«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, անդրադառնալով Արցախի «Վերածնունդ» կուսակցության անդամների դեմ սպառնալիքներին, վստահեցրեց, թե նման բան չկա. «Դա զուտ հայտարարություն է՝ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»:
Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են թեժ լինել: Համենայնդեպս, Արցախը, որ մշտապես աչքի է ընկել ընտրություններում եւ, առհասարակ, քաղաքացիական կյանքում համերաշխության կոչերով, այս օրերին հայտնվել է լարված իրավիճակում: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից իրականացվող հալածանքների մասին: Ո՞վ է հալածում քաղաքական կառույցի ներկայացուցիչներին Արցախում եւ, առհասարակ, ի՞նչ հալածանքների մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեց նախ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասաց, թե իրենց կուսակցության դեմ իշխանությունների որդեգրած քաղաքականությունն արդեն զգացվեց քարոզարշավի երկրորդ օրը. «Առաջին օրը Ստեփանակերտի տարբեր կոլեկտիվների հետ հաջողված հանդիպումներին հաջորդեցին սակավամարդ հանդիպումները։ Դա շատ զարմանալի էր։ Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ հիմնարկների տնօրենները ցուցում էին ստացել մարդկանց արգելել մեզ հետ հանդիպումների գալը»:
Ըստ նրա` կուսակցության համակիրներից շատերին հանդիպում են ԱԱԾ բարձրաստիճան ծառայողներ եւ սպառնալիքներով պահանջում դադարեցնել քաղաքական ակտիվությունը. «Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԱԾ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Աշոտ Գրիգորյանին, ով հանդիպում է մեր համակիրներին, զգուշացնում «Ազգային վերածնունդ» կուսակցության օգտին չաշխատել, հակառակ դեպքում խոստանում խնդիրներ առաջացնել նրանց համար: Այդ նույն ծառայությունները ձեռնամուխ էին եղել մեր կուսակցության համակիրներից Էրիկ Օսիպյանին Արցախից հեռացնելուն, «հոգացել» էին արտերկիր մեկնելու նրա ծախսերը։ Պարզ ասած՝ իշխանությունները քաղաքացուն վտարել են երկրից նրա քաղաքական դիրքորոշման համար»։
Ըստ մեր զրուցակցի` կուսակցության նկատմամբ հալածանքները նաեւ պայմանավորված են այն հանգամանքով, որ ըստ շրջանառվող լուրերի՝ կուսակցությանը աջակցում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ինչեւէ, Հայկ Խանումյանն ասաց, որ կատարվածի մասին իրենք դատախազության թեժ գիծ ահազանգել են եւ նկատում են, որ ահազանգի արդյունքում որոշակի պրոցես գնում է. «Մարդիկ են կանչել դատախազություն՝ բացատրություն պահանջելու համար, տեսնենք՝ ինչ կլինի»:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԼՂՀ դատախազ Արթուր Մոսիյանի հետ:
-Պարո՛ն Մոսիյան, Արցախի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություններ է տարածում իշխանության ներկայացուցիչների կողմից հալածանքների մասին: Ի՞նչ քայլեր եք իրականացրել:
-«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատախազություն չի դիմել այդ հարցով, մեկ ուրիշ հարցով էին դիմել: Իսկ, ահա, այս շրջանում այդ հալածանքների մասով իրենք դիմել են մեր թեժ գծին, մարդիկ զբաղվում են, եւ իրենց ներկայացված դիմումները քննարկվում են:
-Արդեն գրեթե 4 օր է անցել, ինչ կուսակցության նախագահը կոնկրետ անուններ է տվել. խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԱԾ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Աշոտ Գրիգորյանին, ով հանդիպում է կուսակցության համակիրներին եւ սպառնում: Ավելին՝ նույն ծառայությունները ձեռնամուխ էին եղել կուսակցության համակիրներից Էրիկ Օսիպյանին Արցախից հեռացնելուն, «հոգացել» էին արտերկիր մեկնելու նրա ծախսերը: Այս ուղղությամբ կոնկրետ ի՞նչ քայլեր են արվել:
-Նման տեղեկատվությամբ դատախազություն ոչ ոք չի դիմել, իսկ ստացած բոլոր դիմումների հիման վրա մարդկանցից բացատրություններ ենք վերցրել: Կրկնում եմ՝ դիմումներն ընթացքավորված են օրենքով սահմանված կարգով:
-Միգուցե կուսակցությունը սպառնալիքների մասով դատախազությանը հանցագործության մասին հաղորդում հայտարարություն չի տրվել, սակայն մարդիկ մամուլով հայտարել եւ կոնկրետ անուններ են տվել: Սա բավական չէ՞, որ դատախազությունն ընթացք տա քաղացու հայտարարությանը:
-Ամեն մեկը հայտարարություններ է անում առանց հիմնավորման: Այսինքն՝ օդում արված ցանկացած հայտարարություն դա դեռ չի նշանակում, որ համապատասխանում է իրականությանը:
-Իսկ Դուք չեք էլ փորձե՞լ գոնե հասկանալ, հայտարարության լրջությունը ուսումնասիրել:
-Կրկնում եմ՝ զանգվածային լրատվության միջոցներով արված հայտարարությունները մենք հիմք ընդունում ենք, բայց սրանք հիմնավորված հայտարարություններ չեն:
-Ինչո՞ւ եք այդքան համոզված: Միգուցե բարձրագույն իշխանությունից կոնկրետ հրահա՞նգ ունեք՝ ընթացք չտալ այդ հայտարարություններին:
-Որեւէ մեկի կողմից որեւէ ուղղորդում չկա: Կրկնում եմ՝ դրանք զուտ հայտարարություններ են՝ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Մենք ցանկացած հայտարարություն ստուգում ենք: Կրկնում եմ՝ նման բան չկա, իրականությանը չի համապատասխանում:
Քնար Մանուկյան