Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. վարչապետը` ԵԽԽՎ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:

Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել մեր երկրի և ԵԽԽՎ-ի միջև փոխգործակցությունը: Վարչապետը կարևորել է տիկին Բրասերի այցը Հայաստան և նշել, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը:

Իր հերթին, Անն Բրասերն ընդգծել է հայաստանյան պատվիրակության ակտիվ ներգրավվածությունը ԵԽԽՎ աշխատանքներում և նշել, որ այն նպաստում է խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներին և հնարավոր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողությունները, ինչը չի նպաստում հակամարտության լուծմանը, իսկ դրա հետևանքով իրավիճակը շփման գծում շարունակում է մնալ լարված:

Անն Բրասերը ևս անընդունելի է համարել հակամարտության գոտում լարվածության աճը և նշել, որ ԵԽԽՎ-ի համար գոյություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեկ ուղի՝ երկխոսություն հակամարտող կողմերի միջև:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է այս ուղղություններով հետևողական գործողությունների իրականացումը:

Զրուցակիցներն քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:




Լրահոս