ՀԱՊԿ զորավարժությունները կարևոր էին ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանի համար զորավարժությունների կարևորության երկու պատճառ առանձնացրեց.” Այս զորավարժությունները հիշեցումն է նաև այն փաստի, որ Հայաստանը ամենաուժեղ ռազմական պետությունն է տարածաշրջանում: Սա կլինի հիշեցում Ադրբեջանի այն պաշտոնյաներին, որոնք պատրաստվում են պատերազմի և կփաստի, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա կպարտվի”:
Զորավարժություններն, ըստ բանախոսի, նաև ցույց տվեցին Ռուսաստանի համար Հայաստանի կարևորությունը. “Սա նաև ցույց է տալիս, որ Հայաստանը Ռուսաստանի միակ վստահելի դաշնակիցն է: Ռուսաստանը Հայաստանին պետք է նայի`որպես հավասար և գործընկեր պետության”:
Ինչ վերաբերվում է վրացական այն տեսակետին, որ զորավարժությունները ուղղված են Վրաստանի դեմ, բանախոսը կարծիք հայտնեց, որ վրացիները շատ ճիշտ են անում, որ անհանգստանում են.”Վրացական մտահոգությունը տեղին է: Սա նաև ցույց է տալիս, որ Ռուսաստանը ահաբեկում է Վրաստանին: Հատկապես հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունենալիք ընտրությունների պարագայում”:
Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը պետք է հավասարակշռող դիրք ունենա և հավասրակշռի հարաբերությունները և Վրաստանի, և Ռուսաստանի հետ:
Ինչ վերաբերվում է գալիք զորավարժություններին, բանախոսը նշեց, որ առաջին անգամ զորավարժությունները կընդգրկեն նաև Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան և Օսեթիայում և Աբխազիայում գտնվող զինուժը: