«Եկեղեցի կառուցելու փոխարեն կարելի է գնել Սարոյանի տունը». այն աճուրդի կհանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում աճուրդի կհանվի հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը: Ինչպես տեղեկացնում է Fresno Bee-ն, 2729 W. Griffith Way հասցեում գտնվող տանը Սարոյանն ապրել է 17 տարի: Նրա մահից հետո տունը եւս 3 տեր է ունեցել, ապա վարձով է տրվել: Տունը կառուցվել է 1964-ին, ունի 3 ննջարան եւ մեկ լոգարան, պտղատու ծառեր: Աճուրդը նախատեսված է մայիսին:

Հայ հանրության արձագանքը Վիլյամ Սարոյանի տան` աճուրդի հանվելու լուրին բուռն է: Սոցցանցերի հայկական տիրույթում հայ օգտատերերը մեծ մասամբ նույն միտքն են արտահայտում. Սարոյանի տունը գնելը մեր ազգային արժանապատվության հարցն է:

11173648_853892281358506_613413281_n

Գրող Հրաչյա Սարիբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կոչ արեց մեր Կառավարությանը եւ ամերիկահայ համայնքին ոտքի կանգնել եւ գնել Սարոյանի տունը. «Ինձ թվում է` այդ աճուրդին պետք է միայն հայեր մասնակցեն: Սարոյանի տունը հայերս պետք է գնենք, ոչ թե այլազգի մեկը, ով բիզնես-շահեր է հետապնդում: Եթե մենք գնենք Սարոյանի տունը, կարող ենք վերածել այն տուն-թանգարանի: Դա նաեւ Սարոյանին որպես հայ գրող ներկայացնելու եւս մեկ առիթ կլինի, այս պարագայում պրոպագանդայի խնդիր էլ կա»,-կարծիք հայտնեց նա:

Հրաչյա Սարիբեկյանի խոսքով` Սարոյանի տունը, թերեւս, հնարավոր կլինի գնել ամերիկահայ համայնքի միջոցով. «Ամոթալի երեւույթ է, տարիներ առաջ նշեցինք Սարոյանի 100-ամյակը, մի գրողի, ով 50 հատորով գրական ժառանգություն ունի, այնինչ մենք մինչեւ այժմ մի քանի հատորն ենք հայերեն թարգմանել: Այնպես որ, Կառավարությունից ոչինչ էլ սպասելի չէ»,-ասաց նա:

Իսկ, ահա, գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանն այն համոզման է, որ այս հարցի լուծումը պետք չէ «գցել» սփյուռքի վրա. «Ինչպես երեւում է՝ օլիգարխների, եկեղեցի կառուցողների գործողություններից, մեր ազգն ահագին հնարավորություններ ունի, նրանք շատ հանգիստ կարող են այդ ազգային հարստությունը գնել: Մնում է միայն շնորհք ցուցաբերեն, բայց ես չգիտեմ՝ այդ շնորհքը կա, թե չկա»,- մեզ հետ զրույցում նկատեց Ռ.Հովսեփյանը` հավելելով, որ եկեղեցի կառուցելու փոխարեն կարելի է գնել Սարոյանի տունը, վերածել թանգարանի, այդ դեպքում զբոսաշրջիկներ կարող են գնալ այնտեղ, եւ հնարավոր կլինի նաեւ գումար աշխատել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս