Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վաղվա ուղերձում 1915թ. դեպքերն այդպես էլ չի ճանաչելու որպես ցեղասպանություն, Հայաստանի արևմտամետ շրջանակները, բառիս բուն իմաստով, պապանձվել են:
Նրանցից որևէ մեկն այդպես էլ համարձակություն չունեցավ քննադատելու իր դոնորների նախագահի պահվածքը, որը ոչ միայն բարոյական չէր, հաշվի առնելով Օբամայի նախընտրական հավաստիացումները, այլև զուտ քաղաքականապես էր սխալ` հաշվի առնելով ցեղասպանության ճանաչման հարցում ստեղծված աննախադեպ իրավիճակը: Հենց հիմա ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` ԱՄՆ-ն ողջ պատասխանատվությունն ու հետևաբար Թուրքիայի դիմադրության ողջ ծանրությունը միայն իր վրա չէր վերցնի: Թուրքերի կատաղությունը պարզապես չէր հերիքի ողջ աշխարհին ընդդիմանալու համար, և ԱՄՆ նախագահի ուղերձը կարող էր լինել հենց այն վերջին հարվածը, որը հասցվելով թուրքական ժխտողականությանը, ծնկի կբերեր այն:
Սակայն դա տեղի չունեցավ, և ակնհայտորեն այն պատճառով, որ Սպիտակ տունը պարզապես չցանկացավ դա անել` Մերձավոր Արևելքում իր քաղաքական շահերից ելնելով: Ճի՞շտ էր այդ հաշվարկը` հենց նույն Մերձավոր Արևելքում զարգացումների հետագա ընթացքի տեսանկյունից, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ ԱՄՆ-ն անթաքույց կերպով, բաց տեքստով ասաց` սիրելի հայեր, այո, ձեզ ցեղասպանել են (ի վերջո, ԱՄՆ 46 նահանգ դա ճանաչել է), սակայն մենք թքած ունենք այդ փաստի վրա, արդարության վերականգնման, մարդու իրավունքների, ազատությունների և նման այլ «ամերիկյան հեքիաթների» վրա և շարունակում ենք սիրաշահել թուրքերին, քանի որ նրանք շարունակում են հարմար գործիք մնալ ամերիկյան զինված ուժերի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում պարբերաբար իրականացվող «մարդասիրական սպանդի» համար: Այսքան բան:
Եվ եթե ԱՄՆ-ի դեպքում սա մեր հարգարժան արևմտամետների կաստան համարում է հասկանալի մոտեցում` real politik, ապա չգիտես ինչու, Ռուսաստանի կողմից սեփական շահերին հետամուտ լինելու ամենափոքր դրսևորումը, որը մեր սրտով չէ` անմիջապես որակվում է որպես դավաճանություն: Իհարկե, Ռուսաստանն էլ միշտ չէ, որ իր քայլերը կառուցում է բացառապես Հայաստանի շահերը հաշվի առնելով, սակայն հենց թեկուզ ցեղասպանության հարցում համեմատության եզր անգամ չկա ՌԴ և ԱՄՆ պահվածքի միջև: Ի վերջո, վաղը Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանի կողքին է լինելու ոչ թե Բարաք Օբաման, այլ՝ Վլադիմիր Պուտինը, ում երեկվա ուղերձը ևս, այս առումով, փակեց բոլոր հարցերը: Այնինչ, այս փուլում Թուրքիան Ռուսաստանի համար շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան՝ ԱՄՆ-ի, սակայն, չնայած սրան, Ռուսաստանը կատարեց դաշնակցին վայել ընտրություն:
Այնպես որ, հարգելի արևմտամետներ. չի կարելի անընդհատ նսեմացնել, նվաստացնել և արժեզրկել ունեցածն ու արժևորել, գովերգել և հիանալ չունեցածով:
Եղիա Նիկողոսյան