ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՊԵՏԻ ԽԻՂՃՆ ՈՒ ՄԱՀԱՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՆԱՄԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, անդրադառնալով իր` ինքնասպան եղած նախկին աշխատակցի նամակին, ասաց, թե ինքը տեղյակ չէ, որ ինքնասպան լինելուց առաջ տղան նամակ է գրել:

2014թ դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Շենգավիթ համայնքում՝ Կաշեգործների փողոցում գտնվող տնակում, հայտնաբերվել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդու՝ 26-ամյա Սուրեն Մարգարյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդը մահացել էր երկփողանի որսորդական հրացանի կրակոցից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երիտասարդի դին հայտնաբերվել էր նրա ընկերոջ տանը: Զարմանալին այն էր, որ լուրեր էին տարածվել, թե տղան ինքնասպան է եղել: Բայց ինչպե՞ս կարող էր Սուրենը որսորդական զենքով կրակել իր վզին, ու դեռ ձեռքն էլ մնար ձգանի վրա: Քաղավիացիայի նախկին պետի հարազատները մինչ օրս չեն հավատում, որ Սուրենը կարող էր ինքնասպան լինել:
Նշենք, որ այս ինքնասպանությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ հարցեր է առաջացրել: Բանն այն է, որ ինքնասպան լինելուց առաջ Սուրենը նամակ էր գրել Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին եւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ պատմելով, որ իրեն թույլ չեն տվել աշխատել որպես օդաչու՝ պատճառաբանելով, թե ինքը թմրանյութ է օգտագործել: Մինչդեռ այդ թմրանյութն իրեն մատակարարել էին:
Սուրենը նամակում գրել էր նաեւ, որ իր խնդրի հետ կապված «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն պարոն Ն. Բելլույանի եւ «Արմավիայում» աշխատող օդաչուների կողմից նամակներ են ուղղվել քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին՝ խնդրելով, որ նա վերանայի իր որոշումը եւ թույլ տա, որ Սուրենը վերադառնա իր աշխատանքին: Սակայն Արտյոմ Մովսեսյանը այդպես էլ չի արձագանքել տղայի հորդորներին: Նշենք, որ տղայի ինքնասպանության գործով քննությունը շարունակվում է: Ավելին՝ մեզ տեղեկություններ են հասել, որ բացի քննիչներից՝ Սուրենի հարազատներն էլ իրենց հերթին են քննություն իրականացնում՝ տղայի մահվան պատճառները հասկանալու համար:
Երեկ «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հետ:
-Պարո՛ն Մովսեսյան, 2014թ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին ինքնասպան լինելուց առաջ նամակ էր գրել, որ իրեն անհիմն են աշխատանքից ազատել, եւ այդ հարցով Ձեզ նամակ էին գրել նաեւ նրա գործընկերները, որպեսզի վերականգնեք տղայի աշխատանքը: Սակայն 2010 թվականից մինչեւ 2014 թվականն այդպես էլ չեք արձագանքել: Ու տեսանք, թե ինչ վերջաբան ունեցավ: Արդյո՞ք Ձեր խղճին չմնաց այս տղայի մահը:
-Ես այդ նամակից տեղյակ չեմ:
-Զարմանալի է, բայց նամակը նույնիսկ հրապարակվել է լրատվամիջոցներով, ավելին՝ Սուրենը նամակը ուղարկել է Սերժ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին, ՀՀ վարչապետին: Միթե այս կառույցներից Ձեզ ոչինչ չի ուղարկվել, որ Ձեր նախկին աշխատակիցը խնդրի առաջ է կանգնել:
-Ո՛չ, այդ պատմությանը ծանոթ չեմ:
-Սուրեն Մարգարյանն իր նամակում գրել է, որ 2010 թվականից աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես A-319/320 տիպի օդանավի երկրորդ օդաչու, եւ նրան թմրանյութ օգտագործելու պատճառաբանությամբ հեռացրել եք աշխատանքից
-Այո՛, եղել է, եւ ի՞նչ:
-Այն, որ տղան տարիներ շարունակ նամակ է գրել եւ խնդրել է` լսեք իրեն, որ իրեն ստիպել են անուններ տալ, ինքը թմրանյութ չի օգտագործել:
-Դուք չեք հասկանում, որ հիմա ոչ կարեւոր թեմա եք բարձրացնում:
-Միգուցե Ձեզ համար կարեւոր չէ, բայց մեզ համար շատ կարեւոր է հասկանալ, թե ում խղճին, ի վերջո, մնաց այս տղայի մահը:
-Ես կրկնում եմ՝ նամակին ծանոթ չեմ: Ես եմ օգնել իրեն, որ գնացել, սովորել է, շատ հարգանքով եմ վերբերվել իրեն, ի հաշիվ իր հոր, քանի որ Սամվել Մարգարյանը շատ կարգին, լավ մարդ էր:
-Լավ, տղայի նամակից տեղյակ չեք, բայց նրա հեռացման պատճառը, իհարկե, գիտեք: Արդյո՞ք թմրանյութն էր պատճառը, որ հանեցիք աշխատանքից, թե շան գլուխն իրականում այլ տեղ էր թաքնված:
-Չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային:
-Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կա:
-Ինձ համար հաճելի թեմա չէ դա: Մարդու ինքնասպանության թեման չի կարելի վերցնել եւ դարձնել ինչ-որ շահարկման առարկա, դա սխալ է:
-Դեռ հարց է՝ նա ինքնասպա՞ն է եղել, թե՞ սպանել են:
-Դա չգիտեմ արդեն, ես ցավով լսել եմ այս դեպքի մասին, եւ այսքանով սահմանափակվենք:

 

 

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ՈՒՂՂՈՐԴԵՑԻՆ ՔՆՆԻՉՆԵՐԻՆ, ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԴԱՏԱԽԱԶԸ

Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքից գողացված հանքաքարերը բաժանելու շուրջ առաջացած անհամաձայնությունը 2014թ հոկտեմբերի 12-ին ավարտվեց սպանությամբ: Ու քննիչները փոխանակ խորությամբ ուսումնասիրեին խնդիրը՝ հասկանալու համար, թե ինչու են նույն ազգի ներկայացուցիչները միմյանց դեմ դուրս եկել, ակնհայտ ուղղորդված ձեւով ավարտեցին գործի նախաքննությունը, եւ գործը մտավ դատարան:

Հիշեցնենք, որ նշված օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում ավտոմեքենայի մեջ սպանվեց 33-ամյա Արման Մանուկյանը: Այս գործով կալանավորվեցին Վարդենիս քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը, որը կրակել էր Արմանին, եւ Սարգիս Գալստյանը (Ապեր), որն իբրեւ թե եղել է դեպքի վայր հասած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:
Կալանավորված Սարգիս Գալստյանի հարազատներն այս ամիսների ընթացքում մշտապես բարձրաձայնեցին քննչական մարմինների կողմից թույլ տրված ապօրինությունների մասին: Նշվեց՝ որեւէ ապացույց չկա, որ Արման Մանուկյանին սպանող Սասուն Կարապետյանը դեպքի վայր է հասել Սարգիս Գալստյանի «Մերսեդեսով»: Վերջինիս մեղադրելու միակ հիմքը եղել է այն, որ մի անչափահաս երեխա՝ 11-ամյա Արա Գրիգորյանը, առանց ծնողների գիտության եւ մասնակցության, քննիչների ճնշման տակ ցուցմունք էր տվել, թե ինքը տեսել է, որ դեպքի վայրում եղել է Ապերի «Մերսեդեսը»: Ու թեեւ երեխայի ծնողները բողոքեցին, նաեւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին նամակ ուղարկեցին՝ հայտնելով, որ անչափահաս երեխայի տված ցուցմունքները կորզվել են ապօրինաբար, այնուամենայնիվ, իրավիճակը չփոխվեց: Քննիչները, առանց որեւէ հիմնավոր ապացույցի «հալած յուղի տեղ» ընդունելով անչափահաս երեխայի խոսքերը, ըստ էության, սարքեցին քաղաքացու գլխին: Եւ որպեսզի գործի քննության վերահսկողությունն իր ձեռքը վերցրած ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Թամազյանի մոտ կասկածներ չառաջանան, մարզի քննիչները զեկուցել են նրան, թե Ապերը նախկինում դատապարտված է եղել եւ պետք է հիմա էլ «նստի»: Ուշագրավ է, որ Թամազյանն այդպես էլ չստուգեց, թե իր ենթակա քննիչներից ով քանի անգամ է հանդիպել, շփվել այն մարդկանց հետ, որոնց անունները՝ որպես սպանության կազմակերպիչ, տվել էր սպանված Արմանի եղբայրը՝ Գրիշա Մանուկյանը, armlur.am-ի հետ զրույցում: (Հիշեցնենք, որ նա Վարդենիսում զինված բանդայի մասին էր խոսել): Չպարզեց նաեւ՝ արդյո՞ք քննիչներին ինչ-որ բաժին է հասել հանքից գողացված ոսկու ձուլակտորներից…
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սարգիս Գալստյանի հարազատներից մեկը պատմեց, որ Սարգիսը միջնորդություն էր ներկայացրել քննչական մարմին, որ մինչ գործը դատարան ուղարկելը, 5 օր ժամանակ տան իրեն, որպեսզի ծանոթանա գործի մանրամասներին: Ավելին՝ Սարգիսը խնդրել էր քննիչներին, որպեսզի առերեսում լինի իր եւ դեպքի ականատես երեխայի միջեւ, սակայն ոչ մի միջնորդություն էլ չի բավարարվել, եւ գործն ուղարկվեց դատարան:
Ըստ ամբաստանյալի հարազատների` իրենք չեն լռելու եւ թույլ չեն տա, որ Սարգիսը անարդար կերպով 8-15 տարի հայտնվի ճաղերի հետեւում: Նրանք մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան կհասնեն, ու չի բացառվում՝ հաղթեն, քանի որ անչափահասի մեկ ցուցմունքով մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն:
Հ. Գ. Սարգիս Գալստյանի հարազատներից տեղեկացանք, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն ՔԿՀ-ում նրան չեն բուժում:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 
ԴԱՏԱՎՈՐԻ ԴՈՒՍՏՐԸ
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ օրեր առաջ Շիրակի մարզի Ազատան համայնքի մանկապարտեզում տնօրենի պաշտոնի համար մրցույթ է անցկացվել, որը բազում դժգոհություններ է հարուցել: Պարզվում է՝ մանկապարտեզի տնօրենի պաշտոնի թեկնածուները շատ են եղել, սակայն անկախ մրցակցությունից, տնօրեն է ընտրվել Շիրակի մարզի դատարանի դատավոր Սուրիկ Մնացյանի դուստրը: Ավելին՝ պարզեցինք, որ մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից մեկն էլ եղել է Շիրակի ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանի կինը, սակայն այդպես էլ չի հաղթել: Ըստ շրջանառվող լուրերի՝ դատավոր Մնացյանը ջանք ու եռանդ չի խնայել, որ իր դուստրը մանկապարտեզի տնօրեն նշանակվի:
Ինչպե՞ս հաջողվեց վիճահարույց մրցույթ կազմակերպել ու տնօրեն դուստր ունենալ: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնացյանի հետ:
-Պարո՛ն Մնացյան, Ազատանի բնակիչները դժգոհում են, որ Ձեր դուստրը անարդար կերպով ընտրվեց մանկապարտեզի տնօրեն: Տեղյա՞կ եք դժգոհություններից:
-Չեմ էլ ուզում լսեմ այդ մասին, իմ դուստրը դասախոս երեխա էր, ինչու պետք է գնար այնտեղ, լեզուներին տիրապետող աղջիկ է, ես երկու ձեռքով դեմ եմ եղել, որ նա գնար այնտեղ եւ տնօրեն նշանակվեր:
-Ասում են՝ եթե չլիներ Ձեր միջամտությունը, նա չէր հաղթի մրցույթում:
-Չեմ խառնվել եւ, ընդհանրապես, որեւէ հարցով չեմ միջամտել: Եկեք գյուղ, հարցրեք բոլորին, հետաքրքրվեք, թե ինչը ոնց է եղել:
-Իսկ Դուք Ձեր դստեր հետ խոսե՞լ եք այն մասին, ասե՞լ եք, որ չեք ցանկացել՝ ինքը մասնակցի տնօրենի մրցույթին:
-Ասեցի՝ քեզ պետք չի, բայց իրեն համոզել էին, քանի որ մանկապարտեզն ահավոր վիճակում է եղել: Նա ամուսնացած է, ամուսին ունի, երեխաներ, եւ հետո ես շատ հեռու եմ այս ամենից, այնքան ծանրաբեռնված եմ, որ այլ բաների մասին չեմ կարող մտածել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՊՆԴՈՒՄ Է
Դեռեւս 2011 թվականին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նամակ էր ստացել ոմն Գուրգեն Աղաջանյանից, որտեղ քաղաքացին նշել էր, որ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը եւ նրա տեղակալ Աշոտ Մարկոսյանը չարաշահումներ են իրականացրել: ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի ֆինանսատնտեսական վարչության նախկին պետ Գ. Աղաջանյանը «Ժողովուրդ»-ի դեմ դատական հայց էր ներկայացրել, որտեղ նշել էր, թե ինքը որեւէ առնչություն չունի այդ նամակի հետ: Գ. Աղաջանյանը մինչ օրս պնդում է, որ ինքը «Ժողովուրդ»-ի խմբագրություն նման բովանդակությամբ նամակ չի ուղարկել: Դա գուցե եղել է Գուրգեն Աղաջանյան անունով այլ քաղաքացի:




Լրահոս