Վատիկանի սուրբ արարողությունը պատմական իրողություն էր. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հաղորդագրություն է տարածել՝ երեկ Հռոմի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագի արարողության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Վստահ եմ՝ համայն հայությունը ոգևորությամբ և նվիրական զգացումներով հետևեց Հռոմի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագի արարողությանը: Լսեցինք խոսքեր՝ ուղղված ողջ մարդկությանը և՛ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի անունից, և՛ կաթողիկոս Գարեգին 2-րդ-ի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինի և Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի կողմից:

Այս սուրբ արարողությունը իրոք պատմական իրողություն էր, շատ ու շատ մարդկանց, ում համար դեռևս պարզ չէր, հասցրեց ու նախանշեց արդար և ազնիվ մարդկանց վերաբերմունքը ՝առ ցեղասպանությունը, անմեղ նահատակների հիշատակը, նաև՝ առ այն կազմակերպիչներն ու հանցագործները, որոնք իրագործել են դարի մեծագույն ոճրագործությունը:

Սա , մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն էր, և կարծում եմ, մեր կողմից որդեգրած՝ ճանաչման ու դատապարտման պահանջի անօրինակ բարձր և ազդեցիկ մի հնչողությունն էր , իրադարձություն, որի նշանակությունը մարդկության համար շատ կարևոր է և ժամանակի մեջ դեռ իմաստավորվելու է ու երևալու:

Այստեղ, անշուշտ, նշանակալի է մեր եկեղեցու հովվապետերի, հոգևոր առաջնորդների ազդեցիկ խոսքը , մեր սփյուքահայ հաստատությունների աշխատանքը, որով հասանք դրան, մեր արտաքին քաղաքական գերատեսչության և հատկապես՝ Վատիկանում մեր արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աշխատանքը, այն նվիրվածությունը, համառությունն ու դրսում վայելող հեղինակությունը, որը տվեց իր արդյունքը:

Կարծում եմ, որ Հայաստանում և ամբողջ քրիստոնեական աշխարհում չկա մի մարդ, ով անմասն ու անտարբեր մնաց այս ընթացքում, և ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ աթոռում ունեցած իր ելույթում նշեց՝ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար մարդկության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկի դատապարտումը չէ միայն, մեր պայքարն ամենից առաջ այդ մեծագույն հանցագործության հետևանքով աշխարհից պակասած հավատի ու վստահության՝ քաղաքակրթության մեծագույն արժեքները քաղաքակիրթ աշխարհին ու մարդկությանը վերադարձնելու համար է»։

Մենք այդ ճանապարհի վրա ենք.

Երախտապարտ ենք վեհափառ հայրապետ Գարեգին 2-րդ-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինին և Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքին՝ այս նշանակալի իրադարձության և համայն հայության իղձերն ամփոփող ազդեցիկ խոսքի համար:

Շնորհակալություն Ձե՛զ, Հայաստանի հանրապետության նախագահ»:




Լրահոս