Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2010թ. հոկտեմբերի 23-ին: Նախագահը շրջել է ժամանակակից չափանիշներով կառուցված բուժհաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Շրջայցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կգործի լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ: Գյումրու նոր բժշկական կենտրոնի կառուցման և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող “Առողջապահական համակարգի արդիականացում” ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Աշխատանքային այցի շրջանակներում նախագահն այցելել է նաև “Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց”: Առողջապահական այս հաստատություն Սերժ Սարգսյանն այցելել էր նաև ս.թ. ապրիլի 7-ին և ծանոթացել հիվանդանոցային պայմաններին, առկա խնդիրների մասին զրուցել բուժանձնակազմի ու հաստատության ղեկավարության հետ: Նախագահը վստահեցրել էր, որ բարձրացված խնդիրները հնարավորին կարճ ժամկետում կլուծվեն, որպեսզի հիվանդանոցն ամբողջությամբ լինի բարեկարգ, ունենա բարձրակարգ մասնագետներ և հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով: Այդ ուղղությամբ Հանրապետության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ էր տվել պատասխանատուներին: Այսօր նախագահը վերանորոգված հիվանդանոցում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և նախորդ այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Արդյունքում, “Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը” վերանորոգվել է, հագեցվել հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: Ավստրիական կողմը հիվանդանոցին տրամադրել է նաև արդի բժշկական սարքավորումներ՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար: Հիվանդանոցը դարձել է ժամանակակից չափանիշներին համապատասխան բարձրակարգ առողջապահական հաստատություն:
Տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։