Թեեւ 2015 թվականն ընդունված է համարել Հայոց ցեղասպանության 100 ամյակը, սակայն հայկական ջարդերը մեկ տարով եւ մեկ օրով չէ, որ սահմանափակվել են: Ավելին՝ թուրքական բարձր քաղաքական շրջանակների կողմից սանձազերծված հայկական կոտորածները սկսվել են դեռեւս 19-րդ դարի վերջից՝ առաջնահերթորեն բռնկված հայկական հարցի միջազգայնացումից: Թուրքական սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի նախաձեռնած, 1894-96թթ. իրենց գագաթնակետին հասած հայկական կոտորածները պետական քաղաքականության աստիճանի վերադարձան 1914թ.՝ ավելի զանգվածային ու համատարած բնույթ կրելով: Ավելի քան հարյուր տարի է անցել այդ ողբերգությունից, սակայն հայկական միջավայրում դրա հանդեպ վերաբերմունքը չի ձերբազատվում զգացմունքայնության համախտանիշից: Այսօր Հայաստանն ու հայությունն իրենց գիտակցության ու դրանով պայմանավորված հաշվենկատ քաղաքականության շրջանակներում չեն ձեւակերպել իրենց խնդիրն ու առաջնահերթությունը Ցեղասպանության հիմնահարցում:
Հռոմի պապի մատուցած պատարագը՝ հայկական հարցի առիթով հնչեցված հստակ դիրքորոշմամբ հանդերձ, եւ դրան անպատրաստ թուրքական արձագանքը, թվում է, մեզ համար պետք է որ նորություն չլինեին՝ տեղ չթողնելով որեւիցե տեսակի ցնծության ու ոգեւորության համար: Տարիներ ի վեր հայ հանրությունն օրհնում էր ընդհատումներով 1868-1894թթ. Անգլիայի վարչապետ Ուլիամ Գլադստոնին («Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» արտահայտության հեղինակ, որի «ջերմագույն» հայասիրությունը շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ դրա միջոցով սպասարկվում էին անգլիական շահերը), եւ անիծում 1874-1880թթ նույն Անգլիայի վարչապետ Դիզրայելիին, որն իր հերթին անթաքույց պայքարում էր «Թուրքիայում հայկական վտանգի դեմ»: Ցավալիորեն ցայսօր հայկական միտքը չհամակվեց այն գիտակցությամբ, որ Գլադստոնի պես «մեծ» հայասերներն ավելի վտանգավոր էին հայության համար, քան բացահայտ թշնամական կեցվածք ընդունած դիզրայելիները: Եթե երկրորդները հայկական հարցը չէին դարձնում իրենց կարգակոչը եւ սեփական օգուտից ելնելով՝ հրաժարվում դրանից, ապա գլադստոնները շարունակաբար աղաղակում էին Հայաստանի փրկության մասին եւ դրա շնորհիվ լուծում իրենց քաղաքական նպատակները, ինչպես 1880թ. Եգիպտոսը Թուրքիայից պոկելիս:
Փաստացիորեն հայկական հարցը օգտագործվում էր իբրեւ մանրադրամ՝ զուգորդված Հայաստանի փրկության, հայկական մարզերում բարեփոխումներ անելու եւ նմանօրինակ այլ դատարկախոսություններով: Այս ամենն էլ իր հերթին գրգռում էր թուրքերին, որոնք, զիջումներ անելով հայկական փրկությամբ «մտահոգվածներին», իրենց վրեժն առնում էին հայ անմեղ բնակչությունից՝ հազարների ջարդեր կազմակերպելով: Գլադստոնն ու Դիզրայելին լոկ առանձին օրինակներ էին, մինչդեռ պատմությունը հիշում է հայկական հարցի միջազգայնացման ու դրա օգտագործմամբ թուրքերից զիջումներ կորզելու բազմաթիվ դեպքեր: Արդյունքը կանխատեսելի էր՝ օտարները ստանում էին իրենց ցանկացածը՝ թուրքերին թողնելով վիրավոր գիշատչի կարգավիճակում՝ պատրաստ հարձակվելու անպաշտպան հայության վրա:
Հայ քաղաքական կուսակցությունների (ՀՅԴ, ՍԴՀԿ, Արմենական) համար հայկական հարցի միջազգայնացումը կարծես խաղ ու պար էր, որի օգնությամբ իրականանալու էր հայկական «հեղափոխությունը»: Քաղաքականապես սնանկ, սակայն ամպագոռգոռ հայտարարությունների ու շաղակրատությունների հնարավորություն ստեղծող այդօրինակ մտածողությունն, անշուշտ, պիտի ոգեւորվեր, երբ օտար բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարություն էր անում Հայաստանի «փրկության» մասին: Սակայն քաղաքական ազդեցություն ունեցող եւ որոշումներ կայացնող որեւէ կազմակերպություն իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչ է շահում Մուշի ու Սասունի հայ գյուղացին այդօրինակ հայտարարություններից, բացի թուրքական յաթաղանի հերթական հարվածից:
Հայ քաղաքական միտքը չկարողացավ դուրս գալ ավանդական կարծրատիպերից ու հասկանալ, որ հայ ժողովրդի անվտանգության բանալին օտարների ու հատկապես թուրքերի հետ հարաբերությունների անմիջական եւ ուղղակի կարգավորումն է: Ցանկացած օտար միջամտություն, որքան էլ լինի անկեղծ ու ազնիվ, չի կարող համեմատվել երկուստեք ուղղակի շփումների հետ: Հաշվի առնելով հայության խոշորագույն դերակատարությունը Օսմանյան կայսրության գրեթե բոլոր ոլորտներում՝ հայ քաղաքական միտքը չգիտակցեց դրա կարեւորությունը եւ այդ միջոցի կիրառելիության պոտենցիալը: Մի՞թե հայ ժողովուրդը Օսմանյան Թուրքիայում նվազ դերակատարություն ուներ, քան հունգարները Ավստրիայում, երբ վերջինս հաշվենկատ ու սթափ գործողությունների արդյունքում վերածվեց Ավստրո-Հունգարիայի: Անշուշտ, հայ քաղաքական մտքի թյուրըմբռնումները չեն արդարացնում թուրքական ոճրագործությունը, սակայն ներհայկական շրջանակներում դրա ընկալումն ու սխալների վերաիմաստավորումը վաղուց հասունացած անհրաժեշտություն է:
Այսուհանդերձ, ակնհայտ Է, որ Հայաստանի ներկայիս իշխանության համար բնավ հետաքրքրություն չի առաջացնում անցյալի սխալների բացահայտումը: Ավելին՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատը, սեփական նպատակահարմարությունից ելնելով, 100-ամյակը վերածել են շոուի, իսկ միջազգային դերակատարների դիրքորոշումը՝ ցնծության առարկայի: Թուրքական խուճապի եւ նմանօրինակ այլ զառնցանքների շրջանն առաջիկայում անցնելու է, եւ Հայաստանը կրկին մնալու է իր հին խնդիրների բեռի տակ կքած: Թուրքիայի հետ երկխոսության նոր հարթակ ձեւավորելու փորձերին հակառակ՝ աշխարհում կառուցողական ու ճկուն կեցվածք որդեգրելու փոխարեն Հայաստանն ուրախացավ թուրքերի գազազումից՝ մոռանալով, որ 100 տարի առաջ այդօրինակ գազազումը մեզ համար հայրենազրկման ու եղեռնի վերաճեց: Չէ՞ որ անշրջելի է Թուրքիային իբրեւ հարեւան ունենալու իրողությունը: Արդ, Ցեղասպանության դասը մեզ համար պետք է լինի նման հարեւանի հետ շփումներում ոչ թե գնալ լարումների ու առճակատումների, այլ փոխշահավետ փոխզիջումների ճանապարհով աստիճանաբար կարգավորել այնքան դաժանություն ու արյուն տեսած հարաբերությունները:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ ԼԻՔՆ ԵՆ
Թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ երեւանյան հյուրանոցներում ազատ համարներ կան, այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հյուրանոցներում իրականացրած հարցախույզի արդյունքում հակառակ պատկերն արձանագրեց: Պարզվեց, որ Երեւանում գործող գրեթե բոլոր հյուրանոցներում ապրիլի 23-ին, 24-ին, 25-ին եւ 26-ին ազատ սենյակ չկա, բոլոր համարները պատվիրված են: Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցող հյուրերը երեւանյան հյուրանոցներում նախապես են պատվիրել իրենց սենյակները:
Եթե հիմա զանգահարեք երեւանյան մի շարք հյուրանոցներ եւ փորձեք ապրիլի 23-ից մինչեւ 26-ը ընկած ժամանակահատվածի համար տեղ ամրագրել, ապա անհաջողության կմատնվեք: Երեւանի հյուրանոցներում այս մի քանի օրերը անցկացնելու համար այլեւս ուշ է, քանի որ գրեթե բոլոր հյուրանոցներում տեղերը զբաղված են: Այդ ժամանակահատվածի համար իրենք այլեւս տեղեր չունեն, եւ որ բոլոր համարները ամրագրվել են: Այսպիսով, ապրիլի 21-ից մինչեւ ապրիլի 25-ը մայրաքաղաքի բոլոր հյուրանոցներում կամ ազատ տեղեր չկան, կամ հատուկենտ համարներ են մնացել:
Մասնավորապես «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որն ունի 259 ընդարձակ հյուրասենյակներ, բոլոր համարներն արդեն զբաղված են: «Էրեբունի» հյուրանոցում, որն ունի 42 համար, նույնպես ազատ սենյակ չկա: 247 համար ունեցող «Անի պլազա» հյուրանոցի բոլոր սենյակները եւս զբաղված են: Երեւանի 126 համար ունեցող «Բեսթ Վեսթըռն կոնգրես» հյուրանոցում նույնպես ազատ սենյակներ չեն մնացել: Իսկ «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցը, որն ունի 95 սենյակ, ծայրեծայր «պատվիրված է» ապրիլի 21-ից մինչեւ 24-ն ընկած ժամանակահատվածի համար: Բոլոր հյուրանոցներից հայտարարում են, որ ցանկացողները կարող են ապրիլի 26-ից, 27-ից հետո սենյակ պատվիրել: Տեղեկացնենք, որ նույն պատկերն է նաեւ Ծաղկաձորի, Աղվերանի, Դիլիջանի գրեթե բոլոր հյուրանոցներում:
«Ժողովուրդ»-ը հյուրանոցներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս օրերի համար գնային փոփոխություն տեղի ունեցել է: Գրեթե բոլոր հյուրանոցներից էլ, սակայն, փոխանցեցին` 100-րդ տարելիցի միջոցառումներով պայմանավորված գնաճ չկա: Մինչդեռ նկատենք, որ գարնան առաջին շաբաթներին, երբ իրանցի զբոսաշրջիկները եկան Հայաստան, հյուրանոցներում արձանագրվեց 10 տոկոս գնաճ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏԸ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Իջեւան քաղաքում տարածված լուրերի համաձայն՝ Իջեւանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնի մի քանի հավակնորդ կա: Սակայն «Ժողովուրդ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով` անտառտնտեսության ղեկավարի նշանակման հարցն արդեն լուծված է, առաջիկայում այդ պաշտոնում նշանակվելու է Գրիշա Սարգսյանը:
Վերջինս Իջեւանում հայտնի է Մորմոնջանց Գրիշա անունով: Նրանց տոհմին Մորմոնջանց են կոչում մրջյունների նման աշխատասեր լինելու պատճառով: Գրիշա Սարգսյանը 2005թ. եղել է Իջեւանի քաղաքապետի թեկնածու, սակայն ընտրություններում զիջել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Գ. Սարգսյանը նախկինում զբաղվել է փայտի վերամշակմամբ, այժմ այդ բիզնեսով չի զբաղվում: Հիշեցնենք, որ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանի պաշտոնանկության պատճառը մեծածավալ ապօրինի անտառհատումների վերաբերյալ բացահայտումն էր:
ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի ապօրինի անտառահատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ փայտանյութը անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու համար որպես կաշառք խոշոր չափի գումարներ է տվել Խաչարձանի անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին :
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի բաժին: Այստեղ ապրիլի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով (Յուրացնելը կամ վատնելը), 296 հոդվածի 1-ին մասով (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 312 հոդվածի 2-րդ մասով (Խոշոր չափերով կաշառք տալը): Հավանական է, որ խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը վերջին հոդվածով ներգրավվի որպես մեղադրյալ: Այս քրեական գործով առայժմ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ է «փայտի բիզնեսմեն» Սամվել Ստեփանյանը կաշառքի մասին հայտարարություն տվել (ինչը նշանակում է, որ նա այլեւս հազիվ թե կարողանա զբաղվել այդ գործով), եւ հայտարարությունը տվել է ոչ թե Տավուշի մարզի իրավապահներին, այլ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն: Հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Տավուշի մարզում ապօրինի անտառհատումների դեմ խիստ պայքար հայտարարեց: Զարմանալի է, թե անցյալ տարի հատված 105 ծառերով բեռնված «Ուրալով» Սամվել Ստեփանյանը ինչպե՞ս է բազմիցս հաղթահարել Տավուշի մարզի ավտոճանապարհները` այդպես էլ չհանդիպելով մարզի ոստիկաններին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ