Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում և աշխարհում բավականին հայտնի ռեալիթի շոուների աստղ մոդել Քիմ Քարդաշյանն ունի հայկական ծագում: Նրա հարազատները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր են եղել:
Ռեալիթի շոուների հայազգի աստղին սոցիալական ցանցերում հետևողների թիվը բավականին մեծ է: Միայն Facebook սոցցանցում Քարդաշյանին հետևում է 24 մլն 341 հազար մարդ, իսկ Twitter-ում` 31 մլն:
Քիմ Քարդաշյանն ամեն «թվիթի» համար ստանում է 10 հազար դոլար: Եթե նա օրվա ընթացքում մի քանի թվիթ է անում, վաստակած գումարն ահռելի է լինում: Քարդաշյանն ամեն տարի ապրիլի 24-ին «թվիթ» է անում` առաջարկելով հարգել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նշենք, որ Twitter-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենահայտնի «թվիթը» «#NEVERFORGET» բառն է, որը թարգմանաբար անգլերենից նշանակում է` «Երբեք չմոռանալ»: Հենց այդ հեշթեգով էլ Քարդաշյանն իր գրառումները կատարում է:
Քիմը նաև «թվիթ» էր կատարել Քեսաբի դեպքերի վերաբերյալ` առաջարկելով #SaveKessab #ArmenianGenocide» հեշթեգը դարձնել թրենդ: Դրանից հետո համացանցը ողողվեց նման հեշթեգերով:
2011 թվականին էլ հայերի կողմից այդքան «չսիրված» Քիմ Քարդաշյանը իր բլոգում հայտարարություն էր արել, ինչպես նաև` «թվիթ» ուղարկել իր միլոնավոր երկրպագուներին` կոչ անելով նրանց միանալ ԱՄՆ-ի կառավարությանն ուղղված իր պահանջին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ապրիլի 24-ին` Աղոթքի ազգային օրը, միանալ Ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառմանը.
«Իմ ընտանիքն ու ես հպարտ ենք մեր հայկական ժառանգությամբ: Հայրս ինձ շատ բան է սովորեցրել հայկական մշակույթի մասին: Ամեն տարի ես մասնակցում եմ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններին և ամուր կապված եմ իմ արմատներին: Թեև աշխարհի շատ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կառավարությունը դեռ ժխտում է այս փաստը:
Հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել մինչև Ռուանդայի, Դարֆուրի դեպքերն ու Հոլոքոստը: Հնարավոր է, որ այս ցեղասպանություններից ոչ մեկը չիրականանար, եթե ավելի շատ ազգեր դատապարտեին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի փաստը»:
Եվ նման «թվիթներ» Քիմը կատարում է գրեթե միշտ, բոլոր առիթներով: Իսկ հիմա, ժամանելով Հայաստան և մեկ «թվիթ» անելով` կարող է ավելի շատ մարդկանց տեղեկացնել Հայոց ցեղասպանության 100 ամյակի մասին, քան ՀՀ սփյուռքի նախարարությունը, մշակույթի նախարարությունը կամ արտաքին գործերի նախարարությունը: