Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կրկին հայտարարեց, թե իրեն կուսակցություն անդամագրվելու համար դիմել են նաև ԲՀԿ անդամներ:
Խոսելով այս հայտարարության մասին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ճիշտ կլինի փաստերով խոսել:
«ԲՀԿ-ից դուրս եկած 11 պատգամավորներից ոչ մեկը չի դիմել և չի էլ պատրաստվում դիմել ՕԵԿ-ին` նրանց անդամագրվելու համար: Իսկ եթե հանրապետության ինչ-որ մի գյուղում, ասենք, Վարդուշ Վարդուշիկյանը որոշել է անդամակցել իրենց, և դա կուսակցության համար քաղաքական ձեռքբերում է, ապա շնորհավորում եմ»,- նշեց Զոհրաբյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ամեն թեմա չէ, որ կարելի է հրապարակայնացնել, Զոհրաբյանը պատասխանեց.«Դա պետական գաղտնի՞ք է, այսինքն, եթե իրենք գաղտնի անդամակցության գրասենյակ ունեն, դա արդեն իրենց խնդիրն է»: