Գագիկ Բեգլարյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 10-ին հանդիպեց Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին:

Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց ԱՄՆ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության ընթացքում:

Ռիչարդ Միլսը նշեց, որ 25 տարի աշխատել է ԱՄՆ պետքարտուղարությունում և այդ ընթացքում հետևել է Հայաստանի զարգացման գործընթացներին: Շատ ուրախ է, որ, մասնավորապես, կապի և հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանը վերջին տարիներին լուրջ ձեռքբերումներ ունի.

«Վստահ եմ, որ այդ ոլորտում ձեր երկրի մասնագետները դեռ շատ հաջողությունների կհասնեն, ինչը շատ կարևոր է»,- նշեց նա:

Գագիկ Բեգլարյանն իր հերթին ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում առաջնային տեղ է գրավում, և մեծ է պետության ներդրումն այդ գործում.

«Այս ոլորտում պատահական չեն մեր գրանցած ձեռքբերումները, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է կառավարության անմիջական ուշադրության ներքո: Ունենք երիտասարդ հայ մասնագետներ, ովքեր հրաշալի կերպով կարողանում են մրցել ՏՏ ոլորտում առաջնային դիրք գրավող երկրների մասնագետների հետ»:

Կողմերը կարծիքներ փոխանակեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքների ընթացքի, «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին ԱՄՆ դեսպանը շնորհակալություն հայտնեց Գագիկ Բեգլարյանին ջերմ ընդունելության համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս