ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ՉԱՐԻՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՆՈՐ ԵԼՈՒՅԹԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ու նրան սպասարկող անհատներն ու կազմակերպությունները սահմանադրական փոփոխությունների իրականացման հիմնական նպատակը համարում են նոր պետակառավարման համակարգի միջոցով ներքին դժվարությունների հաղթահարումը: Փոփոխությունների հիմնավորումն ապահովող «Հայեցակարգը» եւս կրում է այդ դրոշմը, որում քանիցս շեշտվում է մարդուն արժեւորող միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը: Թղթի վրա լավագույն ցանկությունների ու բաժակաճառերի ժողովածու հիշեցնող այս փաստաթուղթը, արհամարհելով ներկայիս իրավիճակն ու դրա պատասխանատուների հիմնախնդիրը, թյուրըմբռնում է ստեղծում, թե Սահմանադրության փոփոխության դեպքում ՀՀ քաղաքացու հանդեպ իշխանություններն արժանապատիվ վերաբերմունք են ցուցաբերելու:

Այսպես, Սարգսյանի անձնական շահերի սպասարկուի վերածված հայտնի հանձնաժողովի մշակած «Հայեցակարգում» հանդիպում ենք նման հետաքրքիր ձեւակերպման. «Կոնկրետ սահմանադրական լուծումները կոչված են ստեղծելու այն միջավայրը, որն անհրաժեշտ է նախ` իրավունքի գերակայությունը մարդու եւ քաղաքացու սոցիալական արժեվորման միջուկը, նրա ինքնադրսեւորման ու ինքնաիրացման արժեբանական հենքը դարձնելու համար, երկրորդ` իշխանության քաղաքական ու հանրային-իրավական վարքագիծն իրավունքի գերակայության սկզբունքին ներդաշնակելու համար»: Անշուշտ, նման մոտեցումը բավականին շոյիչ է ու հրապուրիչ, սակայն հայաստանյան ներկայիս իրադրության պայմաններում խիստ ամպագոռգոռ է ու անիրական: Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ չկայացած հասարակություններում կառավարման համակարգի հիմնովին փոփոխությունը հազիվ թե հասարակական գիտակցության մեջ նման դրամատիկ նշանակություն ունենա: Եվ ապա` հետաքրքիր է, թե այդ ինչպիսի՞ տիեզերական լուծումներ են ի հայտ բերվելու Սահմանադրության նոր նախագծի մեջ, որ խմբային-կլանային այս վարչակարգը միանգամից վերափոխի ինքզինքն ու արժեւորի իր հետ հարաբերվող քաղաքացուն:
Նախ եւ առաջ պարզվում է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում ստեղծվելու է մի միջավայր, որտեղ քաղաքացու ինքնադրսեւորման հիմքը լինելու է իրավունքի գերակայությունը: Կարծում ենք՝ Հայաստանում հաստատված հոռի բարքերին նույնիսկ մակերեսորեն տեղյակ ցանկացած ոք անկարող կլինի զսպել իր ծիծաղն այսպիսի ձեւակերպումից հետո: Անգամ այսօր՝ իշխանության կարծիքով խիստ անկատար Սահմանադրության պայմաններում, քաղաքացին բացարձակապես արհամարհված է, անարգված որպես արժեք ու իրողություն: Նման պնդման լավագույն ապացույցը կարելի է տեսնել ամեն օր Կառավարության շենքի առաջ, որտեղ առանձին խմբերով հասարակական տարբեր խավեր արտահայտում են իրենց բողոքն ու դժգոհությունը: Արհամարհվելով անմիջական ղեկավարների կողմից, իրենց դժվարությունների լուծման վերջին հույսով՝ բազմաթիվ մարդիկ ամենօրյա ռեժիմով իրենց կյանքն են մաշում փողոցներում, մինչդեռ Կառավարությունն անգամ արժան չի համարում նրանց խնդրին իրական ցավով մոտենալու, թեկուզ եւ նրանց հետո արժանապատիվ հաղորդակցվելու:
Շատերին էին ցնցել Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց որդեկորույս մայրերի հանդեպ ոստիկանական ապօրինությունների կադրերը: Եվ այս ամենը աչքի տակ ունենալով՝ պիտի հավատա՞նք, որ նոր Սահմանադրությամբ նույն այլանդակությունների հեղինակները ոչ միայն թույլ են տալու քաղաքացուն ինքնադրսեւորվել, այլեւ ընդունելու են մարդու իրավունքի գերակայության փա՞ստը: ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ ԱԺ-ում բացահայտել էր այս իշխանության ողջ փիլիսոփայությունը՝ պնդելով, որ ուժեղի մոտ թույլն է մեղավոր: Այս ամենին քաջատեղյակ լինելով՝ այդ ո՞ր մի միամիտն է հավատալու, որ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը մի թղթի կտորով սկսելու են ոչ միայն հարգել քաղաքացուն, այլեւ ընդունել վերջինիս իրավունքի գերակայությունը սեփական շահերի նկատմամբ:
Ի դեպ, այս փոփոխություններով ստեղծվելիք միջավայրի երկրորդ առանձնահատկությունն էլ ենթադրում է, որ իշխանության քաղաքական վարքագիծը ներդաշնակելու է քաղաքացու իրավունքի գերակայությանը: Այս պնդումն ի սկզբանե սին է ու փուչ: Այսպես, Հայաստանում սահմանադրորեն իշխանությունը ձեւավորվում է ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի հիման վրա, ինչը ստորագրված «Հայեցակարգով» հռչակվում է որպես գերակա սկզբունք ամեն ինչի նկատմամբ: Եթե ընտրություններն այսօր համատարած կեղծվում են, այդ կերպ արդյո՞ք չի խախտվում քաղաքացու իրավունքի գերակայության սկզբունքը: Իշխանությունը ձեւավորվում է խայտառակ ապօրինությունների միջոցով՝ ի սկզբանե արհամարհելով մարդու իրավունքի գերակայությունը: Հիմա արդյո՞ք այդ սկզբունքը պարզագույն ընտրակեղծարարությամբ ստորացրած իշխանությունը Գագիկ Հարությունյանի պերճաշուք ձեւակերպումներով ու խառնիճաղանջ տեքստերով հեղափոխվելու է:
Պատասխանը շատ բնական է՝ «Հայեցակարգի» այսօրինակ որեւէ ձեւակերպում չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ դրա իրականացնողները բռնազավթել են իշխանությունը, հաստատել տնտեսական մենաշնորհներ եւ քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար են տեսնում հանցաշխարհի կանոններով: Տարվա առաջին եռամսյակում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց իրադարձությունները գործնականում ապացուցեցին, որ Սարգսյանի իշխանությունը բնավ էլ մտահոգված չէ քաղաքացու իրավունքը հարգելու խնդրով: Ի վերջո, հաստատապես ավելի ազնիվ կլիներ, որ այսպիսի «Հայեցակարգ» հրապարակելու փոխարեն Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նիստերից մեկում մի ելույթ էլ գործող Սահմանադրության դեմ ունենար՝ այն հռչակելով իբրեւ հերթական չարիք:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՄԲ՝ ԳՅՈՒՂԻ ՀՈԳՍԵՐԸ ԿԾԱՆՐԱՆԱՆ

Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք գյուղերում համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Օրինակ` Լոռու մարզում հանրաքվե կանցկացվի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթեւի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի եւ Տավուշի մարզի` Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Շամուտ համայնքի ղեկավար Բաղիշ Վանյանի հետ:
-Պարո՛ն Վանյան, շամուտցիները համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվեին ինչպե՞ս են պատրաստվում:
-Մեկը՝ մի ձեւի, մյուսը՝ մի ձեւի: Ամեն մեկն իր աշխարհայացքն ունի:
-Իսկ ինչպե՞ս են տրամադրված, դե՞մ են քվեարկելու, թե՞ կողմ:
-Մի մասը կողմ է, մյուս մասն էլ՝ դեմ, մի մասն ասում է՝ լավ կլինի, մյուս մասն էլ՝ վատ: Դա այն հարցը չէ, որ գյուղապետը դնի ու իր որոշումը կայացնի: Այս հարցով որոշվում է համայնքի ճակատագիրը: Համայնքի ջահելության, դպրոցի աշակետի հարցն է:
-Պարո՛ն Վանյան, այս թեմայի շուրջ գյուղում քննարկումներ անցկացվե՞լ են, թե՞ ոչ:
-Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության մարդիկ հանգիստ գալիս եւ քննարկումներ են անցկացնում: Մի մասն ասում է՝ մենք կողմ ենք, մյուս մասը՝ կողմ չենք: Ընտրությունն այնպիսի բան է, որ մինչեւ արկղը չբացես, չես իմանա, թե ով հաղթեց:
-Երբ բնակիչները նշում են, որ կողմ են կամ դեմ, ի՞նչ պատճառներ են բերում:
-Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ գյուղապետարանի աշխատողները կկրճատվեն: Երեք մարդ կա աշխատող, մտածում են, որ երկուսը կկրճատվեն, եւ նրանց աշխատավարձով գյուղի համար մի բան կարվի: Իսկ շատերն էլ դեմ են նրանց կրճատմանը: Այ, նման տարբեր գաղափարներ կան:
-Իսկ Դուք՝ որպես գյուղի բնակիչ, ինչպե՞ս եք մտածում:
-Ես՝ որպես գյուղի բնակիչ, կարող եմ ասել, որ համայնքի հոգսերն ավելի կծանրանան, բայց եթե պաշտոնյաների ասածներին հավատանք, ուրեմն լավ կլինի:
-Իսկ ի՞նչ են իրենք խոստանում:
-Ասում են՝ պիլոտային ծրագիր է, եւ ինչ-որ գումարներ են դուրս գրում, որով համայնքներում աշխատանքներ պետք է կատարեն: Եթե իսկապես արվի նման բաներ, ապա վատ չի լինի: Բայց նորից եմ ասում՝ սա հասարակության հարցն է: Ես վաղը, մյուս օրը, երբ 70 տարեկան մարդ լինեմ, չալիկը ձեռքիս ման գամ, մի ջահել գա, ձեռքիցս բռնի ու ասի՝ այ եսիմ ինչ, բա՞ քո վախտը չէր, որ նման բաներն եղավ: Պատասխանատվություն է: Չես կարող կոնկրետ բան ասել, դա համայնքը կորոշի՝ կա՛մ լավ կլինի, կա՛մ էլ վատ: Ես վաղվա ջահելի մասին եմ մտածում, որովհետեւ շատ հնարավոր է, որ հաջորդ ընտրություններին գյուղապետ չընտրվեմ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԸ ՎԶՆԵՐԻՆ

Շիրակի մարզը պետությանը 23 միլիոն դրամի պարտք ունի, որը գոյացել է 2013-2014թթ ցորենի սերմացուի դիմաց վճարումները չկատարելուց: Պարտապանները գյուղական համայնքներն են, ավելի ստույգ` գյուղացիները: Ըստ մարզի գյուղոլորտի պատասխանատուների՝ այս գումարը պետք է հավաքագրվի, քանի որ այսկերպ միայն հնարավոր կլինի նոր խմբաքանակի սերմացուի ներկրումն ու բաշխումը:

Շիրակի մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը նշում է, որ իրենք դեռ 2011-ի պարտքի մասին չեն խոսում, թեեւ մարզի բոլոր համայնքապետերին տրված է հանձնարարականներ ճշգրտել եւ ամփոփ տվյալներ ներկայացնել իրենց ունեցած վճարումների մասին: Թերացել են հիմնականում մարզի Ողջի, Զույգաղբյուր, Ջաջուռ, Երազգավորս, Իսահակյան, Աղին, Լուսաղբյուր, Սարակապու, Հայկաձոր համայնքները, որոնցից մի մասը կատարել է մասնակի վճարումներ, մի մասն էլ առհասարակ ոչ մի վճարում չի արել:
Գյուղվարչության պետն ասում է, որ արդեն կազմվել են համապատասխան արձանագրությունները` խնդիրը դատական հարթություն տեղափոխելու համար: Իսկ թե ինչու են համայնքները թերացել սերմացու ցորենի դիմաց վճարելու հարցում, պատասխանատուի համար անհասկանալի է: Մ. Մանուկյանը պնդում է՝ որեւէ մեկը չի կարող ասել, որ սերմացուն վատն է եղել, կամ խնդիրներ են ծագել, քանի որ անցնող գյուղատնտեսական տարիների ընթացքում սերմացուն բավական բարձր բերք է ապահովել, միջինը` 1 հա-ից 70 ցենտներ: Մինչդեռ գյուղացիները նշում են, որ վերջին երկու տարիները գյուղատնտեսական առումով անհաջող են եղել, եւ իրենց ստացած բերքն էլ ակնկալածից պակաս է եղել:
Պարտք վերցնելու տեղ չունեն, վարկերի մասին էլ պիտի մոռանան. տոկոսների տակ «ճռռում են»: Նրանք, ովքեր դրսում արտագնա աշխատող ունեն, դեռ ուղարկված գումարներից մի բան կանեն, իսկ նրանք, ովքեր այդ հույսն էլ չունեն, ուղղակի շվարած են:
Սովորաբար նման դեպքերում քաղաքակիրթ երկրներում պետությունը որոշակի զիջողականություն է ցուցաբերում: Մնում է հուսալ, որ մեր Կառավարությունը եւս քայլ կկատարի ու գոնե կհետաձգի պարտքի մարումը:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս