Այսօր էլ ազատությունը գտնվում է բանտախցում. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր էլ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ մարդիկ հետապնդվում են իրենց արտահայտած հայացքների եւ քաղաքական մտքերի համար, եւ այսօր էլ ազատությունը գտնվում է բանտախցում: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա մասնավորապես հայտարարել է.

«Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին՝ ինչպես կենդանի մարդկանց։ Հետեւելով այս գեղեցիկ սովորությանը՝ Հայոց գրողների ընկերության անունից 1913թ. Հովհաննես Թումանյանը դիմեց մեծն Րաֆֆու հոգուն.

«Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, եւ թերեւս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել. Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, եւ «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք…»։

Սակայն 130 տարի անց այս ամենը դեռ մենք չենք կարողացել իրագործել: Այսօր էլ ապրիլ ամիսն է, այսօր էլ մեր կյանքը դեռ չի բարելավվել, այսօր էլ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ մարդիկ հետապնդվում են իրենց արտահայտած հայացքների եւ քաղաքական մտքերի համար, եւ այսօր էլ ազատությունը գտնվում է բանտախցում:

Դուք ականատեսն եք, սիրելի´ հայրենակիցներ, ինչպես վերջերս՝ մի քանի օր առաջ, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պարկեշտ, լիարժեք եւ օրինապաշտ քաղաքացիների նորից բանտարկում: Այս ամենը մեզ գալիս է ահազանգելու, որ մենք իրավունք չունենք այսպես, ցիրուցան եղած, ուղղակի տանը նստելով՝ հանդուրժել այս ցավալի իրավիճակը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում, որը տիրում է ամենուր՝ մեր հանրության բոլոր ոլորտներում: Հետեւաբար, այն կոչը, որ մեզ պատգամել են մեր մեծերը, այն կոչը, որն այսօր կա մեր բոլորի սրտում, եկեք կյանքի կոչենք, եկեք բոլորս միահամուռ, հավաքական ուժի ներքո, դուրս գանք եւ հաղթահարենք այս հանիրավի բանտարկությունները, այս հանիրավի իրավիճակը, որը թակել է բոլորիս դուռը»:




Լրահոս