Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Русский пионер» պարբերականին պատմել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատերազմած հոր ու մոր հիշողությունների մասին և թե ինչպես են նրանք հրաշքով ողջ մնացել, սակայն գերմանացի զինվորների հանդեպ ատելություն չեն զգացել, քանի որ նրանք էլ են եղել հանգամանքների գերին:
«Հայրս, ակեղծ ասած, չէր սիրում անգամ այդ (պատերազմի) թեմային անդրադառնալ: Ավելի շուտ այնպես էր լինում, երբ մեծերը միմյանց մեջ խոսում էին ու հիշում ինչ-որ բանի մասին, ես պարզապես մոտերքում էի լինում: Իմ ողջ տեղեկությունը պատերազմի մասին այն է, ինչ կատարվում էր մեր ընտանիքի հետ»,- գրել է նախագահը:
Պուտինը պատմել է, որ նրա հայրը ծառայել է Սևաստոպոլում՝ սուզանավերի ջոկատում, եղել է նավաստի:
Նրա խոսքերով՝ իր ավագ եղբորը, մինչ հայրը պատերազմում էր, խլել են մորից ու տեղափոխել մանկատուն՝ հետագա տարհանման համար, սակայն նա այնտեղ հիվանդացել է դիֆտերիայով ու մահացել: