Հայաստանում խնդրահարույց բանկ չկա. Վարդան Աթայան. 168.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

168.am-ի զրուցակիցն է «Յունիբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահ Վարդան Աթայանը:  

– Պարոն Աթայան, ի՞նչ է կատարվում բանկային համակարգում, դեկտեմբերի խուճապից հետո իրավիճակն ու բանկերի կապիտալը 5 մլրդ-ից 30 մլրդ դարձնելու ԿԲ-ի որոշումն ինչպե՞ս եք գնահատում:

– Անցած տարեվերջին, երբ դոլարի փոխարժեքը սկսեց բարձրանալ, բնակչության մոտ իրոք խուճապային տրամադրություն էր, և դա իր ազդեցությունն ունեցավ բանկային համակարգի վրա:  Մենք ունեցանք լարված շրջան, ինչը հիմնականում պայմանավորված էր արտերկրից եկող բացասական ազդակներով, հիմնականում` Ռուսաստանից:  Նկատվեց ավանդների՝ դրամից դոլարի փոփոխման գործընթաց, եղան նաև խզման դեպքեր, բայց ընդհանուր առմամբ մենք մեկ անգամ ևս փաստեցինք բնակչության կողմից բանկերի հանդեպ եղած բարձր վստահությունը:

Իրավիճակի կայունացման գործում իր մեծ դերն ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությունը և նաև` բանկային համակարգի  համերաշխ աշխատանքը. անտեսելով մրցակցությունը՝ բանկերն աջակցեցին միմյանց՝ շուկան հնարավորինս կարճ ժամկետներում հանգստացնելու նպատակով: Այսօր մենք արդեն ունենք կայունացած շուկա և արձանագրում ենք ավանդների ծավալների աճ:

Միայն «Յունիբանկում» այս տարվա երկու ամսում իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են գրեթե 7 մլրդ դրամ: Սա մի փուլ էր, որն ապացուցեց Հայաստանի բանկային համակարգի կայացածությունն ու կայունությունը, քանի որ մենք ավելի արդյունավետ դիմակայեցինք այդ շրջանին, քան թե, օրինակ, մեր հարևան երկրները: Այսինքն՝ Հայաստանն ունի միջազգային ֆինանսական  նոր կենտրոնի վերածվելու անհրաժեշտ ներուժը: Եվ բանկերի կապիտալը 30 մլրդ դրամ բարձրացնելու որոշումն էլ տեղավորվում է այս քաղաքականության մեջ:

– Բայց չէ՞ որ ոչ բոլոր բանկերը կարող են ավելացնել կապիտալը: Ի՞նչ տեղի կունենա փոքրերի հետ, կփակվե՞ն, կմիավորվե՞ն…  

– Ոչ, փակվելու վտանգ չկա: Ընդհանրապես Հայաստանում խնդրահարույց  բանկ չկա: Կապիտալը կարելի է բարձրացնել մի քանի ուղիով, նախ՝ բաժնետիրոջ կողմից ուղղակի ներդրում անելով: Կարող են լինել բանկերի միաձուլումներ, միավորումներ: «Յունիբանկի» դեպքում կապիտալն արդեն մոտ  22 մլրդ դրամ է, երկու տարում մենք այն կհասցնենք սահմանված չափի: Ամեն դեպքում, սա զարգացում է և առաջին հերթին՝ ուղղված է  առավել հզոր և մրցունակ բանկային համակարգ ունենալուն: Կարծում եմ՝ սա կնպաստի նաև լրացուցիչ ֆինանսական հոսքերը դեպի Հայաստան ուղղորդելուն:

Նայեք, մենք ունենք և´ մեծ սփյուռք, և´ շատ հայրենակիցներ, որոնք աշխատում են այնպիսի երկրներում, որտեղ բանկային համակարգերը շատ ավելի թույլ են, քան մերը: Այնպես որ, կարելի է կանխատեսել ներդրումներ դեպի Հայաստան: Փաստ է, որ մեր բանկային համակարգը վերահսկողության շատ ավելի բարձր չափանիշեր ունի, քան տարածաշրջանի այլ համակարգերը: Ի վերջո, զարգացումը նոր պահանջներ է առաջ բերում: Բանկերը պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր ստանդարտներին, մրցակցությանը դիմակայելու համար բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը: Իսկ դրա համար զգալի ներդրումներ են անհրաժեշտ:

«Յունիբանկն»  այս տարվա համար միայն ՏՏ ոլորտում նախատեսել է 300 մլն դրամի ներդրում: Ձեռք ենք բերելու նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության ամենաբարձր՝ TIER3 միջազգային ստանդարտին: Մենք առաջիններից Հայաստանում գործարկեցինք սպառողական վարկային հայտերի ուսումնասիրման, հաստատման և վերլուծության ավտոմատացված համակարգը: «Յունիբանկի» «վարկային կոնվեերը» մշակվել է «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության կողմից և հիմնված է Salesforce ամպային CRM-համակարգի վրա: Դրանով իսկ սպառողական վարկի հաստատման ժամանակ մենք բացառեցինք մարդկային գործոնը ու հնարավորություն ստացանք հայտի վերաբերյալ պատասխանը հաճախորդին հայտնել 1 րոպեում: Ի դեպ, ամանորի նախաշեմին բանկ հրավիրեցինք և շնորհավորեցինք 2014թ.-ի 100-հազարերորդ սպառողական վարկ ստացողին: Տարվա «հոբելյանական» վարկը տրամադրել էինք հենց այդ «վարկային կոնվեերի» միջոցով:

– Եթե բանկային համակարգն այդքան կայուն է, ինչո՞ւ այս ընթացքում դադարեցվեց վարկերի տրամադրումը:  

– Վարկավորումը չի էլ դադարեցվել: Անգամ 2014թ.-ի  դեկտեմբերին մենք շարունակել ենք ապրանքների ապառիկ ձեռքբերման վարկավորումը` առանց տոկոսադրույքների բարձրացման: Այս տարվա հունվար-փետրվարին արդեն տրամադրել ենք  4 մլրդ-ից ավելի վարկեր:  Որոշակիորեն խստացվել են բիզնես վարկերի պայմանները` կապված ՓՄՁ-ների մոտ վաճառքների ծավալների նվազման հետ: Այդ առումով բանկը միշտ գնում է իր հաճախորդին ընդառաջ և, ելնելով բիզնես առանձնահատկություններից, անհրաժեշտության դեպքում, առաջարկում է վարկերի վերակառուցում:

– Պարոն Աթայան, Բանկերի միության նախագահն էր ասել, որ վարկային տոկոսադրույքներն ապագայում կբարձրանան, հետևաբար՝ բիզնեսի համար ավելի անմատչելի կլինեն վարկերը, և հետևաբար՝ գործարարության զարգացումը չի խթանվի: Մինչդեռ ԿԲ-ն ասում էր, որ բանկերի կապիտալն ավելացնելով՝ կխթանվի նաև գործարարությունը: Այս հակասությունը կպարզաբանե՞ք:

– Հնարավոր է բիզնեսի համար վարկերի պայմանների որոշակի խստացում, այդ թվում` տոկոսադրույքների ժամանակավոր աճ: Ինչպես գիտեք, պարտադիր պահուստավորման նորմատիվը, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, նախկին 12%-ից դարձել էր 24%, ներկայումս իջեցվել է 20%-ի: Սակայն, կապիտալի համալրումն իր դրական ազդեցությունը պետք է ունենա: Այդ գումարն ուղղվելու է վարկավորմանը և նպաստելու է տոկոսադրույքների նվազեցմանը:

Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատելու է  անհատական ֆինանսական մենեջերը:  Որպես տնտեսության լավ խթան` ես կնշեի անշարժ գույքի շուկայի աշխուժացումը: Այդ ուղղությամբ կառավարությունը կարևոր քայլն արել է: Աշխատողների եկամտահարկը կարող է փոխանցվել հիպոթեքային վարկերի տոկոսների մարմանը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս