ԲՀԿ-ի «կասիրը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս մարտին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի միջեւ լարվածությունը որեւէ կերպ չի թուլանում: Նշել էինք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կուսակցությունը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, իսկ ֆինանսական եւ կազմակերպչական հարցերով պետք է զբաղվի Աբրահամ Մանուկյանը:

Սակայն իրերի նման վիճակը Նաիրա Զոհրաբյանի «սրտով» չի եղել, եւ որոշ ժամանակ անց, երբ նա կրկին հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ, ասել է, թե ցանկանում է, որ իրենց կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվի քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը: Երեկ վերջինիցս փորձեցինք պարզել, թե այս պատմությունն, ի վերջո, ինչպես ավարտվեց: «Բացարձակ ոչ մի խնդիր չունենք, բոլոր հարցերը իրականցնում է մեր կուսակցությունը: Հո կասիր չենք դնելու այնտեղ, բոլորս ենք լինելու միասին, բոլորս էլ որոշում կկայացնենք, ֆինանսական հարցերն էլ կկարգավորենք: Ոչ մի խնդիր չկա, ինչ ղեկավարի մասին է խոսքը, մենք թիմով պայմանավորվածություն ունենք, ցանկացած հարց քննարկելու ենք ու գալու ենք ընդհանուր հայտարարի»,-պարզաբանեց Վարդանյանը:




Լրահոս