Կրեմլից հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևանում կայացած ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցությունը Թուրքիայի կողմից բացասական արձագանքի համար առիթ չի հանդիսանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք համարում, որ նախագահի մասնակցությունը հիշատակի միջոցառումներին կարող է ինչ-որ կերպ բացասական մեկնաբանվել Անկարայի կողմից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, ով քննադատել էր ՌԴ նախագահի՝ 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու հայտարարությունը:
Պեսկովը նշել է, որ Հայաստանը ՌԴ համար չափազանց կարևոր գործընկեր է, հանդիսանում է ԵՏՄ անդամ, Ռուսաստանի տարածքում ապրում են մեծ թվով հայեր և ընդհանուր առմամբ` Մոսկվային ու Երևանին կապում են խորը պատմական արմատներ:
«Բնական է, որ նախագահը հիշատակի միջոցառումներին ներկա է եղել Երևանում այլ պետությունների ղեկավարների հետ միասին: Շատ կարևոր է ուշադիր ծանոթանալ նախագահ Պուտինի ելույթի հետ»,- նկատել է Կրեմլի ներկայացուցիչը:
Սրա հետ մեկտեղ` Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է հանդիսանում: