“Կարգին սերիալ”-ին հետեւողները հաստատ նկատել էին, որ տեւական ժամանակ է՝ սերիալից բացակայում է Սոֆայի կերպարը մարմնավորող ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ: “Ժողովուրդ” օրաթերթը փորձեց կապ հաստատել Հասմիկի հետ, բայց քանի որ նրա հեռախոսահամարը չէր պատասխանում, մտերիմներից մեկից տեղեկացանք, որ Հասմիկը Միացյալ Նահանգներում է, եւ պարզ չէ, թե երբ կվերադառնա: Ամիսներ անց Հասմիկը վերադարձավ, մենք էլ հանդիպեցինք նրա հետ ու հղեցինք մեզ հուզող բոլոր հարցերը:
-Ո՞ւր էիք այսքան ժամանակ:
-5 ամիս երկրում չէի, ԱՄՆ-ում էի, ուղղակի գնացել էի լիցքաթափվելու ու հանգստանալու նպատակով:
-Թե՞ աշխատանքի, քանի որ լուրեր էին պտտվում, որ այնտեղ սերիալում եք նկարահանվելու:
-Ես աշխատելու նպատակով չէի մեկնել: Իսկ ,Մեղավորներըե ֆիլմում ընդամենը մի կադրում եմ նկարահանվել, այն էլ միայն հաճույքիս համար:
-Իսկ ո՞ւմ մոտ էիք հանգրվանել:
-Ընկերներիս:
-Առաջին անգա՞մ էիք այնտեղ: Ի՞նչ տպավորություններով վերադարձաք:
-Ամերիկան ինձ համար նորություն չէր, նախկինում էլի էի եղել: Տպավորություններս էլ ե՛ւ լավն էին, ե՛ւ վատը: Ուղղակի ես այդ երկիրը շատ եմ սիրում:
-Երբեւէ մտածե՞լ եք այնտեղ ապրելու մասին:
-Մտածել եմ, բայց դեռ էստեղ եմ: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, անգամ մեկ-մեկ կարոտից լաց էի լինում: Կգնամ միայն այն դեպքում, երբ ամերիկյան շոու բիզնեսում անելիք ունենամ: Իսկ եթե հայկական շուկայում պետք է աշխատեմ, չեմ գնա, որովհետեւ նույն բանն էլ էստեղ եմ անում: Ես անիմաստ եմ համարում, երբ երկիրը թողնում գնում են, բայց նույն գործը էնտեղ են անում: Ի դեպ, ստացա նաեւ քասթինգի մասնակցելու հրավեր, սակայն չունեի աշխատանքի իրավունք, դրա համար էլ չմասնակցեցի:
-Ո՞ր քաղաքում եք եղել:
-Լոս Անջելեսում: Բայց էնպես չէր, որ ամբողջ օրը հյուր էի գնում: Շատ ծանոթներ ունեմ այնտեղ, որոնց նույնիսկ չտեսա, չէի ուզում աղմուկ հանել, որ այնտեղ եմ: Էնտեղ ամեն մեկն իր կյանքով է ապրում, ուրիշ են, տարբերվում են էստեղ ապրող հայերից: Էնտեղ խնդիրները շատ են, մտածում են տան վարձ տալու մասին, այլ հարկերի, ու եթե մի օր չաշխատես, կարող ես փողոցում հայտնվել:
-Հայերը դադարե՞լ են հյուրընկալ լինելուց:
-Եթե իմանում են՝ հյուր ես, մի ուրիշ ձեւ են ընդունում, բայց երբ խոսք ես գցում, որ պատրաստվում ես մնալ, բոլորը կորում են միանգամից: Հնարավոր է՝ ես էլ այնտեղ ապրեի, ամբողջ օրն իմ խնդիրներով տարված լինեի, նրանց պես մտածեի: Երկիրն է դարձնում մարդկանց այդպիսին: Չես կարող, ոտքդ ոտքիդ գցած, նստել տանն ու 1 ամիս չաշխատել: Այնտեղ ոչինչ քոնը չէ, ամեն ինչ վարձով է:
Տուրիստի աչքերով ԱՄՆ-ը լրիվ ուրիշ երկիր է, իսկ երբ մի քիչ երկար ես մնում, լրիվ ուրիշ է դառնում, սկսում ես դժվարությունները տեսնել: Այնտեղ շատ դժվար է ինչ-որ բան ստեղծելը, բայց կա մի բան, որ ինձ շատ է դուր գալիս` օրենքը. այն գործում է միանշանակ ու բոլորի համար հավասար, մարդու իրավունքներն էլ հնարավորինս պաշտպանված են: Եթե աշխատասեր ես, ապա նորմալ վաստակում ու վայելում ես կյանքը, իսկ եթե թամբալ ես, ուղղակի դրսում կհայտնվես ու վերջ:
-Հայ դերասանները կարողանո՞ւմ են այնտեղ իրենց գործով ապրել:
-Եթե խոսքը սերիալում նկարահանվող դերասանների մասին է, ապա նրանք ավելի քիչ գումար են ստանում, քան էստեղի դերասանները: Ես ինչքան որ այստեղ ստանում եմ, ավելի շատ է, քան նրանցը: Չնայած ես էստեղ համարվում եմ բարձր վարձատրվող դերասանուհի: Ոչ մի հայ դերասան, որ էնտեղ սերիալում է նկարահանվում, չի կարող այդ աշխատավարձով տուն պահել: Նրանք բոլորն էլ ունեն կողքից ստաբիլ գործ: Հեռվից երեւի այլ տպավորություն է, բայց հայկական բիզնեսում գումար չես կարող աշխատել: Պետք է ամերիկացիների հետ աշխատես, որ նորմալ գումար վաստակես: Հայը ամեն տեղ հայ է մնում, նույնիսկ էնտեղ է պատահում, որ աշխատավարձն ուշացնեն, չտան, “քցեն”: Մի կատակ էին անում. “Եթե Ամերիկայում քեզ մեկը գցում ա, իմացի՝ հայ ա”: Ոչ մի այլազգի չի փորձի քեզ գումարայինով խաբել: Նրանց մոտ կտրուկ օրենք է, որին բոլորը ենթարկվում են:
-Բայց անհերքելի է, որ դրսում հնարավորություններն ավելի մեծ են:
-Հնարավորություն է տրվում այն մարդկանց, որոնք ունեն տաղանդ, այն էլ պետք է աչք ծակող տաղանդ լինի, ոչ միջին կարգի: Եթե ունես տաղանդ ու աշխատասիրություն, քո առաջ դռները բացվում են: Էնտեղ չկա ծանոթ, բարեկամ, եթե ունես տաղանդ, շատ բաների կհասնես, ինչը չես ասի էստեղի համար. առանց միջնորդության շատ բարդ է ինքնուրույն առաջ գնալը:
Սակայն էնտեղ էլ այլ բան կա. եթե, օրինակ, մասնակցես քասթինգի, քո ու մեկ ուրիշի հնարավորությունները հավասար լինեն, նախապատվությունը կտան նրան, ով ազգությամբ հրեա է:
-Փաստորեն, ազգային խտրականությո՞ւն են դնում:
-Բացարձակ ռասսիզմ չկա, ուղղակի ինչքանով որ հասցրել եմ հասկանալ, հրեաներին տեղ տալիս են: Նկատել եմ նաեւ, որ սեւերն այնտեղ ավելի լավն են, քան մեքսիկները: Մեքսիկները ագրեսիվ են, ճապոնացիներն ու չինացիներն էլ վատը չեն, բայց մի քիչ հեռու են մնում այլազգիներից:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ