ԻՆՉՊԵՍ Է ԱՊԱՀՈՎՎԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7 տարի առաջ՝ փետրվարի 19-ին, տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը «հաղթանակ» տարավ: Թեեւ միջազգային հանրությունն անմիջապես հայտարարեց, որ ընտրություններում արձանագրված խախտումները չեն ազդել ընդհանուր ելքի վրա, միեւնույնն է, հայ հասարակության համար դա ուղենշային չեղավ: Ոչ միայն ժողովուրդը, այլեւ օտար դիվանագետներն ու տարատեսակ ներկայացուցիչներն էին լավ հասկանում, որ իշխանության թեկնածուի հաղթանակն ամենեւին էլ ազատ ընտրությունների միջոցով չէ, որ տեղ էր ունեցել: Այդպիսի փաստագրումներից մեկն էլ «Վիկիլիքսի» կողմից հրապարակված զեկուցագիրն է, որը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Վերջինս քննարկում է ընտրությունների ընթացքը՝ կենտրոնանալով վերահաշվարկի գործընթացի վրա, ինչը ընտրությունների կեղծված լինելու առհավատչյան էր:

Այսպես՝ ամերիկացի դիվանագետը տեղեկացնում է, որ ընտրությունների բողոքարկումից հետո նշանակված վերահաշվարկը ընդամենը մի քանի տեղամասերում չփոխեց ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական արդյունքների ընդհանուր պատկերը: Դրանով հանդերձ՝ Փենինգտոնը ուշադրություն է հրավիրում վերահաշվարկի գործընթացի վրա, որը զուգակցվել էր հակասություններով ու բռնություններով, ինչն էլ չի կարող լուրջ ազդեցություն չունենալ թերահավատ հայության վրա, թե իբր ընտրություններն անցել են արդար, եւ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլով:
Հեղինակը նկատում է, որ պաշտոնական տվյալներով անգամ մի շարք տեղամասերում կատարված վերահաշվարկի տվյալներով՝ ձայների գերակշիռ անկում ունեցել է հենց Սերժ Սարգսյանը: Դիվանագետը փաստում է, որ քվեարկության պատկերի շեշտակի փոփոխություն է արձանագրվել երկու տեղամասերում, որտեղ Սերժ Սարգսյանը կորցրել է մոտավորապես 500 ձայն: Ուշագրավ է, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն անձամբ է դիտարկումներ անցկացրել ընտրատեղամասերում, սակայն Դավիթաշենում տեղակայված 5-րդ տեղամասում նա ականատես է եղել իր իսկ բնորոշմամբ՝ քաոսային տեսարանների: Ըստ հեղինակի՝ ի սկզբանե ակնհայտ էր, որ տեղամասային հանձնաժողովի անդամները հակված չէին վերահաշվարկ անցկացնելու: Ձգձգելու մի շարք փորձերից հետո թեժ բանավեճ էր սկսվել հաշվարկ անել ցանկացողների ու դրան ընդդիմացողների միջեւ: Քանի որ հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, թե հիվանդ է ու լքել էր տեղամասը, նրա տեղակալը հրաժարվում էր բացել քվեատուփը: Հետաքրքիր է, որ 2 ժամ տեւած վեճերից հետո ամերիկյան կողմը հեռախոսային հաղորդագրությամբ խնդրել է այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այնժամ Սերժ Սարգսյանի խորհրդական Լեւոն Մարտիրոսյանին միջամտել ու հանգուցալուծել փակուղային իրավիճակը:
Դիվանագետը հայտնում է, որ այդ դրության պայմաններում «Ժառանգության» ներակայացուցիչը հանկարծակիորեն բացել է քվեատուփը եւ դուրս հանելով Սերժ Սարգսյանի օգտին արձանագրված քվեաթերթիկների տրցակը՝ ամենավերեւում հայտնաբերել Տեր-Պետրոսյանի օգտին արված քվեարկությունը: Հաշվարկ կատարել չցանկացողներն անմիջապես հափշակել են տրցակը եւ կանխել վերահաշվարկի սկսումը: Ամերիկացին հայտնում է, որ մեկ ժամ անց մի քանի սեւ գույնի ջիպ տեսակի մեքենաներ են մոտեցել տեղամասին: Կաշվե բաճկոններով ավելի քան 20 հաղթանդամ երիտասարդներ, դուրս ցատկելով մեքենաներից, հապճեպորեն ներխուժել են շենք, իսկ տեղում կարգուկանոն պահպանող ոստիկանը ոչ մի կերպ չի միջամտել: Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ու Լեւոն Մարտիրոսյանը եւս եկել են տեղամաս: Մթնոլորտի թեժանալու հետ ամերիկացի դիվանգետը շտապ լքել է տարածքը, ինչից հետո հեռախոսով տեղեկացել, որ «բանդիտներն ուղղակի ֆիզիկապես տեղամասից դուրս են նետել ընդդիմադիր անդամներին» եւ իրենց վերահսկողությունը հաստատել քվեատուփերի վրա: Արդյունքում՝ նորմալ վերահաշվարկ տեղի չի ունեցել, թեեւ հանձնաժողովի անդամները հակառակն են պնդել:
Մեկնաբանելով անմիջականորեն իր մասնկացությամբ տեղի ունեցած հանցագործությունը՝ Փենինգտոնը համոզված է, որ վերոնշյալ տեղամասի օրինակը հաշվի առնելով՝ անհնար կլինի համոզել հայությանը, որ իրենց ձայները արդարաբար են հաշվել: Հեղինակը համոզված չէ՝ արդյո՞ք տեղի ունեցածի հրահանգը տրվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, սակայն վստահ է, որ Սարգսյանի թիմը բավարար քայլեր չի ձեռնարկել՝ բռնությունները կանխելու համար: Դիվանագետն իշխանությունների խնդիրն է համարում այն, որ վերահաշվարկի ժամանակ ծագած բարդությունները միայն ու միայն ավելի են ամրապնդում բազում ընտրողների համոզվածությունն առ այն, որ ամեն միջոց ձեռք է առնվել իշխանության հաղթանակը ապահովելու ու երկրորդ փուլից խուսափելու համար: «Գործընթացների հանդեպ հիմնարար անվստահությունն է, որ մարդկանց պահում է փողոցներում ու մեծացնում բախման վտանգը»,- նշել է դիվանագետը:
Ամփոփելով Փենինգտոնի զեկուցագիրը՝ հարկ է նկատել, որ դեպքերի վերոնշյալ նկարագրությունը միայն մեկ մասնիկն է այն բոլոր ապօրինությունների ու զեղծարարությունների, որոնք տեղի էին ունեցել քվեարկության ու դրան հաջորդած մի քանի օրերին: Սերժ Սարգսյանի հանդեպ լավագույնս տրամադրված լինելով հանդերձ՝ ամերիկացիներն անգամ անկարող են եղել թաքցնել իրականությունը, երբ սեփական աչքով են տեսել հայկական, «ավանդական» դարձած ընտրությունների ընթացքը: Ինչպե՞ս է պետք անվանել այն խմբակին, որը Սահմանադրությունն ու օրենքները ոտնահարելով՝ տիրացել է պետական իշխանությանն ու այսօր խոսում է հասարակական հարաբերությունների սահմանադրականացման մասին, իսկ «թայֆայականությամբ ու ապօրինություններով» կեղծելով ընտրությունները՝ այսօր ուրիշին մեղադրում է իր իսկ հովանավորած հանցանքներում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

Մարտի 5-ին «Քաղաքաշինության ռազմավարությունը պատմական քաղաքներում» ծրագրի շրջանակներում Գյումրի էին այցելել ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ «Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության» ներկայացուցիչ Մաթիաս Ռիփփը: Վերջիններս հանդիպեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ քննարկելու Գյումրու տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ իրենց առավել հետաքրքրող՝ մշակութային խնդիրները:

Նշենք, որ Գյումրին 238 քաղաքների հետ ընդգրկված է «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» միջազգային ոչ պետական կազմակերպության մեջ, որն ստեղծվել է 1993թ. սեպտեմբերի 8-ին եւ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Փոխնախարարը ՀՀ մշակույթի նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց՝ աջակցելու Գյումրի քաղաքին, որպեսզի վերականգնվեն հանրապետության երկրորդ քաղաքի պատմամշակութային մի շարք արժեքներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց. «Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաք է, շենքեր կան, որոնք դարերի պատմություն ունեն: Ես անհրաժեշտություն եմ տեսնում Գյումրիում զարգացնելու տուրիզմը, որպեսզի զբոսաշրջիկին գոնե մեկ կամ երկու գիշեր կարողանանք մեզ մոտ պահել»: Մաթիաս Ռիփփը, ընդգծելով, որ լիովին համաձայն է քաղաքապետի հետ, նշեց, որ իրենց ծրագրի շրջանակներում առաջիկայում հնարավոր է իրականացնել գոնե փոքր նախագծեր, որոնք քաղաքում կխթանեն տուրիզմի զարգացումը:
Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվեց Գյումրու պատմամշակութային հուշարձան համարվող շինությունների վերականգման նախագծերի փաթեթների մշակման հարցը: Ներկաների կարծիքով դա հատկապես կարեւոր է նրանով, որ նախագծերի առկայության դեպքում գուցե կգտնվեն անհատ ձեռներեցներ, ովքեր ցանկություն կհայտնեն վերականգնել քաղաքի մշակութային արժեքները:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 

 

 
ԲՀԿ-Ն ԼՔՈՂՆԵՐՆ ՈՒ ՉԼՔՈՂՆԵՐԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Ժիրայր Մելիքսեթյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը դուրս չի եկել կուսակցությունից եւ շարունակում է ղեկավարել այդ կառույցը: Իսկ, ահա, ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար Զարինե Ղազինյանից տեղեկացանք,որ նա դուրս է եկել այդ կուսակցությունից, բացի այդ՝ Նոյեմբերյանի կազմակերպության մի շարք անդամներ եւս պատրաստվում են լքել ԲՀԿ-ն:

 

ԿՅԱՆՔԻ-ՄԱՀՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը երթեւեկի համար ներկայումս բաց է: Այն պարբերաբար փակվում է սահմանագծում լարվածության, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա ադրբեջանական հենակետերից կատարվող գնդակոծությունների պատճառով: Սակայն հիմա էլ՝ հիմնական ճանապարհի բացվելուց հետո, երթեւեկն առավելապես կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով: Շրջանցիկ, 6.3 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհը կառուցվել է 2006-2007 թվականներին, պետական բյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ:
Դժվարամատչելի տեղանքով ձգվող ճանապարհը շահագործման հանձնվելուց հետո մի քանի տարի անգործության էր մատնվել, քանի որ սողանքի պատճառով 2 ոլորանում ճանապարհը քանդվել էր: Այն պետական միջոցներով նորոգվեց: Ներկայումս վարորդները վախենում են անցնել ադրբեջանական դիրքերի առաջ ձգվող հիմնական ճանապարհով եւ երթեւեկում են գնդակոծություններից համեմատաբար անվտանգ այս ուղիով: Հատկապես գիշերային ժամերին վարորդները գերադասում են հեռու մնալ ադրբեջանական գնդակոծության վտանգից եւ սահմանի այդ հատվածն անցնել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհով:
Այժմ Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհով երթեւեկողների մեծամասնությունը տեղանքին անծանոթներն են, ովքեր պատկերացում չունեն սահմանի նշված հատվածում հնարավոր վտանգների, ադրբեջանական ռազմական հենակետերի ներկայության մասին: Հիմնական ճանապարհի եզրին տեղադրված «դիտարկվող տեղամաս» մակագրությամբ փոքրիկ ցուցանակը տարածքին անծանոթներին տեղեկատվություն չի հաղորդում ճանապարհի դեմ-դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերի մասին: 1990-ական թվականների երկրորդ կեսին Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհի առավել վտանգավոր հատվածում, մեքենաների երթեւեկը ազերիների գնդակներից պաշտպանող հողապատնեշ կար: Սակայն այն, չգիտես ինչ տրամաբանությամբ, քանդվեց, հեռացվեց:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս