Ինչո՞ւ ընտրվեց հենց այս տաքսիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հին Հռոմում կիրառվում էր «հաց եւ տեսարաններ» հայտնի մեթոդը, որպեսզի հասարակական դժգոհությունը իրական խնդիրներից շեղվեր: Այդպես ավելի հեշտ էր կառավարել եւ կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հղի են պայթյունավտանգ իրավիճակների հեռանկարով:

Հայաստանի իշխանական դաշտը սպասարկող PR-շիկները պարբերաբար կիրառում են հնամենի այս մեթոդը՝ ամենակարեւոր պահերին տարբեր հետաքրքրաշարժ տեսարաններ բեմադրելով: Եւ այդ ճանապարհին բազում մարդկանց ճակատագրեր են խեղվում: Սակայն մեծ խաղերի մեջ մարդկային ճակատագիրը, ցավոք, փոքր նշանակություն ունեցող երեւույթ է:

Եւ, ահա, վերջին շրջանում Հայաստանում կարծես թե փոխվել են հին մեթոդները, եւ մեծ թափ է հավաքում «թրոլինգ» հասկացությունը: Նախ նշենք, որ «թրոլինգ» տերմինը առաջացել է վիրտուալ աշխարհի մասնակիցների ժարգոնից: Ու երբ բառացի թարգմանում ենք անգլերենից, ստացվում է «կարթով ձուկ եմ բռնում»: Եթե առավել ընդհանրական բնութագրենք, ապա ստացվում է վիրտուալ հաղորդակցման ռեսուրսներում սադրիչ հաղորդագրությունների տեղադրման գործընթաց, որը նպատակ ունի կոնֆլիկտային իրավիճակ ձեւավորել: Սա կարող է դրսեւորվել ամենատարբեր ձեւերով՝ սկսած չճշտված լուրերի հրապարակումներից, որոնք տարբեր սրության մեկնաբանություններ են ստանում, վերջացրած միտումնավոր արհեստական հերոսներ ստեղծելով, որպեսզի հասարակական ուշադրությունը շեղվի:

Ըստ համացանցային բացատրության՝ «թրոլինգին մոտ հասկացություն է գայթակղելը, սադրելն ու հրահրելը, այսինքն՝ գիտակցված խաբեությունը, զրպարտությունը, վեճի հրահրումը: Այն կարող է արտահայտվել ագրեսիվ, ծաղրական ու վիրավորական վարքագծով: Օգտագործվում է ինչպես անհատականացված մասնակիցների կողմից, ովքեր շահագրգռված են շատ ավելի ճանաչված, հանրային, ցնցող լինել, այնպես էլ անանուն օգտատերերի կողմից, որոնց ինքնությունը հնարավոր չէ բացահայտել»:
Հիմա փորձենք տեսությունն ու պրակտիկան համադրել՝ հասկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի քաղաքական, քարոզչական դաշտում: Քանի որ մեր երկրում տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է, նույնիսկ այն աստիճան, որ Հայաստանն այսօր, ըստ պաշտոնական թվերի, ապրում է «հետ գցած փողերով», ուստի անհրաժեշտ է հնարավոր պայթյունը թույլ չտալու համար ինչ-որ գործընթացներ սկսել: Եւ այնպես սկսել, որ դա չունենա հանկարծ քաղաքական երանգ, որպեսզի քաղաքական կուսակցությունները ոտքի չկանգնեն, եւ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Բանն այն է, որ դեռեւս կան քաղաքական դաշտում դերակատարներ, որոնք ուղղակի կախման մեջ չեն իշխանություններից:

Եւ այսպես, հասարակական-քաղաքական հարթակ բերվեց, օրինակ, մի տաքսու վարորդ, որին անգամ եթերաժամ տրվեց, եւ նա կարճ ժամանակում այնպիսի մասսայականություն վայելեց, որ դժվար էր նույնիսկ այն կանխատեսելու մասին մտածել: Ինչո՞ւ հենց տաքսու վարորդ: Թերեւս դժվար չէ հասկանալ, որ տաքսու վարորդների միջոցով է ինֆորմացիան ամենաարագը տարածվում քաղաքում կամ երկրում: Եւ երկրորդ՝ այդ քայլով փորձ արվեց քաղաքական դաշտի ներկայացուցիչներին ապացուցել, որ մասսայականություն վայելելը, լսելի դառնալը այնքան էլ բարդ բան չէ, ուստի մենք այլեւս քաղաքական գործիչների կարիք չունենք:

Այսինքն՝ տարբեր ոլորտներում կան կամ կծնվեն լիդերներ, որոնք կարող են գործընթացներ առաջ տանել: Եւ սա արվեց հենց համացանցային թրոլինգի միջոցով: Ամենատարբեր օգտատերեր սկսած ծաղրանքից, վերջացրած կոշտ վիրավորական արտահայտություններով ու լուրերով քննարկեցին տաքսու վարորդի կերպարը: Իշխանական որոշ լրատվամիջոցներ էլ նույնիսկ տաքսու վարորդի կենսագրության մանրամասներով նյութեր հրապարակեցին՝ թաքուն ծաղրելով նրա կերպարը:

Ու այս գործընթացը, որ թվում է, թե ինքնաբուխ է, իրականում օգտագործվեց ինֆորմացիոն դաշտի դերակատարների կողմից եւ մատուցվեց ցանկալի արդյունքին հասնելու համար: Իսկ ցանկալի արդյունքն այն էր, որ քաղաքական ու հասարակական դաշտը ապականվի, չլինի գեթ մեկը, որին թեկուզ քիչ, բայց վստահեն: Եւ այս մթնոլորտում հնարովի կերպարներն արագ իրենց տեղն են գտնում: Ահա թե ինչպես են Հայաստանում վերահսկողության տակ պահում քաղաքական ու հասարակական դաշտը, մինչեւ հստակ հրահանգ լինի՝ ապագա ծրագրերի առնչությամբ:

Թամարա Միքայելան




Լրահոս