Չարբախի կրակոցներից տուժած Փոսի Վարդանի վիճակը կայունանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 03:00-ին, հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Վարդան Կարապետյանի վիճակն այս պահին բժիշկները գնահատում են կայուն: Այս մասին Armlur.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը: Վերջինս հայտնեց նաև, որ Վարդան Կարապետյանը դեռևս Վերակենդանացման բաժանմունքում է, արհեստական շնչառության ապարատը հանվել է, այժմ հիվանդն ինքնություն է շնչում. «Վարդան Կարապետյանը շարունակում է ստանալ ընթացիկ բուժումները»,- հավելեց Շ. Հունանյանը: Թե երբ նրան կտեղափոխեն հիվանդասենյակ, դեռևս պարզ չէ:

Հիշեցնենք, որ հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Վարդան Կարապետյանը, ով առավել հայտնի է «Փոսի Վարդան» մականվամբ: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Չարբախում գտնվող իր տան մոտից:

Armlur.am-ին նրա հարևանները հայտնել են, որ դեպքից օրեր առաջ իրավապահ մարմինները Վ. Կարապետյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել և զենք-զինամթերք փնտրել: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն, Վարդան Կարապետյանը համարվում էր մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ սպանված Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) ընկերը:

Հավելենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ ՔՕ 34-104-րդ և 235-րդ հոդվածներով, այն է` սպանության հանցափորձ և ապօրինի կերպով զենք կրել, պահել:




Լրահոս