Այսօր Երևանի «Դինամո» ակումբում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հետ ցուցադրական մարզումներ անցկացրեց խառը մենամարտերի (MMA) բացարձակ չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև` ձյուդոյի աշխարհի փոխչեմպիոն Ռոնդա Ռոուզին:
Նա Հայաստան է եկել` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Աշխարհի ամենուժեղ կնոջ մոտ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են արթնացրել նրա հայ մարզիչները:
Armlur.am-ը ներկայացնում է Ռոնդա Ռոուզիի հետ բացառիկ հարցազրույցը:
– Ռոնդա Ռոուզի, արդյոք համապատասխանում են ճիշմարտությանն այն լուրերը, որ դուք կիսով չափ հայ եք, մասնավորապես ձեր տատիկը հայ է:
– Տատիկներիցս մեկը Վենեսուելայից է, մյուսը` Լեհաստանից, այնպես որ հայի արյուն չի հոսում իմ երակներով, սակայն իմ մարզիչը հայ է, և հենց նրա շնորհիվ է, որ հասել եմ նրան, ինչ ունեմ:
– Ե՞րբ եք առաջին անգամ լսել Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին:
– Մայրս ձյուդոյով էր զբաղվել հայերի հետ, և ես հայերի մասին լսել եմ, երբ դեռ բավական փոքր էի` 11-12 տարեկան: Ես գիտեմ 1915 թ. ցեղասպանության մասին և այն մասին, թե ինչ են արել թուրքերը հայերի հետ: Հուսով եմ, որ այստեղ իմ ներկայությամբ ես գոնե ևս մի քանի մարդու կտեղեկացնեմ, թե ինչ է եղել հայերի հետ: Հայաստանում կփորձեմ իմ փորձը փոխանցել հայ բռնցքամարտիկներին: Երևան եմ եկել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում աջակցելու համար:
– Ռոնդա, արդյո՞ք Ձեզ համար դժվար չի աշխատել հայազգի մարզչի հետ:
– Կարծում եմ` Էդմոնդը ամենահեշտ մարզիչն է, ում հետ կարելի է աշխատել, չնայած որ ինձանից մեծ աշխատանք է պահանջում: Սակայն համոզված եմ, որ մեր երկուսի համագործակցությունը շատ բեղմնավոր է:
– Հե՞շտ է լինել կին ու դրա հետ մեկտեղ` չեմպիոն: Արդյոք տղամարդիկ չե՞ն վախենում ձեզանից:
– Կարծում եմ` չեմպիոն լինելը բոլորի համար էլ հեշտ է: Սակայն չափազանց դժվար է լինել աշխարհում ամենալավը: Իսկ թե արդյոք տղամարդիկ ինձանից վախենում են, թե` ոչ, չգիտեմ, նրանք ինձ հետ այդ մասին չեն խոսել դեռևս:
– Երբևէ փորձե՞լ եք ձեր ուժը կիրառել նաև փողոցում:
– Այո, ուժս կիրառել եմ փողոցում շատ վաղուց, երբ դեռ երիտասարդ էի ու հիմար: Իսկ այժմ կռվում եմ, որովհետև դա ինձ եկամուտ է բերում:
– Ինչո՞ւ որոշեցիք թողնել ձյուդոն ու զբաղվել խառը մենամարտերով:
– Ես շատ դժբախտ էի ձյուդոյով զբաղվելու ժամանակ, քանի որ չէի կարողանում ամբողջությամբ ինքնաարտահայվել, սակայն MMA-ում ես գտա իմ ողջ կիրքը արտահայտելու տարբերակը:
– Կա՞ն հայազգի հայտնի մարզիկներ, որոնց հետ անձամբ եք ծանոթ:
– Իհարկե, կան: Ծանոթ եմ կարկառուն հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասիի, Վիկ Դարչինյանի, Արթուր Գրիգորյանի հետ:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում
Տաթև Ֆռանգյան, Տիգրան Սարգսյան