Նեպալի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցնում է 3700-ը: 7.9 մագնիտուտ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը տեղի էր ունեցել շաբաթ օրը, որից հետո մի քանի հետցնցումներ էին եղել: Նեպալի համար այս ողբերգությունը սպառնում է հումանիտար ճգնաժամի վերածվել: Հիվանդանոցներում արդեն իսկ տեղերի պակաս կա, ուտելիքը չի բավականացնում:
Տեղի ունեցած աղետին չի կարողանում անտարբեր մնալ ամբողջ աշխարհը: Մի շարք հայտնիներ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարում` բոլորի ուշադրությունը հրավիրելով այս ողբերգության վրա:
Երգչուհի Էննի Լեննոքսը բրիտանացիներին կոչ է անում 5-ական ֆունտ նվիրաբերել Oxfam բարեգործական կազմակերպությանը, որը հիմա մարդասիրական օգնություն է հասցնում Նեպալ:
Միջոցների հավաքմանը միացել է նաև գրող Ջոան Ռոուլինգը, որը Twitter-ում գրել է.
«Իմ սիրտն այսօր Նեպալում է: 1 ամիս առաջ ես այնտեղ հրաշալի մարդկանց հետ եմ ծանոթացել: Ես գումար եմ նվիրաբերում Oxfam-ի համար: Խնդրում եմ, միացեք ինձ»:
Բրայան Ադամսը գրում է. «Շատ տխուր է երկրաշարժի և բոլոր զոհվածների մասին լսելը: Իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր հիմա այնտեղ են»:
Քլոե Քարդաշյանը գրել է. «Իմ մտքերն ու աղոթքները Նեպալի հպարտ, քաջ ժողովրդի հետ են: Սա այնպիսի ցավալի ողբերգություն է»:
Դուեյն Ջոնսոնը գրում է. «Աղոթում եմ Նեպալի ժողովրդի և բոլորի համար, ում հարվածել են ողբերգական իրադարձությունները: Մի դադարեք հավատալ և ուժեղ մնացեք»: