ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Է ՀԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի` անապահով վիճակում գտնվող հերթական զրուցակիցը 80-ամյա Վարդուհի Վարդանյանն է, որին մենք հանդիպեցինք Խանջյան փողոցում` շենքերից մեկի աղբամանների մոտ ուտելիք փնտրելիս:
Վարդուհի տատը տարիներ առաջ կորցրել է իր փաստաթղթերը, ինչի պատճառով այսօր չի կարողանում անգամ թոշակ ստանալ: Նա եւ իր միակ քույրը` Գայանե Վարդանյանը, ապրում են Կոնդ թաղամասում: “Ես ու քույրս անբախտ ենք, այդպես էլ չամուսնացանք: Տղաներին անուն դրեցինք, տարիքներս անցավ, ու այդպես էլ վրեքներս նայող չեղավ, մնացինք աշխարհին ու մեզ անպետք, անօգնական մարդիկե,-սրտնեղելով պատմեց ծեր կինը: Քույրը հիվանդ է եւ չի կարողանում աշխատել, տան ամբողջ հոգսն ինքն է հոգում: Վարդուհին աշխատում է մասնավոր ընկերությունում որպես գանձապահ. “Ստացածս մի 15.000 դրամ է, վարձով ենք մնում, ահավոր պայմաններում ենք ապրում: Ո՛չ նորմալ ջուր կա այդ տանը, ո՛չ նորմալ պայմաններ, իսկ տանտերը մեզ շատ է նեղում` թե փողը ուշացնեք, դուրս կշպրտեմ”: Ըստ Վարդուհու՝ իրեն օրենքով բնակարան է հասնում, սակայն մինչ այսօր այդ հարցը ոչ մի լուծում չի ստանում. “Քաղաքապետարան դիմել եմ, էլ որտեղ ասես` չեմ գնացել, բայց ո՞վ է բանի տեղ դնում, դրա համար էլ այսօր այս կերպ եմ գոյությունս պահպանում”:
“Աղջի՛կ ջան, փող չեմ խնդրում մարդկանցից, աղբամանների միջից կարողանում եմ հարմար ուտելիք գտնել ե՛ւ իմ, ե՛ւ շների ու կատուների համարե,-նշեց նա ու պատմեց 2012թ. հուլիսի-25-ին իր հետ կատարված “հրաշքը”. “Մի օր սովորականի պես Կիեւյանի աղբամաններն էի նայում, մեկ էլ մի հատ տոպրակ գտա. մեջը հին իրեր կային, հանեցի, մի լավ քրքրեցի, տեսնեմ` պիտանի բան կա, թե չէ, ու այդ ժամանակ հրաշք կատարվեց` 20.000 դրամ գտա: Վա՜յ, ի՜նչ օր էր, 1 շաբաթ փողոց դուրս չեկա, լավ վայելեցի”: 
Ծեր կինն աղբամաններից կարողանում է անհրաժեշտ գումարը հայթայթել: “1000-1500 դրամ օրն աշխատում եմ: Բայց էլ այսպես երկար չեմ կարող ապրել, պետք է ամեն ինչ անեմ, որ Հայաստանից գնամ, արդեն դանակը ոսկորիս է հասելե”,-ասաց տիկին Վարդուհին, որի  հարազատներից շատերը Մոսկվայում են եւ տեղյակ են, թե նա այստեղ ինչով է զբաղվում: 
Վարդուհու հարազատները խոստացել են նրան տանել Մոսկվա,  նա էլ անհամբեր սպասում է այդ օրվան: Ինչպես խոստովանեց, իր միակ երազանքն այն է, որ կարողանա ստանալ իրեն հասանելիք բնակարանն ու նվիրաբերի նորապսակ մի զույգի: “Ինձ չհաջողվեց բախտավորվել, թող ուրիշները վայելեն միմյանց: Եթե կարողանամ նպատակս իրականացնել, այդ ժամանակ կարող եմ գլուխս բարձին դնել ու խիղճս Աստծուն հանձնել”,-ասաց ծեր կինը` ընդգծելով, որ կյանքի նկատմամբ չարացած չէ: Նա սիրով համաձայնեց լուսանկարվել` այն հույսով, որ միգուցե այսպես իր բախտը բացվի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս