂՀ-ում, ինչպես Գեորգի Պետրոսյանին, որն այժմ բյուրոյի անդամ է, և մեկ էլ քաղաքաշինության փոխնախարարի պորտֆելը ստացան: Եվ ամեն ինչ շրջվեց իմ դեմ: Իրենց գինն այդ էր»:
ՀՅԴ-ականներն էլ իրենց հերթին այդ ժամանակ հայտարարում էին, թե Պավել Մանուկյանը ծախվել է իշխանություններին, ու դա է պատճառը, որ քննադատում է իրենց: Այս առիթով ազատամարտիկը վստահեցրել էր` անգամ ԱՄՆ-ն այնքան գումար չունի, որ կարողանա գնել իրեն:
Աղմկահարույց դեպքի արտառոց մանրամասները
Այդ ժամանակ դեռևս ՀՅԴ-ական Պավլիկ Մանուկյանն ամենասուր քննադատության էր ենթարկել «Հայ հեղափոխական դաշնակցությանը»: Եվ սա այն դեպքում, երբ նույն Պավլիկին ՀՅԴ-ն բավականին «սուր» հայտարարությամբ պաշտպանեց 2005-ին, քանի որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծվել էր:
Մինչ նախարարին տեսնելը, գեներալ Սամվել Կարապետյանը հարվածել էր Պավլիկ Մանուկյանի ծնոտին ու փորին: Այնուհետև երկուսով՝ այսօրվա ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, մտել էին Սեյրան Օհանյանի աշխատասենյակ: Վերջինս բարևելուց անմիջապես հետո հարձակվել էր Պավլիկի վրա. «Ես քու դաշնակ ծնողը… Վիտո՞ եք պաշտպանում (խմբ. նկատի ունեին ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին): Կարծում եք` եթե հաղթեիք, հենց էնպես իշխանությո՞ւն էինք ձեզ տալու»: Վիրավորանքների տարափի տակ երկուսով՝ Ս. Օհանյանը և Ս. Կարապետյանը, սկսել էին ոտքով ու ձեռքով հարվածել Պավլիկին: Ու երբ վերջինս ջուր էր խնդրել, Վարդան Բալայանը նրան մի բաժակ ջուր էր բերել՝ մեջը թքած:
Այս պատմությունից հետո երկար ժամանակ Պավլիկ Մանուկյանը լռում էր,
մինչև Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը:
Ավելի ուշ Ապարանցի Պավլիկը ՀՅԴ բյուրոյին հայտարարել էր, որ հայտնվել են քաղաքական աղբամանում: Այդուհանդերձ, ազատամարտիկը վստահեցրել էր, որ ինքը մնում է հավերժ դաշնակցական: «Ժողովուրդ»-ի հարցին` նեղացա՞ծ եք, Պավել Մանուկյանը պատասխանել էր. «Հայրենիքից չեն նեղանում, ես ընդհանրապես նեղացկոտ չեմ, ես զայրացկոտ եմ: Զայրանում եմ, բայց հետո իմ մեջ ոչ մի քեն չի մնում»:
Ինչպե՞ս էր տարիներ առաջ Պավել Մանուկյանն արձագանքել ազատամարտիկների առաջ քաշած խնդիրներին
Վերը նշված ժամանակահատվածում մի շարք ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց էին անում` պահանջելով սոցիալական արտոնություններ և ապրուստի հնարավորություն: Այս առիթով Պավել Մանուկյանը հայտարարել էր. «Ի՞նչ է նշանակում` ուրեմն մենք սրա՞ համար էինք գնացել… Կարո՞ղ է՝ ինչ-որ թոշակ ստանալու համար էինք գնացել: Մենք ո՞ւմ կամ ինչի՞ համար էինք կռվում: Եթե իմ ժողովուրդը վատ է ապրում, ապա ես էլ կապրեմ այնպես, ինչպես իմ ժողովուրդը: Եթե ժողովուրդն արտագաղթում է, ես ո՞ւմ հերոսն եմ՝ գաղթակա՞ն, թե՞ բարոյալքված ժողովրդի»:
Ապարանցի Պավլիկի` քննադատությունների արժանացած հայտարարությունները
Տարիներ առաջ Ասկերանում ելույթ ունենալով՝ Պ. Մանուկյանն ասել է. «Լինել զինվորական և չլինել խիստ` նշանակում է լինել այսօրվա զինվորականների պես և բանակը ենթարկել առք ու վաճառքի: Բալասանյան Վիտոն, համայն հայության համար՝ գեներալ Բալասանյանը, եղել է անաչառ. նրա համար չի եղել, այսպես կոչված, «ախպերություն»: Այսօր ախպերությունը քանդեց մեր բանակը: Ախպերությունը «վերևն ա», դրա համար էլ, սնկի պես, եթե տարին անձրևոտ ա լինում, աճում են գեներալներ: Եթե կա մի հերոս, որին կարելի է ասել՝ կրկնակի հերոս, դա Բալասանյան Վիտալիկն է»: Մեկ ուրիշ տեղ նաև ասել է. «Կառավարության և բանակի հրամանատարության տեղը Շուշվա բերդն ա», «այսօր բանակը ոչխարներ են ղեկավարում, բայց պետք է ղեկավարեն առյուծներ` ի դեմս Բալասանյանի»:
Այս խոսքերից հետո մամուլում սկսեցին ավելի քչփորել, քննարկման առարկա դարձնել Պ. Մանուկյանին կոչումից զրկելը, ոգելից խմիչք օգտագործելը: Իսկ այս օրերին Պավել Մանուկյանը հանդես է գալիս որպես «ընդդիմություն» և փորձում է պաշտպանել իր հետ կռվածների ոտնահարված իրավունքները: Ազատամարտիկի քայլը, ինչ խոսք, ողջունելի և գովելի է, սակայն ամեն բան ավելի է խճճվում` ի վերջո քաղաքական ի՞նչ կողմնորոշում ունի Ապարանցի Պավլիկը, և ո՞ր «թևին» է նա պատկանում:
Հ.Գ. Բերձորյան դեպքից անցել է ավելի քան 3 շաբաթ: Պավել Մանուկյանն ու մի քանի այլ ազատամարտիկներ այսօր միայն որոշեցին անդրադառնալ դեպքին և ինչ-որ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը, որն, անկասկած, ոտնահարել է հայրենիքի համար մարտնչած ազատամարտիկների իրավունքները: Որքանով է սա սրտացավության դրսևորման ձև, և ինչու է ազատամարտիկն իր համար ավանդույթ դարձրել ընկերների հետ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանել այն ժամանակ, երբ մեծ հաշվով ամեն բան ընկել է իր տեղը, թերևս գիտի միայն ինքը` Պավել Մանուկյանը: Եվ թե´ հիմա, թե´ 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ որևէ մեկին պետք է ձեռնտու չլիներ այդ տգեղ «ռազբորկան», թե պատերազմում ով որքան արյուն է թափել, ով որքան է կռվել: Կռված տղաների պայքարը չպետք է կշեռքի նժարին դնել: Ե´վ այն ժամանակ, և´ այսօր քաղաքական խաղերի մեջ են ներքաշվում Ղարաբաղյան պատերազմի տղաները, իսկ սա միանշանակ անընդունելի է:
Տաթև Հարությունյան