ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՄԱՅԱԿԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում: Այդ մասին նա ասել է 168.am-ին. «Ես մտադրվել եմ առաջադրվել, քանի որ ունեմ ծրագրեր, ունեմ ասելիք, ընտրողների կողմից պահանջված էի, եթե հաշվի առնենք, որ ընտրվեցի խորհրդարանի պատգամավոր»:

ԶՈՀԵՐ ՀԱԼԵՊՈՒՄ
«Ազատություն» ռ/կ-ի աղբյուրի փոխանցմամբ` երեկ Հալեպում հուղարկավորել են կիրակի օրը զոհված 24-ամյա Զարե Քարդաշյանին, որը Հալեպի Նոր գյուղ թաղամասում տեղի ունեցած հրետակոծության զոհ է դարձել: Նշենք, որ մոտ 12 տարեկան երկու հայ երեխաներ էլ վիրավորվել են: Երեկվա հրետակոծություններից զոհվել է Վարդան անունով մի հայ, իսկ Զ. Քարդաշյանի մասին լուրերը ԱԳՆ-ն դեռեւս չի հաստատում:

ՄԵԾ «ՁՈՒԿ»` ՍԵՎԱՆՈՒՄ
Պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու կասկածանքով  ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ-ի Դիլիջանի սպասարկման գրասենյակի ղեկավար Է. Առաքելյանը:  Մինչեւ 2010թ. նա շուրջ 11 տարի ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սեւանի ստորաբաժանումը: Ըստ նախաքննության տվյալների՝ նա, 2007-2009թթ. ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում կեղծիքներ կատարելու միջոցով մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ:

ՉԳԻՏԵՆՔ` ԻՆՉ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ
Կաթնամթերք արտադրող «Թամարա», «Արզնի», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի ագրո», «Թամարա եւ Անի», «Բիոկաթ» ընկերությունների արտադրանքում Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտնաբերել է սոդա: Ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը երեկ հայտարարել է, որ առայժմ ստուգումները շարունակվում են, եւ մոտ 18 օրից պարզ կլինի, թե որ ընկերությունը որքան կտուգանվի, սակայն սոդայի պարունակությամբ արտադրանք թողարկելը, նրա խոսքերով, 300 հազար դրամանոց տուգանք է: Նա նաեւ վստահեցրել է, որ նշված ընկերությունների կաթնամթերքում սոդան արդեն բացակայում է:

ԿԱՐՏՈԼԸ ՄՆՈՒՄ Է ԿԱՐՏՈԼ
Շաբաթ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի կոմունալ բաժնի պետ Նորիկ Միրզախանյանը եւ նրա մտերիմները հենց քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակին հարող տարածքում դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Ականատեսները Aravot.am-ին պատմել են, որ 01 084 պետհամարանիշով «Օպել-վեկտրա» մեքենայի վարորդը վազանց է կատարել Էջմիածնի կենտրոնական փողոցով սլացող Նորիկ Միրզախանյանի` Կարտոլ Նորոյի մեքենային: Վերջինս չի հանդուրժել այդ հանդուգն արարքը, կանգնեցրել է վազանց կատարած մեքենան, վարորդին քարշ տալով հանել մեքենայից եւ հայհոյանքների ու հարվածների տարափ տեղացել: Քանի որ դեպքը կատարվել է գեներալ Մանվելին պատկանող սրճարանի մոտերքում, եւ գեներալի թիկնազորայիններն էլ հավանաբար եղել են սրճարանում, շատ արագ վրա են հասել եւ «իր պատիվը պաշտպանելու» գործում օգնել Կարտոլ Նորոյին` մոտ 10 րոպե ծեծելով այդ երիտասարդին: Ականատեսներից ոչ ոք չի համարձակվել միջամտել:

ԴԵՌ ԿԽՈՍԻ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այս պահին չի անդրադառնում Ռուբեն Հայրապետյանի  տված հարցազրույցում հնչեցրած մեղադրանքներին ու գնահատականներին: «Դեռ առիթ կունենամ այդ մասին խոսելու»,-Tert.am-ին ասել է Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի աղմկահարույց հարցազրույցի առանցքային թեմաներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-«Բարգավաճ Հայաստան» փոխհարաբերությունների վերաբերյալ գնահատականներն էին: «Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Ս. Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ «Բարգավաճ», Լեւոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Ս. Սարգսյանին թուլացնել»,-ասել էր Հայրապետյանը:




Լրահոս