REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ Վեցնյակի և Իրանի միջև ավարտված բանակցություններին, ինչպես նաև` Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Կոլերովը ընդգծեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ցանկացած պայմանագիր կմնա միայն թղթի վրա:
– Պարո´ն Կոլերով, այս օրերին աշխարհում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, հատկապես Իրանի շուրջ: Վեցնյակի և Իրանի միջև բանակցությունները հաջող ավարտ են ունեցել: Դեպքերի նման զարգացումն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի վրա:
– Այդ որոշումները, եթե նույնիսկ իրագործվեն, ոչ մի կերպ չեն անդրադառնա Ռուսաստանի և Հայաստանի դիրքի վրա:
– Բայց Իրանը, որպես մեծ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր, խնդիրներ չի՞ ստեղծի Ռուսաստանի համար, չէ՞ որ մրցակցության հարց կառաջանա:
– Իրանական նավթի առաքումն արտաքին շուկա պատճառ կդառնա նավթի գների նվազման համար: Բայց ուժերի նոր դասավորվածությունը տարածաշրջանում հետևանք կլինի դրանց բարձրացման: Այնպես որ, բոլոր մինուսները բալանսի մեջ կլինեն պլյուսների հետ:
– Այնուամենայնիվ, տարին վատ է սկսվել Ռուսաստանի համար. տարբեր սանկցիաներն ու ճգնաժամը զարգացման հնարավորություն չեն թողնում և դրանից տուժում են նաև ինտեգրացիոն գործընթացները:
– Ռուսաստանի դեմ սանկցիաներն, իհարկե, մտահոգիչ են: Բայց վատ է այն պատճառով, որ Ռուսաստանը շատ էր կախված Արևմուտքի տնտեսությունից: Այժմ սեփական տնտեսությունը ստեղծելու և զարգացնելու առիթ կա, որը հնարավորություն կտա դադարել լինել Արևմուտքի տնտեսական գաղութը: Դա ուղիղ վերաբերում է ԵՏՄ-ին. եթե միության անդամները ցանկանում են գոյատևել, պետք է միասին ստեղծեն իրենց անկախ տնտեսությունը: Եթե չէ, ապա կվերածվեն Ուգանդայի:
– ՌԴ նախագահը խոսել է ԵՏՄ–ում միասնական արժութային միության ստեղծման մասին: Ի՞նչ նպատակ է հետապնդում նման միության ստեղծումը և արդյոք այն որևէ կերպ կօգնի Ռուսաստանին կախված չլինել Արևմուտքից:
– Այն դեռ չի ստեղծվում, սակայն այդպիսի նպատակ չի հետապնդում, և մենք հիմա էլ կախված ենք Արևմուտքից: Իսկ երբ այն ստեղծվի, ուղղակի ԵՏՄ երկրների համար կհանդիսանա ֆինանսական հավասարակշռություն պահպանելու միջոց, որը, սակայն չի նշանակում, թե վերանալու են դոլարով, եվրոյով կամ յուանով առևտուրը: Թե երբ այն կստեղծվի, ոչ ոք չի կարող ասել:
– Վերջերս ՌԴ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Չինաստանում, որտեղ հաջող բանակցություններ են ընթացել: Չի բացառվում նաև, որ Հայաստանը որևէ պայմանագիր կարող է ստորագրել Եվրոպական միության հետ: Արդյոք Մոսկվան անհանգստացա՞ծ է իրադարձությունների այսպիսի զարգացմամբ և թույլ կտա՞ այդքան հեռուն գնալ:
– Հայաստանը Ռուսաստանից թույլտվություն չի հարցնում, թե ուր գնա և չպիտի հարցնի: Չինաստանը Ռուսաստանի մոտ գործընկերն է, որը ռազմավարական նպատակներ ունի Կովկասում, և մենք հարգում ենք դա: Ինչ վերաբերում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրին, ապա ես վստահ եմ, որ այն կմնա միայն փաստաթղթի վրա: Հակառակ դեպքում Հայաստանը պետք է փակի իր Մեծամորի ատոմային էլեկտրակայանը, որը պահանջում է ԵՄ-ն:
– Իսկ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Հայաստանում հետաքրքիր հայտարարություններով է հանդես եկավ և նշեց, որ Հայաստանն ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում խնդիրների կհանդիպի: Ըստ Ձեզ` սա զգուշացու՞մ էր:
– Ես չեմ կարող մեկնաբանել Նարիշկինի հայտարարությունները, քանի որ նա աչքի է ընկնում իր ուրույն մոտեցումներով և հանդես է գալիս ուժեղ հայտարարություններով նաև Ադրբեջանում և Ղրղզստանում: Նա Պետդումայի ներկայացուցիչ է, այլ ոչ թե ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը կամ էլ ՌԴ նախագահը, ովքեր էլ ղեկավարում են երկրի արտաքին քաղաքականությունը:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը