Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների և հրամանատարների մասնակցությամբ: 
Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները:
 
Զեկույցում ներկայացված առաջին խնդիրը վերաբերել է մրցույթների թափանցիկությանը և մրցակցային միջավայրի ապահովմանը: Փաստացի մի շարք ցուցանիշները ներկայացնելուց հետո՝ վերահսկողական ծառայության ղեկավարն իր եզրակացության մեջ նշել է, որ դիտարկված մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք: Ընդ որում, կան դեպքեր, երբ գործում են “ունիվերսալ” կազմակերպություններ՝ իրականացնելով և՛ սննդամթերքի, և՛ ավտոպահեստամասերի, և՛ վառելիքաքսուքային նյութերի մատակարարման, ինչպես նաև շինարարության աշխատանքներ: Զեկույցի համաձայն, վերջին երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունների կազմը գրեթե չի փոփոխվում: Ծառայության ուսումնասիրությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնք նույնպես ազդեցություն ունեն մրցակցային միջավայրի ձևավորման և մրցույթների թափանցիկության վրա:
 
Զեկուցված երկրորդ խնդիրը վերաբերել է ՀՀ ՊՆ կարիքների համար ձեռքբերված ապրանքների և նույնանման ապրանքների շուկայական գների համեմատականին: Նշվել է, որ աշխատանքային խմբի կողմից ընտրանքային կարգով ուսումնասիրվել են ՀՀ ՊՆ 2012թ. կարիքների համար ձեռք բերված որոշ ապրանքների գնման պայմանագրերը և դրանց հիման վրա կնքված համաձայնագրերը: Ընդգծվել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՊՆ-ի կողմից ապրանքների ձեռքբերման շուկայական գների վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2011թ. ուսումնասիրությունների արդյունքում ներկայումս վիճակն անհամեմատ շտկվել է, և մատակարարված ապրանքների արժեքը հիմնականում համապատասխանում է մեծածախ շուկայում նմանատիպ ապրանքների համար առաջարկվող արժեքին: Այնուհանդերձ, ըստ եզրակացության, որոշ ապրանքներ հնարավոր է ձեռք բերել ավելի ցածր գներով: Միաժամանակ, աշխատանքային խումբը գտել է, որ ռիսկային կարող են լինել ոչ միայն ապրանքների բարձր գները, այլև դրանց փաստացի քանակները և որակը:
 
Խորհրդակցության ժամանակ ներկայացված հաջորդ խնդիրը վերաբերել է մրցույթներում հաղթող ճանաչված և ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրեր կնքած այն ընկերություններին, որոնք փոխկապակցված են որոշակի անձանց հետ:
Նախագահն անթույլատրելի է համարել գնումների գործընթացում պետության սուղ միջոցների և զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները և խստորեն քննադատել այդպիսի մոտեցում ցուցաբերող անձանց: “Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ: Ե՛վ պաշտպանության նախարարը, և՛ գլխավոր շտաբի պետը պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր այդ երևույթների դեմ պայքարում են՝ վաղը, մյուս օրը խնդիրներ չունենան”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ երբ գումարտակի, վաշտի կամ գնդի հրամանատարը տեսնի, որ իրենից վերև ղեկավարները պաշտպանում են այն մարդկանց, ովքեր անկեղծ են, իրավիճակն այլ կլինի և կազդի բարոյահոգեբանական ամբողջ մթնոլորտի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է Նախագահին, որ այսուհետ նախարարության կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ ավելի հետևողական կլինեն և Նախագահի հանձնարարության համաձայն, առավել կխստացնեն հսկողությունը ներկայացված գործընթացի բոլոր փուլերի՝ մրցույթների կազմակերպման և գնագոյացման, ձեռքբերված ապրանքների մատակարարման ու ընդունման-հանձնման ուղղությամբ: “Պարո՛ն նախագահ, աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել և ամեն ինչ կանենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում”,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը խորհրդակցությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և նրանց տեղակալների հետ առանձին քննարկել է մարտական պատրաստվածության և սպառազինության հետ կապված հարցեր:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից։




Լրահոս