Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է ընդամենը 3 ամիս, և այս ժամկետը բավարար չէ, որ ասենք, թե առաջացող խնդիրները լուծելի չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց Ռուսաստանից Հայաստան ժամանած տնտեսագետ Ազա Միգրանյանը և ընդգծեց, որ ժամանակ է անհրաժեշտ բոլոր խնդիրները լուծելու համար:
«Ներկայում գոյություն ունեցող բոլոր խնդիրներն անցումային շրջանի են: Դրանք գոյություն են ունեցել նաև Ռուսաստանի, Ղազախստանի համար դեռևս 2010թ-ից, երբ սկսվեցին աշխատանքները: Առաջին վեց ամիսները անցումային են, և դեռևս ժամանակ է հարկավոր: Գիտեք երևի, որ շուտով ԵՏՄ բոլոր երկրների բիզնեսմենների ֆորում է տեղի ունենալու, որտեղ կներկայացվեն բոլոր խնդիրները, կառաջարկվեն լուծումներ»,-ասաց նա:
Իսկ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սվետլանա Գլինկինան նշեց, որ կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել կարճ ժամանակահատվածում, օրինակ` Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը: Նրա խոսքով` անկախ այն բանից` Հայաստանը կանդամակցեր ԵՏՄ-ին, թե ոչ, միևնույն է, ռուբլու արժեզրկումը բացասաբար էր անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա:
«Ինքներդ եք հասկանում, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ, որ պատժամիջոցները ոչ միայն տնտեսական բնույթ ունեն, այլև քաղաքական: Պետք չէ պատրանքներ ունենալ, թե մոտ ապագայում ԵՏՄ հետ կապված բոլոր հույսերը կարդարանան: Դժվար է ասել` ինչ կլինի, բայց ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչն է ասել, ներողություն` Վլադիմիր Իլյիչն է ասել` սովորել, սովորել, սովորել, այս դեպքում պետք է ասել`աշխատել, աշխատել, աշխատել»,- ասաց Սվետլանա Գլինկինան: