ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ…
Ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանի այն հայտարարությանը, թե «ինչպես ասաց ԲՀԿ նախագահը, մեր թիմը սատարելու է բոլոր նրանց, ում նկատմամբ կլինեն ճնշումներ», Aravot.am-ը հիշեցրել է, որ այս ընթացքում քաղաքական հայացքների համար դատապարտվել են ՀԱԿ ակտիվիստները, ապա հարցրել` ինչու ԲՀԿ-ն չկանգնեց նրանց կողքին ու չի մասնակցում ՀԱԿ-ի կողմից ի պաշտպանություն ակտիվիստների կազմակերպվող ակցիաներին: Տիկին Վարդանյանը պատասխանել է. «ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը կայացնելուց հետո հենց առաջինը ես եմ դատապարտել կայացրած դատավճիռը՝ գտնելով, որ դա խիստ պատիժ է, այսինքն՝ քաղաքական ենթադրություններ անելու հիմք է հանդիսանում: Միեւնույն ժամանակ մենք այս հարցի վերաբերյալ համագործակցում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների հետ: Ավելին, պայմանավորվածություններ ունենք մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող ակցիաներին»:

ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ
Երեկ «ՄԱՊ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդուն` Մակար Պետրոսյանին, հրավիրել են ոստիկանության Արմավիրի բաժին եւ հարցաքննել նախօրեին Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ: Հարցաքննությունից հետո պատգամավորի որդուն բաց են թողել:

26 ԴԻՄՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ստացել են 26 վերահաշվարկի դիմում, որից միայն մեկն է վերաբերում քաղաքային համայնքի ընտրություններում համայնքի ղեկավարի արդյունքների վիճարկմանը: 15 դիմում առնչվում է գյուղական բնակավայրերի համայնքի ղեկավարի արդյունքների վերահաշվարկին, 11 դիմում էլ` ավագանու անդամի ընտրությունների արդյունքների վերահաշվարկին:

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԵՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով երեկ վերահաշվարկ է կատարվել Մասիս քաղաքի բոլոր 9 ընտրատեղամասերում: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն երկուշաբթի օրը բողոք էր ներկայացրել թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պահանջելով վերահաշվարկել կիրակի օրը Մասիսում անցկացված քաղաքապետի ընտրության քվեարկության արդյունքները: Մասիսում նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սաշա Հակոբյանը: Նա 550 քվե ավելի է ստացել, քան Մասիսի փոխքաղաքապետ, ԲՀԿ թեկնածու Կարապետ Օհանյանը:

ՎԵՐԱՀՍԿԵԼ ՎԵՐԱՀՍԿԻՉԻՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հարցրել է, թե ինչպես է վերջինս առանձնատուն կառուցում Նոր Նորքի զանգվածում: Նա հիշեցրել է մամուլում տեղ գտած հրապարակումը, որտեղ Զաքարյանի ընտանիքի անդամներից մեկը հաստատել էր, որ իրենք բավականին տպավորիչ առանձնատուն են կառուցում Նոր Նորքում: Փաշինյանի պնդմամբ՝ այդ առանձնատան կառուցապատման աշխատանքները հատկապես մեծ թափ են ստացել Ի. Զաքարյանի` ՎՊ նախագահ ընտրվելուց հետո: Ի պատասխան՝ Զաքարյանն ասել է. «7 տարի է` կառուցում եմ, ես ՎՊ նախագահ եմ աշխատում ընդամենը 4 տարի»:




Լրահոս