ԻՆՉՈ՞Ւ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԳՆՈՒՄ «ՀԱՅԷԼՑԱՆՑԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ արդեն մոտ երկու ամիս է՝ քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից գնելու հանգամանքը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարքը մոտ է ավարտին, եւ առաջիկայում համապատասխան պայմանագիրը կկնքվի:

Երբ առաջին անգամ՝ այս տարվա մարտի սկզբին, նման գործարքի հնարավորության մասին լուրը տարածվեց, այդպես էլ անհասկանալի մնաց նախ՝ թե ինչպես է դա հնարավոր, եւ Սամվել Կարապետյանի ինչին է պետք ՀԷՑ-ը գնելը:
Գործարքի հնարավորության հարցում կասկածները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀԷՑ-ը ոչ միայն ընկերություն է, այլ նաեւ քաղաքական գործիք: Ժամանակին Ռուսաստանը բավական ռեսուրս է ծախսել՝ ՀԷՑ-ը` ի դեմս «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի, իր սեփականությունը դարձնելու համար: Ուստի ինչպես կարող է նման պայմաններում Ռուսաստանը համաձայնել վաճառել իր բաժնետոմսերը մեկ այլ ընկերության: Սակայն ողջ խնդիրն այն է, որ տվյալ դեպքում գնորդը կրկին ռուսական, Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունն է լինելու: Ինքը՝ Սամվել Կարապետյանը, համարվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարարներից մեկը եւ վայելում է այդ երկրի իշխանությունների համակրանքը: Մյուս կողմից՝ նրան պատկանող «Տաշիր գրուպը» նույնքան ռուսական ընկերություն է, որքան ՀԷՑ-ի ներկայիս սեփականատեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը: Այլ կերպ ասած՝ եթե կա մեկը, ով կարող է ՀԷՑ-ը գնել, եւ ում դեպքում պաշտոնական Մոսկվան դեմ չի լինի, դա հենց Սամվել Կարապետյանն է:
Սակայն գործարքն ունի նաեւ կոմերցիոն կողմ: Սամվել Կարապետյանն, իհարկե, կարող է թույլ տալ Հայաստանում միլիոնավոր դոլարների բարեգործություն կատարել, կարող է մի քանի միլիոն դոլար հատկացնել, ասենք, եկեղեցի կառուցելու համար եւ այսպես շարունակ, բայց նա գործարար է եւ ընկերություն գնելիս չի կարող հաշվի չառնել գործարքի շահավետ լինել-չլինելու հարցը: ՀԷՑ-ի գործարքը հենց այս տեսանկյունից է առավել խոցելի, քանի որ վաղուց հայտնի իրողություն է, որ այդ ընկերությունը հարյուրավոր միլիոն դոլարի պարտքեր է կուտակել: Ուստի Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնելով՝ մեծ բեռ կվերցնի իր ուսերին: Նա ստիպված է լինելու ՀԷՑ-ը «ուշքի» բերելու համար հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսել: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով է, որ բնական հարց է ծագում՝ Սամվել Կարապետյանի ինչի՞ն է պետք ՀԷՑ-ը: Պարզվում է՝ նրան ոչ էլ պետք է այդ ընկերությունը, պարզապես հանգամանքների բերումով նա խոստացել է այդ գործարքն իրագործել եւ ստիպված է այն իրագործել` իր խոսքը գետնով չտալու համար:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա փետրվարի 15-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատերազմ հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, Սամվել Կարապետյանը ժամանել էր Հայաստան` կողմերին հաշտեցնելու համար: Մեր տեղեկություններով՝ երբ արդեն կողմերը համաձայնության են հանգած եղել, եւ հակամարտությունը, կարելի է ասել, հանգուցալուծված է եղել, «ռազբորի» մասնակիցները նստած ծրագրերից են զրուցել, Սամվել Կարապետյանն ասել է, որ ինքը պատրաստ է՝ որքան հարկավոր է ներդրում կատարել Հայաստանում, տնտեսության զարգացմանը օժանդակելու համար եւ ցանկացել է ճշտել, թե ինչ կարելի է անել, ո՞ր ոլորտում է անհրաժեշտ ներդրում կատարել: Այդ զրույցի հիմնական մասնակիցներն են եղել Սամվել Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հենց այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանն առաջարկել է Սամվել Կարապետյանին գնել ՀԷՑ-ը: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը մոտավորապես այսպիսի առաջարկ է արել՝ եթե իրոք ցանկանում ես օգնել, ապա կարող ես՝ գնի՛ր ՀԷՑ-ը, քանի որ այդ ընկերությունում վիճակը տարեցտարի վատանում է, իսկ դրա արդյունքում էլէներգիան գնալով թանկանում է, ինչն ուղղակի վնասում է Հայաստանի տնտեսությանը: Ուստի, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինքը հենց այնպես էր ասում, որ պատրաստ է՝ որքան պետք է՝ այդքան գումար ներդնել` Հայաստանի տնտեսությանն օգնելու համար, Սամվել Կարապետյանը ներկաների առջեւ պարտավորվել է գնել ՀԷՑ-ը եւ կարգավորել այդ ընկերությունում ստեղծված իրավիճակը:
Այլ կերպ ասած՝ Սամվել Կարապետյանն ինքն իր խոստումների պատճառով մի պարտավորություն է ստանձնել: Ու երբ արդեն պաշտոնապես գործարքը կկնքվի, եւ ՀԷՑ-ը կդառնա «Տաշիր Գրուպի» սեփականությունը, նա պետք է ամեն ինչ անի՝ էլէներգիայի թանկացում այլեւս թույլ չտալու եւ համակարգի գործունեությունը բնականոն ապահովելու համար: Հակառակ դեպքում, եթե այժմ էլէներգիայի գների անընդհատ թանկացման համար մարդիկ ՀՀ իշխանություններին ու ռուսներին են հայհոյում, ապա այն ժամանակ արդեն կոնկրետ Սամվել Կարապետյանին կուղղեն իրենց հայհոյանքը, ինչը նա թույլ չի տա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Նախօրեին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Կառավարությունը մտադիր է մայիսի 5-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ դիմել խորհրդարանին: Երեկ Կառավարության նիստում համապատասխան որոշումն ընդունվեց: Ըստ այդմ, մայիսի 5-ին, ժամը 12:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված կլինեն մի շարք օրենքի նախագծեր, որոնք հիմնականում երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեն, ինչպես նաեւ՝ միջազգային պայմանագրեր: Իսկ այս արտահերթից հետո` հաջորդ հերթական քառօրյայի ընթացքում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ-ն պետք է քննարկի ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, ՀՀ գլխավոր դատախազության հաշվետվությունը, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության` 2014 թվականի բյուջեի կատարողականը: Բացառված չէ, որ հունիսին եւս ԱԺ արտահերթ նիստեր հրավիրվեն:

 

ԲԱԲԼՈՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Երեկ խորհրդարանում քվեարկության դրվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը 110 կողմ եւ 1 դեմ քվեարկությամբ ընդունվեց: Ըստ օրինագծի՝ առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական հմտությունների շարունակականությունն ապահովելու համար ներդնել հավաստագրման համակարգ: Երեկ, ի վերջո, քվեարկության դրվեց նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն ընդունվեց ամբողջությամբ եւ վերջնական` 104 կողմ, 5 դեմ քվեարկությամբ: Այս օրինագծով բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չեն անցել եւ մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը լրացել է նրանց 27-ամյակը, ապա կարող են օրենքով նախատեսված դրույքաչափերով գումար վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:

 

ԳՆՈՒՄ ԵՆ ԼՂՀ
Այս կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետք է տեղի ունենան ԱԺ ընտրություններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԼՂՀ են մեկնելու նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ, որոնք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու: Պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատվիրակության կազմում ՀՀ ԱԺ խորհրդարանական բոլոր խմբակցություններից կլինեն ներկայացուցիչներ: Նախնական տեղեկություններով՝ որպես դիտորդ ԼՂՀ են գնալու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԵՌ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Հայաստանի հարկային ծառայությունը շարունակում է ստուգումներ իրականացնել ԲՀԿ նախկին առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում: Այս մասին երեկ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը. «Այն բոլոր կազմակերպությունները, որոնք ենթակա են ստուգման, ստուգվում են»:

 

ՔՆՆԱԴԱՏԵԼ, ԲԱՅՑ ՉԿԵՂԾԵԼ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, թե ատոմակայանի փակման խնդիրները լուծվել են քաղաքական հուժկու ճնշման տակ: «Մեր ժողովուրդն է փակել ՀՀՇ-ի նախաձեռնությամբ: Սա իրողություն է, պատմական փաստ: Փակվել են ե՛ւ ատոմակայանը, ե՛ւ «Նաիրիտը»: Արձագանքելով այս պնդմանը` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է. «Արդեն որերորդ անգամ է՝ այս դահլիճում փորձում են ՀՀՇ-ի վրա ստվեր գցել եւ կեղծում են պատմությունը: Ճնշում, այո՛, եղել է, բայց չասել, որ երկրաշարժից անմիջապես հետո էր, եւ ամբողջ ազգ ու ժողովուրդն ահաբեկված էր երկրաշաժից եւ վախենում էր, որ երկրաշարժ է լինելու, եւ կարող է ատոմակայանից հոսք լինի, ո՞վ չգիտի: Բայց այստեղ ասել, թե միայն ճնշման արդյունքով է փակվել, ճիշտ չէ»: Մանուկյանը հորդորել է քննադատել, բայց չկեղծել:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ս. Սարգսյանը ողջունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցը Երեւան, որը, նրա համոզմամբ, լավ հնարավորություն է քննարկելու Երեւանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու հարցերը: Զրուցակիցները երկկողմ կապերի ամրապնդման գործում կարեւորել են նաեւ Սանկտ Պետերբուրգում մեծ հարգանք վայելող հայ համայնքի դերը:

 

ԱԱԾ ՊԵՏԸ ԴԵՄ Է
Պրոբացիոն ծրագրի ներդրման մասին երեկ Կառավարությունում իր կարծիքն է հայտնել նաեւ ազգային անվտանգության պետ Գորիկ Հակոբյանը: «Մենք, փաստորեն, ծնում ենք մի մարդու, ով տանը նստած է, մենք պետք է ստիպված նայենք, թե 100-ից քանի գործն է փողերը վերցնում, սարքում: Հայաստանում այս պահին մեր գիտական մակարդակը չի հասել նրան, որ այդպիսի մարդիկ լինեն, սա նշանակում է, որ հարցն ինչ-որ մի էտապում կլուծեն «կաֆեներում», տարբեր տեղերում: Հնարավոր է` մի 20 կամ 30 տարի հետո շատ գեղեցիկ բան ստացվի, բայց ես հիմա չեմ պատկերացնում: Հայաստանում փող տալ-վերցնելը, էդ գիտեք: Ինձ թվում է, թե շտապ է, բան չի ստացվի սրանից»,- նշել է Հակոբյանը: Ի պատասխան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե այս հարցը քննարկել են եւ շտապ որոշում չեն կայացնելու:

 

ՊԱՇՏՈՆԱՆԿ ՉԵՆ ԱՆԻ
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, թե Կառավարության փոփոխության հարց այս պահին օրակարգում չկա: «Այս Կառավարության քաղաքական պատասխանատուն նաեւ հանրապետական կուսակցությունն է։ Եթե մենք հաջողել ենք, ուրեմն բոլորս ենք հաջողել։ Եթե ձախողել ենք, ուրեմն բոլորս ենք ձախողել։ Ինքս լավատես եմ եւ կարծում եմ, որ մենք միասնական կարող ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները»։




Լրահոս