Հովիկ Աբրահամյանը կիսում է Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողներին խոստացավ մոտ օրերս հանդիպում կազմակերպել և պատասխանել բոլոր հարցերին: ՀՀ վարչապետն, այնուամենայնիվ, այսօր պատասխանեց մի քանի հարցերի:

Մասնավորապես, նա անդրադարձավ ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և երկրի տնտեսական վիճակին:

«Տնտեսության վերաբերյալ մենք շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում և առաջիկայում դուք արդյունքները կտեսնեք: Բոլորը պետք է հարկերը վճարեն` դա կլինի հանրապետական, թե կլինի մեկ այլ կուսակցություն: Ես ադա առաջին օրն եմ ասել, երբ դեռ նշանակվել եմ վարչապետ և իմ կարծիքը չի փոխվել: Բոլորը պետք է վճարեն, բոլորս հասկանում ենք, որ միանգամից դա չի կարող ստացվել, բայց պատկան գործոնների աշխատանքը մեր ուշադրության կենտրոնում է», – նշեց նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, թե երկիրը սնանկացման եզրին է, և ոչ մի դրական տեղաշարժ չկա, վարչապետը նշեց. «Մտահոգությունները մենք ունենք, դա միայն կապված չէ ՀՀ կառավարության հետ, կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի, տարածաշրջանի հետ: Մենք անում ենք քայլեր, որոնք կնվազեցնեն վտանգը, համոզված եմ, որ մենք տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, տնտեսության ակտիվացում կլինի»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե այս մեկ տարում չկարողացաք լուրջ ծրագրերն իրականացնել, որ հիմա էլ նոր ժամկետներ եք խոստանում, նա նշեց. «Իրականացնում ենք, ես ձեզ ժամկետներ չեմ խոստանում: Տարվա կեսից մեր ծրագրերը կյանքի են կոչվելու»:




Լրահոս