ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՐԴԱՆԻԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում տարածված լուրերին Գյումրու քաղաքապետարանից տրված պատասխանը, ըստ որի՝  միանշանակ բացառվում էր օգոստոսի 24-ին Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությունը, իր հերթին հերքեց դատախազությունը, երբ պարզ դարձավ, որ Ս. Ղուկասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, եւ որ հարուցված քրեական գործը հենց նրան է վերագրված:
Հայտնի է, որ խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել են խուզարկություններ: Բացի նրանից, որ խուզարկվել են Ղուկասյաններին պատկանող օբյեկտները՝ «Ալեքսանդրապոլ»-ը, «Օազիս» ռեստորանը եւ  «Հրաշքների աշխարհ»-ը, որի տարածքում տեղի են ունեցել կրակոցները, խուզարկվել է նաեւ  Վ. Ղուկասյանի տունը:
Նշենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե ձերբակալվել է Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը, սակայն Շիրակի մարզի քննչականի հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Արտյոմ Օվսյանը հերքել է այս տեղեկատվությունը՝ վերահաստատելով, որ այս պահի դրությամբ դեռեւս մեկ հոգի է գտնվում կալանքի տակ, իսկ միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Այս գործում կա ուշադրության արժանի մեկ փաստ: Խնդիրն այն է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, եւ բացի թերեւս ականատեսներից եւ թաղի բնակիչներից, որեւէ մեկին հայտնի չէին կատարվածի մանրամասները: Սակայն օգոստոսի 28-ին դրանք հետաքրքիր զուգադիպությամբ սպրդեցին նախագահականին մոտ կանգնած «ընդդիմադիր» լրատվամիջոցներ:  Եթե տարիներ շարունակ իշխանություններն աչք էին փակել Ղուկասյանի եւ նրա ընտանիքի անդամների հակաօրինական արարքների վրա՝ այդպիսով անտեսելով հասարակական կարծիքը, ապա հիմա նույն իշխանավորներն ավելի արատավոր գործով են զբաղված: Նրանք փորձում են կատարված հերթական միջադեպը ծառայեցնել ինչ-ինչ նպատակների: Օրենքն ու օրինականությունն այս հարցում դարձյալ անելիք չունեն:
Այսինքն՝ հիմա Ղուկասյանին հասկացնում են, որ եթե նա փորձի որեւէ կերպ խանգարել իշխանական թեկնածուին, իրենց ոչ հաճո որեւէ գործողություն ձեռնարկել, ապա Սպարտակը կարճ ժամանակ անց կհայտնվի ճաղերից այն կողմ: Հասկանալի է, որ հիմա իրավապահների համար առանձնապես լուրջ խնդիր չէ գտնել Ղուկասյանի որդուն, պարզապես դեռեւս նման հրահանգ չեն ստացել: Եւ այս բեմականացումը կշարունակվի այնքան, մինչեւ անցնեն ՏԻՄ ընտրությունները, եւ այս գործն էլ, ինչպես բազմաթիվ այլ նմանօրինակ զանցանքներ ու հանցանքներ, կփակվի եւ խնամքով կտեղադրվի քննիչների դարակներում՝ ցանկացած պահի թարմացնելու եւ ինչ-ինչ նպատակներով օգտագործելու համար:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս