Ով է վճարել մշակույթի նախարարի ուղևորությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ը գրավոր դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը հետեւյալ հարցով` 2015 թվականին մշակույթին հատկացված բյուջեից արտասահմանյան ուղեւորությունների համար որքա՞ն գումար է նախատեսվել հատկացնել նախարար Հասմիկ Պողոսյանին` մեկ տարվա կտրվածքով եւ որքա՞ն է հատկացվել 2014-ին: Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ նշել են, որ 2014 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված գործուղումների համար հատկացվել է 670.900 դրամ: Իսկ ինչ վերաբերում է այս տարվա ծախսերին, նախարարությունից տեղեկացրել են. «2015 թվականի պետական բյուջեից առ 07.04.2015թ. գումար չի հատկացվել, քանի որ մինչեւ նշված ժամկետը պաշտոնական այց չի կատարվել»:

Նկատենք, որ մենք հարցրել ենք` որքա՞ն գումար է նախատեսվել հատկացնել արտասահմանյան ուղեւորությունների համար, եւ երբ նախարարությունը հարցին պատասխանել է՝ 2014 թվականի կտրվածքով օգտագործել է «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված գործուղումներ» ձեւակերպումը, իսկ երբ անդրադարձել է 2015-ին, սահմանափակվել է միայն պաշտոնական այցերի մասին հիշատակումով:

Այնինչ այս տարվա հունվարի 18-20-ը կայացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Ավստրիայի Հանրապետություն, նախարարը ներկա է գտնվել Ավստրիայի Կարինթիա երկրամասի մայրաքաղաք Քլագենֆուրտի «Կոնցերտհաուս» համերգասրահում տեղի ունեցած «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերային: Ավելի ուշ` 2015-ի մարտի 27-29-ը, Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի եւ Լյուդվիգ Վան Բեթհովենի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկայի հրավերով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այցով մեկնել է Վարշավա:

Արդեն մարտի 5-ին Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ի՞նչ են վերը թվարկվածները, եթե ոչ արտասահմանյան ուղեւորություններ. կարելի է ենթադրել, թե նախարարն իր գրպանից է վճարել այդ այցելությունների համար: Անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը շրջանցել սրանք` խուսափելով տրամադրել որեւէ տեղեկություն այդ ուղեւորությունների համար հատկացված գումարի չափի վերաբերյալ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս