«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` վերջին մի քանի ամսում վարորդների կողմից բողոքներով պայմանավորված դիմումները նվազել են: Armlur.am-ի զրուցակիցն է Էդուարդ Հովհաննիսյանը:
– Պարո´ն Հովհաննիսյան, վերջին մի քանի ամսում վարորդների կողմից բողոքները հատկապես որ հարցերի հետ են կապված լինում:
– Վերջին շրջանում բողոքներով պայմանավորված զանգերը նվազել են: Փոխարենը տեղեկատվական և խորհրդատվության հետ կապված հարցերով են ավելացել զանգերը: Հատկապես, վարորդներին շատ է հետաքրքրում վերջերս ընդունված օրենքը, որը համաներում է նախատեսում տուգանքների ու տույժերի նկատմամբ: Սույն օրենքով` 2012 թվականի հունվարի 1-ից սկսած բոլոր խախտումները համաներվում են և վարորդները պարտավորություն չեն ունենում վճարել այդ տուգանքների գումարները:
– Նշեցիք, որ նվազել են բողոքներով պայմանավորված զանգերը: Այնուամենայնիվ, դժվար թե բողոքներ ընդհանրապես չլինեն: Հատկապես ի՞նչ հարցերի շուրջ են դժգոհում Ձեզ դիմած վարորդները: Տեսախցիկներից, արագաչափերից դժգոհություններ կա՞ն:
– Դժգոհություններ կան տեսուչների կողմից արձանագրությունների հետ կապված: Մենք 10 դատական գործ ունենք շահած, որ տեսուչները չափագրում են կատարել` խախտելով «Իսկրա 1» արագաչափի շահագործման ձեռնարկի դրույթները: Այսինքն, վարորդների վրա ավելորդ արագություն են ֆիքսել: Այդ կապակցությամբ մենք դիմում ենք գրել Ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանին: Դիմումից մեկ ամսից ավել է անցել, սակայն պատասխան դեռս չենք ստացել: Պատրաստվում ենք նորից դիմել, երևի վաղը կուղարկենք: Մենք ՃՈ պետին դիմել են, որպեսզի միջոցներ կիրառի և պարզաբանի, թե ինչու են տեսուչները սխալ կիրառում արագաչափ սարքը և ավել արագություն ֆիքսում:
Մենք այստեղ արդեն լուրջ հարց ենք տեսնում, այստեղ ակնհայտ կոռուպցիա է երևում, քանի որ դեպքերը շատ են, մեկը չէ, երկուսը չէ: Ամեն մի դատից հետո, որ իրենք պարտվում են, պետք է քննարկեն` ինչու, ինչպես: Ոստիկանությունում դատական գործերի վերլուծություն են անում: Ստացվում է` միջոցներ չեն ձեռնարկում: Այդպե՞ս պետք է շարունակվի:
Նաև նշեմ` Ճանապարհային երթևեկության օրենքի 19 կետի խախտում էլ է տեղի ունենում, որտեղ նշվում է, որ դեղին լույսի առկայության դեպքում վարորդը, հասնելով կանգ գծին, ինքը կարող է ընտրել` շարունակել ճանապարհը, թե ոչ: Իսկ տեսուչներն ասում են` ոչ, վարորդը պարտավոր է անցնել: Այսինքն` պարտավորություն են դնում վարորդների վրա:
Մի խախտման ձև ևս նշեմ, որը տեղի է ունենում. օրինակ` վարորդին կանգնացրել են խախտման համար: Տեսուչն, այնուամենայնիվ, որոշում է խախտումն արձանագրել: Նա արձանագրում է, որոումը կայացնում է, նոր վարորդի տալիս է ստորագրելու: Դա հակասում է օրենքի պահանջներին: Նա նախ պետք է վարորդին ստորագրելու տա արձանագրությունը, դրան էլ պատասխան տա, նոր որոշումը կայացվի: Իսկ եթե վարորդը փաստաբան է պահանջում, մինչև վերջինս չգնա դեպքի վայր, հարցերը չլուծեն, տեսուչն իրավունք չունի որոշում կայացնելու: Բայց կայացնում են: Գիտեք, իրավական հարցերը մի փոքր դժվար է լուծել: Երբ մենք դիմում ենք դատարան, դատարանը միանշանակ կանգնում է Ոստիկանության կողքին: Իրենք ամեն ինչ դնում են մի կողմ և սկսում քննարկել` խախտում կա, թե ոչ: Մենք այս բոլոր հարցերը բարձրաձայնելու ենք առաջիկայում:
Քրիստինա Աղալարյան