Վարդան Օսկանյանը, որին երեկ ԱԱԾ քննչական վարչությունը արդեն պաշտոնապես փողերի լվացման մեղադրանք առաջադրեց, հարցազրույց է տվել սեփական «ՍիվիլՆեթ» կայքին եւ հայտարարել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պետք է ունենա սեփական թեկնածու: «Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ եւ մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, եւ ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա միանշաակ, նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- ասել է Օսկանյանը: Ուշագրավ է, որ իր նախագահական նկրտումների մասին Օսկանյանն առաջին անգամ բացեիբաց հայտարարեց հենց իրեն մեղադրանք առաջադրելու օրը` այդպիսով, փաստորեն, էլ ավելի թեժացնելով այս գործընթացի ԲՀԿ բառապաշարով ասած` «քաղաքական կոմպոնենտը»: Հարցն այն է, սակայն, թե արդյո՞ք այդ հայտարարությունը նա արել է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի հետ համաձայնեցնելով, թե հերթական անգամ առաջ է ընկել ԲՀԿ-ից` իր հայտարարություններով ծանր կացության մեջ դնելով հարազատ կուսակցությանը: Հիշենք, որ դեռ ԲՀԿ-ի մարտին կայացած համագումարից սկսած` Օսկանյանը մշտապես հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնցով այսպես թե այնպես ԲՀԿ-ին դրել է անհարմար վիճակի մեջ: Սակայն միեւնույն ժամանակ` նաեւ այնպես է արել, որ կուսակցությունն ուզած- չուզած` ստիպված է եղել գոնե մասմաբ հետեւել իր նախանշած լուծումներին: Այդպես եղավ նաեւ ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու հարցում, երբ Օսկանյանը դարձյալ առաջ ընկնելով Ծառուկյանից` շտապեց իր սեփական լրատվամիջոցով հայտարարել, թե ԲՀԿ-ն չպետք է մտնի կոալիցիա: Տեւական ժամանակ նրա բոլոր հայտարարություններին ԲՀԿ-ն արձագանքում էր` «դա Օսկանյանի անձնական տեսակետն է» անփոփոխ ձեւակերպմամբ: Անգամ փողերի լվացման գործի ի հայտ գալուց հետո ԲՀԿ-ականները չորս ամիս շարունակ լռում էին: Եվ միայն ԱԺ-ում ԲՀԿ երկրորդ համարին անձեռնմխելիությունից զրկելու հարցը բարձրացվելուց հետո, կուսակցության ղեկավարությունը, այն էլ` ի դեմս ընդամենը խմբակցության քարտուղարի, ստիպված եղավ քաղաքական հայտարարություն անել, քանզի հակառակն անելն արդեն ուղղակի կհարվածեր ԲՀԿ վարկին: Եվ երկարատեւ բացակայությունից հետո Հայաստան վերադարձած ու Սերժ Սարգսյանի հետ գեներալ Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին մասնակցած Գագիկ Ծառուկյանի երեկվա արձագանքն էլ, թե ամեն բան արվում է իր գիտությամբ, գալիս է եւս մեկ անգամ հաստատելու, որ ԲՀԿ-ն ժողովրդի լեզվով ասած` «նամուսի խաթեր» է պաշտպանում Օսկանյանին: Այս առումով միանգամայն օրինաչափ է Օսկանյանի` վերը նշված հայտարարությանը հետեւած ԲՀԿ խոսնակի արձագանքը, թե. «Նախագահական ընտրությունների հետ կապված կուսակցությունը նոր ասելիք չունի»:
Ժողովուրդ.ԲՀԿ-ն ասելիք չունի.Խմբագրական
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ