Ինտերնետային շփումը վնաս է, ինչպես խաղատուն գնալը, եթե «տորմուզներդ» չեն «աշխատում» կամ չունես: Այդ հետաքրքրությունները հատկապես վտանգավոր են դառնում անչափահասների ու չափահասության շեմը նոր անցածների, օրինակ՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված Գուգուշի ու նրա ցանցն ընկած երկու՝ միմյանց բարեկամուհի անչափահասներ 15-ամյա Վարդուշի եւ Թութուշի դեպքում (գործող անձանց անունները փոխված են):
Քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ Երեւանի բնակիչ 24-ամյա Գուգուշն այնքան է սիրել խաղատուն գնալ ու խնդիրներ առաջացնել ընտանիքի անդամների համար, որ նրան տնից վռնդել են: Գուգուշն էլ ստիպված բնակություն է հաստատել իրենց ավտոտնակի նկուղում կամ հյուրանոցներում: Եւ քանի որ փողի աղբյուր չի ունեցել, բնակատեղիում էլ ձանձրալի է եղել, Գուգուշը քիչ փող ունեցած ժամանակն անցկացրել է ինտերնետային ակումբներում՝ աղջիկ-մաղջիկ «կպցնելով», իսկ երբ վերջիններիս միջոցով նրա ձեռքը փող է ընկել, տեղափոխվել է խաղատներ ու խրվել պարտքերի մեջ: Գուգուշն այդպես է ասել իրենից տուժած անչափահաս Վարդուշին, ում հետո բռնաբարել ու տիրացել է նրանց տան ոսկեղենին:
Ըստ մեղադրանքի՝ Գուգուշը Վարդուշի հետ սեռական հարաբերություն ունենալու եւ խաբեությամբ նրանից հափշտակություն կատարելու նպատակով հանդիպումներ է ունեցել վերջինիս հետ, նրան սեր խոստովանել եւ ամուսնության խոստումներ տվել: Նույնիսկ մի քանի անգամ սուրճ հյուրասիրելու պատրվակով Գուգուշը նրան հրավիրել է Երեւանի հյուրանոցներից մեկը՝ իր ժամանակավոր բնակատեղի: 2010թ. մայիսի վերջին՝ գիշերը, Գուգուշը Վարդուշին կրկին հրավիրել է հյուրանոցի իր սենյակ եւ ոգելից խմիչքներ առաջարկել: Երբ Վարդուշը հրաժարվել է, Գուգուշը սեր է խոստովանել եւ անսպասելիորեն հարձակվելով նրա վրա` սկսել համբուրել: Աղջիկը փորձել է դիմադրել, սակայն Գուգուշը նրան գցել է անկողնու վրա եւ բռնաբարել:
Հաջորդող օրերին տղան Վարդուշից պահանջել է իրեն տալ ընտանիքի անդամների ոսկյա զարդերը եւ սպառնացել, որ մերժման դեպքում բոլորին կպատմի իրենց հանդիպումների եւ սեռական հարաբերության մասին: Եւ օրեր անց Վարդուշն ընտանիքի անդամներից գաղտնի Գուգուշին է հանձնել 1 մլն 700 հազ. դրամ արժողության 120 գրամ քաշով ոսկյա զարդերը, որոնք վերջինս շորթմամբ հափշտակել է: Իսկ այդ ժամանակահատվածում նույն ձեւով համացանցով ծանոթացել է նաեւ Վարդուշի տարեկից բարեկամուհու՝ նույն թաղում բնակվող Թութուշի հետ: Նրա հետ եւս Գուգուշը մտերմիկ հարաբերություններ է ստեղծել, շահել նաեւ անչափահաս Թութուշի վստահությունը, սեր խոստովանել եւ նույն ձեւով տիրացել նրանց տան ոսկեղենին, սակայն Թութուշի ծնողներն ավելի շուտ են գլխի ընկել եւ Գուգուշից հետ են վերցրել իրենց ոսկեղենը: Թութուշը, բարեբախտաբար, սեռական բռնության չի ենթարկվել:
Իրեն առաջադրված մեղադրանքներից Գուգուշը միայն վստահությունը չարաշահելով կատարված խարդախությունն է ընդունել, իսկ բռնաբարությունն ու շանտաժով կատարված շորթման մեղադրանքը՝ ոչ, եւ պատմել է իր վարկածը: Ըստ այդմ` ինքը Վարդուշին ճանաչել է իրենց թաղամասից, բայց «պաշտոնական» ծանոթությունը տեղի է ունեցել 2010-ի ապրիլ ամսին՝ «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով: Գուգուշի պատմելով՝ իրենք շփվել են Վարդուշի առաջարկով, սակայն ինքը միշտ հորդորել է նրան «խելքը գլուխը հավաքել»: Մի օր էլ, երբ ինքը ինտերնետ-ակումբում է գտնվել, եւ գիշերային ուշ ժամ է եղել, ցանկացել է հրաժեշտ տալ Վարդուշին, բայց վերջինս իրեն առաջարկել է գնալ իրենց բակ, իրեն ջուր հյուրասիրել եւ դրանից հետո նոր որոշել` ինչ անել: Դե, Գուգուշն էլ գիշերվա ժամը 1-ին գնացել է Վարդուշենց բակ առանց ջրի: Այդ ժամանակահատվածում Գուգուշն ընտանեկան խնդիրների պատճառով բնակվել է Երեւանի հյուրանոցներից մեկում, եւ Վարդուշը պնդել է, որ Գուգուշը հայտնի իր բնակվելու տեղը, որպեսզի ինքը գա ու «սիրտը բացի»: Հետո Վարդուշը եկել է հյուրանոցի իր սենյակ ու սկսել է պատմել իր զգացմունքների մասին, սակայն ինքը՝ Գուգուշը, խորհուրդ է տվել նրան խելքը գլուխը հավաքել եւ դասերի մասին մտածել: Գուգուշի խոսքով՝ իրենք այն աստիճան են մտերմացել, որ ինքը Վարդուշից պարտքով գումար է խնդրել, սակայն վերջինս հայտնել է, որ ծնողներից գաղտնի իրենց ոսկեղենը կբերի:
Գուգուշը գիտակցել է, որ սխալ է գործում, սակայն համաձայնել է, քանի որ գումար է անհրաժեշտ եղել: Դրանից հետո Վարդուշն իրեն է տվել իրենց տան ոսկեղենը, որը չի վերադարձրել գործերի ձախողման պատճառով, ինչից հետո էլ Վարդուշի ծնողներն իմացել են եւ դիմել ոստիկանություն: Իսկ բռնաբարության մասին Վարդուշի ցուցմունքները Գուգուշը որակել է լկտի սուտ:
ՋՈ՛ՒՐ ՏՈՒՐ, ՏՈ՛ՒՆ ՏԱՐ՝ ՍԻՐՏՍ ԲԱՑԵՄ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ