Հոկտեմբերի 22-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Հարսնաքար» ռեստորանում ծեծից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ մեղադրյալները 6-ն են՝ Գարիկ Մարգարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Դավիթ Ադամյանը: Նրանցից մեկի պաշտպանը միջնորդել է դատակոչի ցուցակում ներգրավել վեճին ականատես մի քանի անձանց, որպեսզի նրանց տված ցուցմունքները հետագայում հնարավոր լինի օգտագործել որպես ապացույց: Դատարանը մերժել է միջնորդությունը, որից հետո մեղադրողը հրապարակել է մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ ամբաստանյալները հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում, այնուհետեւ՝ ավտոկայանատեղիում, ընդհանուր միասնական դիտավորությամբ ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին՝ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Միկոյանին: Հետեւանքը եղել է այն, որ անզգույշ մահ է պատճառվել Վահե Ավետյանին, իսկ Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Սակայն պաշտպանական կողմի համար անհասկանալի է եղել մեղադրանքը. ամբաստանյալները կոնկրետ իրենց արարքների նկարագրությունն են ցանկացել լսել եւ չեն ընդունել մեղադրանքը: Իսկ մեղադրողը պարզաբանել է, որ խոսքը համակատարողների մասին է: Պաշտպաններից մեկը մեկ օր ժամանակ է խնդրել մեղադրողի ասածի դեմ առարկություն ներկայացնելու համար: Դատարանը ավելի քիչ ժամանակ է տվել, իսկ հետո նաեւ մերժել Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի՝ դատավորին եւ մեղադրողին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունները:
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՉՀԱՍԿԱՑԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ