ԹԱՓԱՆՑԻԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
«Ճապոնական Կեյո համալսարանի ուսանողները տեխնոլոգիաների օպտիկական քողարկման շնորհիվ ստեղծել են թափանցիկ ներքին կահավորանքով ավտոմեքենա»,-գրում է TopNews-ը: Ավտոմեքենայի վարորդը կարող է տեսնել, թե ինչ է կատարվում մեքենայից դուրս ու խուսափել ավտովթարներից: Այսպիսի մեքենայի ստեղծման սկզբունքն այն է, որ անտեսանելի տեսախցիկը ֆիքսում է մեքենայից դուրս կատարվածը, ու ներսում տեղադրված էկրանի միջոցով վարորդը տեսնում է դրսում կատարվածը: Մեքենայի հետեւում կատարվածն արձանագրվում է վարորդի նստատեղին՝ հետնամասում, տեղադրված էկրանի վրա:
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»
Մեծ Բրիտանիայի Իլֆրակոմբե ծովափնյա փոքրիկ քաղաքում տեղադրվել է հղի կնոջ ամենամեծ արձանը, որի հեղինակն է աշխարհահռչակ բրիտանացի արվեստագետ Դեմիեն Հըրսթը: Արձանն ունի 22 մ բարձրություն եւ կոչվում է «Ճշմարտություն»: Հըրսթի խոսքով՝ նա միտումնավոր է կնոջը ստեղծել սուրը ձեռքում եւ գրքերից կազմված պատվանդանի վրա կանգնած, քանի որ կարծում է, որ կինը ժամանակակից աշխարհում ճշմարտության ու արդարության իրական խորհրդանիշն է: Քաղաքային խորհուրդն արդեն հարյուրից ավելի բողոքներ է ստացել բնակիչներից, որոնք արվեստի այս գործը որակել են «ծաղրական, անհարգալից ու զզվելի»:
ԹՄՐԱՆՅՈՒԹԸ` ԿԱՇԱՌՔ
Բրազիլիայի հյուսիսում գտնվող Իտակոատիրա քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքապետի թեկնածու Կարմե Քրիստինա Լիման թմրանյութի տեսքով ընտրակաշառք է բաժանել: Ոստիկանության մոտ կասկած է առաջացել, երբ նկատել են, որ թեկնածուի մեքենայի մոտ մեծ թվով մարդիկ են հավաքված: Տեղի բնակիչները նշում են, որ թեկնածու կինը վաղ առավոտից սկսել է թմրանյութ բաժանել նրանց, ովքեր խոստացել են իր օգտին քվեարկել: Ոստիկանությունը թմրանյութ բաժանող թեկնածուի մեքենայում հայտնաբերել է կոկայինի հարյուրավոր փաթեթներ, որոնք սոսնձված են եղել այն թերթիկներին, որոնցում բացատրվում էր` ինչպես քվեարկել Լիմայի օգտին:
ԱՆՍՈՎՈՐ ՊԱՂՊԱՂԱԿ
«Չեխիայի մայրաքաղաք Պրահայից ոչ հեռու գտնվող սրճարաններից մեկը հաճախորդներին առաջարկում է պաղպաղակի լայն տեսականի՝ ամենաանկանխատեսելի համերով»,-գրում է Euromag-ը: Ճաշացուցակում ներկայացված է պաղպաղակի 300 տեսակ, որոնք ունեն համեմի, ապխտած մսի, սխտորի, գարեջրի, ինչպես նաեւ ուրցի համ: Բացի այդ, սրճարանն իր համարձակ հաճախորդներին առաջարկում է նաեւ խոզի մսի համով պաղպաղակ՝ համեմված թթու կաղամբով: