ԹՈՒՐՔԻԱՅԻ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՕԳՏՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե ԵՏՄ-ն համարում է անհրաժեշտ նախագիծ: Վերջինիս խոսքով՝ չնայած ապրանքաշրջանառության անկմանը՝ կառույցի նկատմամբ հետաքրքրություն կա. «Քննադատում են, որ ապրանքաշրջանառությունը նվազել է, իհարկե, նվազել է, քանի որ դոլարի փոխարժեքն ընկել է: 40 երկիր հետաքրքրություն են դրսեւորում մեր միության նկատմամբ»,- ասել է Նազարբաեւը` այդ երկրների թվում առանձնացնելով Թուրքիային:

Երեկ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրման բանակցությունները գտնվում են ավարտական փուլում: «Ավելի ուշ (ուրբաթ) տեղի կունենա ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որից հետո Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի մասնակցությամբ գերագույն խորհուրդ կգումարվի: Աթամբաեւի մասնակցությամբ գերագույն խորհուրդը հատկանշական է նրանով, որ Ղրղզստանի եւ ԵՏՄ ինտեգրման մասին բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում: Բնականաբար դա հեշտ գործընթաց չէ, ուստի բանակցություններն իրոք կլինեն գործնական բնույթի»,-հայտարարել է Պեսկովը:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) հետ, որը մշտապես կողմ է արտահայտվել ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությանը: Փորձել ենք պարզել` արդյո՞ք Թուրքիայի` ԵՏՄ-ին անդամագրմամբ ՀՀ-ին վնաս կպատճառվի, թե ընդհակառակը:
-Պարո՛ն Պետրոսյան, ըստ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Թուրքիան հետաքրքրվում է ԵՏՄ-ով, ու չի բացառվում, որ առաջիկայում ԵՏՄ-ին անդամագրվելու շուրջ բանակցություններ սկսվեն Թուրքիայի հետ: Ըստ Ձեզ` նման հեռանկարն ինչպիսի՞ վտանգներ կարող է առաջացնել Հայաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության հարցերում:
-Ես ուղղություններ չեմ գտնում, թե որտեղ Հայաստանը կտուժի, իսկ տնտեսական շուկան ամբողջ աշխարհում բաց է, ինքը սահման չի հարցնում, բիզնեսը շարժվում է այնտեղ, որտեղ նորմալ պայմաններ են: Եթե հիմա Թուրքիան մտնում է ԵՏՄ, թող մտնի, բայց ինքը մեզ օգուտ կամ վնաս չի կարող տալ, քանի որ մեր սահմանները բաց չեն: Իսկ եթե սահմանները բացվեն, օգուտից բացի` վնաս չի լինելու: Անվտանգության առումով էլ այսօր էլ են մեր սահմաններն ամուր, հետո էլ են ամուր լինելու:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանությունները պետք է հավանություն տա՞ն ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:
-Դե, հիմա դա նույնն է, որ հարց հնչի, թե մենք ինչու ենք ցանկանում մեր թշնամու հետ սահմանները բացել: Տնտեսության մեջ նման բան չկա, թե նա մեր թշնամին է, ու մենք չպետք է համաձայնենք. եթե մեր թշնամին է, ինչու ենք սահման բացում: Քաղաքականությունը, ազգային խնդիրները ուրիշ ուղղության վրա են դրվում, իսկ տնտեսությունը լրիվ ուրիշ բան է: Տնտեսությունը գոյատեւության, երկրի առաջընթացի, երկրի շարժիչ ուժն է: Ինձ թվում է՝ ցանկացած երկիր էլ, որ անդամագրվի, ինչ-որ չափով լավ ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա: Տեսեք՝ Վիետնամը մեզանից ինչքան հեռու է, բայց երբ ես լսում եմ, որ կարող է Վիետնամը մտնել, ուրախանում եմ, որովհետեւ մի նոր շուկա է բացվում քո դեմ առանց պրոբլեմի: Իսկ այսօր շուկա մտնելը, հավատացեք, աշխարհի ամենադժվար բանն է, որովհետեւ ամեն մեկն իր տեղն ունի, եթե պատկերավոր ասեմ՝ հիմա պետք է ինչ-որ մեկին ասես՝ մի կողմ գնա, ես քո կողքին կանգնեմ, որը, հավատացեք, շատ դժվար է: Այսօր պետք է շատ լավ ապրանք ունենալ, պետք է շատ լավ որակով ապահովես, լավ պայմաններ առաջարկես, ամեն քայլափոխի պետք է դիմես, որ ասի դե, լավ, մի հատ էլ հայկական ապրանքը փորձենք: Հիմա գնացեք ցանկացած տնտեսական, շինարարական խանութ ու տեսեք, թե ինչքան թուրքական ապրանք կա, Թուրքիան ինչ ցանկանում է, վաճառում է ՀՀ-ում, ցավոք, խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում Թուրքիայում ապրանք վաճառել, այսինքն՝ ինքը մեր շուկայի համար ապրանք ունի, մենք իր համար ապրանք չունենք: Պետք է սրա մասին մտածենք: Տեսեք՝ սահմանները փակ են, դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց այդպիսի տուն չկա, որ թուրքական ապրանք չլինի, կա՞ այդպիսի տուն, որովհետեւ գնային քաղաքականությամբ ինքը հարմար է:
-Այդ դեպքում Թուրքիայի` ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության հարցին ինչպե՞ս պետք է արձագանքեն ՀՀ իշխանությունները:
-Դրան ես չեմ կարող պատասխանել, դրան կարող է պատասխանել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա դրան որեւէ վնաս չի կարող հասցվել, ընդհակառակը, դա կարող է առիթ դառնալ, որ մեր սահմանները բացվեն:
-Շուրջ 5 ամիս է, ինչ ՀՀ-ն անդամակցել է ԵՏՄ-ին, ի՞նչ է այն տվել Հայաստանի տնտեսությանը: Ձեր բիզնեսի վրա, օրինակ, որեւէ դրական ազդեցություն նկատո՞ւմ եք:
-Տեխնիկական հարցերը հեշտացել են՝ արտահանում, ներմուծում, ուղղակի ՌԴ-ում արժեզրկվել է ռուբլին, դրա պատճառով գնային տարաձայնություններ կան հայկական եւ ռուսական գործարարների միջեւ: Բայց շատ լավ բաներ էլ կան, էդ չինովնիկական բաները դուրս են մնացել, իհարկե, դա բավական չէ: Արտահանման նվազում է եղել, որը, կրկնում եմ, կապված է փոխարժեքի տատանման հետ, բայց դրանք կարգավորվող հարցեր են:

 

 

 
ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե ԲՀԿ-ից շատերը ակնհայտորեն անցել են ՀՀԿ-ի շարքերը: Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ եռյակի համագործակցության ընթացքում ամեն ինչ այլ կերպ էր, քանի որ իրենք այդ ժամանակահատվածում ունեին ԱԺ ԲՀԿ խմբակցության աջակցությունը` բոլոր հարցերի հետ կապված:

Լ. Զուրաբյանն անդրադարձել է նաեւ «Եկամտահարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագծին ու հայտարարել, թե իշխանությունները երկրի զարգացման մասին չեն մտածում, այլ խթանում են արտագաղթը: «Իշխանությունների բոլոր քայլերն ուղղված են դրամահավաք ապահովելու նպատակին, ակնհայտ է, որ 2 մլրդ դոլարի դեֆիցիտ ունենալով, իսկ հիմա արդեն նաեւ տրանսֆերտների նվազում ունենալով՝ երկիրը գնալու է դեպի ֆինանսական կոլապս»:
Անդրադառնալով խորհրդարանական նախկին եռյակի` ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների նախկին ու ներկայիս համագործակցությանը՝ պատգամավորը նշել է, թե իրենք այժմ 44 ստորագրություն չեն կարող ապահովել իրենց նախաձեռնությունների համար, քանի որ այն ժամանակ ունեին ԲՀԿ-ի անվերապահ աջակցությունը, իսկ այժմ ԲՀԿ-ից շատերն անցել են ՀՀԿ-ի շարքերը:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք նա կիսում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հնչեցրած տեսակետը:
-Ես չեմ ցանկանում մեկնաբանել Լեւոն Զուրաբյանի՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունը: Եթե խոսքը վերաբերում է այն ԲՀԿ-ականներին, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, միգուցե եւ Լեւոն Զուրաբյանը այդ մասով կարող է լինել իրավացի: Բայց ԲՀԿ-ն նրանց համար որեւէ քաղաքական պատասխանատվություն չի կրում: Իսկ ԲՀԿ կուսակցության անդամները ինչպես պահպանել են իրենց սկզբունքային, արմատական, ընդդիմադիր դիրքորոշումը, այնպես էլ շարունակում են պահպանել: Ես շատ հարգում եմ Լեւոն Զուրաբյանին, բայց նորից եմ ուզում իմ շատ հարգարժան գործընկերոջը խորհուրդ տալ զբաղվել բացառապես սեփական կուսակցության խնդիրներով:
-Վերջին ժամանակահատվածում Լեւոն Զուրաբյանը ակնհայտորեն սկսել է «կպնել» ԲՀԿ-ի վարած քաղաքականությանը, ո՞րն է պատճառը, ինչ-որ տարաձայնություններ ունե՞ք ԱԺ ՀԱԿ խմբակցության հետ:
-Բացարձակապես որեւէ տարաձայնություն չկա, մենք ունենք մեր օրակարգը եւ ասել ենք, որ բոլոր քաղաքական ուժերի հետ, եթե կունենանք ընդհանուր շահեր՝ ի նպաստ ժողովրդի, կլինի դա ՀԱԿ-ը, «ժառանգություն»-ը, թե ՕԵԿ-ը, մենք պատրաստ ենք կոնկրետ հարցի շուրջ համագործակցել: Մենք ՀԱԿ-ի հետ որեւէ տարաձայնություն չունենք, ինչպես որ որեւէ տարաձայնություն չունենք մյուս քաղաքական ուժերի հետ: Բայց եթե որեւէ քաղաքական ուժ փորձում է ԲՀԿ-ի հաշվին դիվիտենտներ հավաքել, բնականաբար մենք դա թույլ չենք տա ու բնականաբար համարժեք պատասխան, եւ դեռ մի բան ավելին, լինելու է: Մենք որեւէ մեկի հանդեպ մեր հարգալից վերաբերմունքը չենք խախտել, մենք բոլորին համարում ենք արժանավոր, արժանապատիվ գործընկերներ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՀԻՎԱՆԴ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ
Երեկ Շուշիի ազատագրման եւ Երկրապահի օրվա առթիվ Եռաբլուր է այցելել նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը: Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է իրեն մոտեցող մուրացկան կնոջը Լեւոն Երանոսյանը վիրավորում. «Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես»,- իր շքեղ մեքենայի պատուհանից հայտարարել է ոստիկանության զորքերի հրամանատարը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել Լեւոն Երանոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է վիրավորել մուրացիկ կնոջը: Փոխոստիկանապետը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել. «Հիվանդ եմ ու հիմա էլ գտնվում եմ բժշկի սենյակում, ես չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել: Շատ զբաղված եմ»,- հայտարարեց Երանոսյանն ու անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ նման մի միջադեպ էլ տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ 2013 թվականի հունվարի 28-ին: Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները դարձյալ այցելել էին Եռաբլուր, որտեղ նրանց էր մոտեցել մի կին եւ լացելով խնդրել՝ լսել իրեն: «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,- նման կերպ էր արձագանքել Ս. Սարգսյանը արտասվող տիկնոջը: Ու զարմանալի չէ, որ Լ. Երանոսյանը իր գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի «ոճով» է երեկ արձագանքել օգնություն խնդրողներին:

 

ՎՆԱՍԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազությունը 2014 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից եւ ՀՀ բոլոր մարզպետարաններից պահանջել է իրենց ենթակայության տակ գործող դպրոցների աշխատակիցներին աշխատանքի վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարները վճարելու եւ փաստացի վճարված գումարների մասին տեղեկատվություն տրամադրել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերոնշյալ ՊՈԱԿ-ները դատախազության են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո սկսվել են ուսումնասիրություններ՝ պարզելու, թե որքանով են իրավաչափ եղել, օրինակ, աշխատանքից ազատելու մասին տնօրենների հրամանները եւ, առհասարակ, «արդյոք ըստ պատշաճի են վճարվել հարկադիր պարապուրդի գումարները»: Այս ամենի հետեւանքով հայտնաբերվել են մի շարք խախտումներ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ուսումնասիրությունների արդյունքում մի շարք ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից պետական բյուջե է վերականգնվել մոտ 4 միլիոն դրամ գումար:




Լրահոս