2010թ. դեկտեմբերի 31-ին իրենց զինվոր ընկերոջը դեղորայք տարած չորս երիտասարդներ վեճի էին բռնվել զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի հետ, ինչի արդյունքում վերջինիս աշխատասենյակից փախչելու փորձ կատարած երիտասարդներից մեկը` 20-ամյա Տարոն Ենգիբարյանը, գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Ենգիբարյանը, տասն օր անց գիտակցության չգալով, մահացել էր: Հոկտեմբերի 5-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Բերդ) տեղի ունեցավ այդ գործով հերթական դատական նիստը: Մինչ զինվորական դատախազ Ներսես Միսակյանը կներկայացներ մեղադրական ճառը, ամբաստանյալներ Սերգեյ Կարապետյանի եւ Հրանտ Դալլաքյանի պաշտպան Մամիկոն Թորոսյանն առարկություն ներկայացրեց՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալներն անմեղ են: Նշենք, որ ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, նրանց պաշտպանը դատական նախորդ նիստերից մեկում պահանջում էր կարճել քրեական գործը՝ իր պաշտպանյալների արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Զինվորական դատախազ Ն. Միսակյանն իր մեղադրական ճառում դատարանից պահանջեց Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանին դատապարտել 14, իսկ նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման: Ս. Կարապետյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 6 հոդվածներով: Զինվորական դատախազն իր մեղադրական ճառում հրաժարվեց Կարապետյանին առաջադրված հոդվածներից մեկից եւ նրա ազատազրկման ժամկետ պահանջեց 5 հոդվածներով նախատեսված պատիժները մասամբ գումարելով: Ս. Կարապետյանի եւ Հ. Դալլաքյանի պաշտպան Մամիկոն Թորոսյանի պաշտպանական ճառը կլինի հաջորդ դատական նիստում՝ հոկտեմբերի 16-ին:
ԳՆԴԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ