Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ ապրիլի 5-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Արզական համայնքում: Նույն տեղեկությունների համաձայն` եղբայրներ Արամայիս, Նարեկ և Հովհաննես Թադևոսյանները անձնական հարցերի շուրջ վիճաբանություն են ունեցել իրենց համագյուղացի 17-ամյա Սուրենի հետ, ինչն ավարտվել է ծեծկռտուքով: Սրա հետևանքով Սուրենը գլխի և ուսի հատվածում վնասվածքներ է ստացել:
Սակայն վերջինս հիվանդանոցում ասել է, թե վնասվածքներ է ստացել գյուղում վայր ընկնելու հետևանքով: Այդուհանդերձ, Սուրենի հայրը իրավապահներին հայտնել է, որ որդին իրողությունը ճիշտ չի ներկայացրել, քանի որ չի ցանկացել խնդիրներ ունենալ համագյուղացիների հետ:
Armlur.am-ի հետ զրույցում Արզականի համայնքապետ Նորիկ Մովսիսյանը հայտնեց, որ տուժողն իր ազգականն է, և վստահեցրեց, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել. «Ուղղակի տղաներով վիճաբանել են, իրար չեն հասկացել, ու թեթև քաշքշուկ է տեղի ունեցել: Ձեռքերով իրար հրել են»:
Նշենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: