Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Գյումրիում երեկ սպանության նոր դեպք է գրանցվել: Դանակի բազմաթիվ հարվածներով իրենց բնակարանում սպանվել են 89-ամյա Քնար Շահումյանն ու նրա դուստրը` 41-ամյա Ալվարդ Շահումյանը: Շրջանառվող լուրերի համաձայն` մայրն ու աղջիկը «տոկոսով գումար» տալիս են եղել: Դուստրն աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային մասնաճյուղում` որպես հավաքարար: Ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը Aravot.am-ին հայտնել է, որ շնորհքով, աշխույժ, կենսախինդ ու անչափ գեղեցիկ կին էր Ալվարդը: Մեսրոպ Ղալաչյանը տեղեկացրեց, որ նա ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, մայրը հիվանդ էր, ուներ մի քույր, որը բնակվում էր Մոսկվայում, իսկ քրոջ աղջիկը բնակվում է այստեղ:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ աղջիկը բավականին հարուստ է, ինչ-որ բիզնեսներ ունի: Նա պարբերաբար ֆինանսապես օգնել է մորն ու քրոջը: Ի դեպ, ռուսաստանաբնակ կինը դուստր ունի, ով բնակվում է Գյումրիում, ամուսնացած է, ամուսինն էլ Գյումրիում հաջողված գործարար է:
Այս պահին սպանության դրդապատճառներից հիմնական վարկածը գումարային հարցերն են: Պաշտոնական որևէ վարկած իրավապահ մարմինները չեն հայտնում` ելնելով նախաքննական գաղտնիությունից:
Հարևաններն Armlur.am-ին հայտնել են, որ սպանված աղջիկն ամուսնացած չի եղել: Կապված է եղել տաքսու վարորդի հետ, ով ամուսնացած է և երեխաներ ունի:
Սպանվածներին վերջին անգամ տեսել է տարեց հարևանուհին: Վերջինս էլ ոստիկանություն և շտապօգնություն է ահազանգել: Երբ կինը շտապել է օգնության, վերադարձել է Շահումյանների բնակարան և հայտնաբերել նրանց դիակները: Սպանվածների պարանոցները կտրված են եղել: Իսկ շենքի առջև կայանված է եղել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը, մեր տեղեկություններով, առնչվում է սպանության հետ: Ավտոմեքենան տեղափոխվել է Ախուրյանի հատուկ պահպանության տարածք: