2011 թվականից Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ ընթանում էր Սուրբ Աննա եկեղեցու և կաթողիկոսարանի երևանյան նստավայրի կառուցումը: Եկեղեցին և հայրապետական նստավայրը կառուցվում են Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ Տեր և Տիկին Հրայր և Աննա Հովնանյանների հովանավորությամբ:
Ըստ նախագծի՝ ընդամենը 2 տարի անց այստեղ պետք է լիներ մի ամբողջ եկեղեցական համալիր, որտեղ գտնվելու էր նաև կաթողիկոսի երևանյան նստավայրը: Շինարարության մեկնարկից անցել է արդեն 3 տարի, և միայն այսօր տեղի ունեցավ սուրբ խաչի օծման արարողությունը: Նախատեսվում է, որ վաղը նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նորակառույց նստավայր:
Հիշեցնենք, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ եկեղեցական համալիրի կառուցապատման ընդհանուր արժեքը կարող էր կազմել մոտ 5 մլն դոլար:
Նշենք, որ Մայր Աթոռի մամլո դիվան Տեր Վահրամ քահանա Մելքյանը վստահեցրել է, որ լուրերը, թե Մայր Աթոռը տեղափոխվելու է երևանյան եկեղեցական համալիրի տարածք, իրականությանը չեն համապատասխանում. Մայր Աթոռը հավերժ մնալու է Վաղարշապատում:
Ի դեպ, այս օրը եկեղեցում հիշատակվեց նաև նրանով, որ խաչի օծմանը հաջորդեց նորապսակ զույգի այցով և օրհնությամբ: