ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը երեկ լիքն էր սկանդալային բացահայտումներով: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անուղղակի կերպով վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա ղեկավարած կառավարությանը մեղադրեցին լրջագույն հանցագործությունների մեջ:
Նախ՝ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե որքան գումար է ծախսվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 81,7 հազ. ֆերմերների համար անցկացված դասախոսությունների նպատակով: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, բնականաբար, հստակ պատասխան չտվեց՝ խոստանալով կոնկրետ թիվն ասել առաջիկայում: Փոխարենը այդ թիվը բացահայտեց Նաիրա Զոհրաբյանը: «Հայաստանի 81,7 հազ. ֆերմերների համար դասախոսություններ են անցկացվել, ու ծախսվել է 16,6 մլն դոլար»,-ասաց նա՝ հավելելով, որ միլիոնավոր դոլարների անարդյունավետ ծախս է եղել:
Ավելի ուշ, ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, հենց այս անարդյունավետ ծախսերի պատճառով էլ դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը, երբ պարզվել է, որ միայն դասախոսությունների համար նման ահռելի գումարներ են ծախսվել: Ճիշտ է, երեկ հնարավոր չեղավ պարզել՝ կթելուց առաջ կովի կրծքերը գոլ ջրով լվանալու եւ փափուկ սրբիչով չորացնելու վերաբերյալ հայտնի դասախոսությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ գումարից հոնորար ստացել է, թե ոչ: Բայց պարզեցինք մեկ ուրիշ հանգամանք. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տ. Սարգսյանն է:
Հաջորդ սկանդալային բացահայտումը վերաբերում էր գազամատակարարման ոլորտի վերաբերյալ կառավարության գաղտնի որոշումներից մեկին. կառավարությունը, թաքցնելու համար գազի գնի բարձրացումը, այն փոխհատուցում է՝ «Հայռուսգազարդ»-ում հայկական կողմի բաժնեմասերը ռուսներին տալով: «Տեւական ժամանակ է, ինչ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը՝ այն հասցնելով 240 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Այնինչ Հայաստանը մինչ այս վճարում էր 180 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Տարբերությունը փակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ չվճարված գումարի փոխարեն ՀՀ-ն կվճարի իր բաժնեմասով: Վերոհիշյալ նիստում որոշվել է «Հայռուսգազարդ»-ի Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20%-ը, վաճառել Ռուսաստանին 63 մլրդ դրամով: Նույն տեղեկությունների համաձայն՝ այս գործարքը կծածկի գնի տարբերությունը մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը, այդ օրվանից սկսած՝ Հայաստանն արդեն յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար պետք է վճարի 240 դոլար»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը չհերքեց այս լուրերը՝ ասելով, որ ՌԴ-ի հետ բանակցություններ են ընթանում, որոնց ավարտից հետո հանրությանը տեղյակ կպահվի: «Դուք թաքցրել եք այդ իրողությունը մի պարզ պատճառով. դա հայտնի դառնալու պարագայում բոլորը կհասկանան, որ նախագահական ընտրություններից առաջ փորձում եք գազի գնի աղետալի բարձրացումը թաքցնել՝ ակնկալելով մինչեւ ընտրություններ ցնցումների բացակայություն»,-ասաց Լ. Զուրաբյանը:
ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ